Թե ի՞նչ պատճառաբանությամբ են հրաժարվել ցուցմունք տալ, գողական կանոններո՞վ է ընդունված ցուցմունք չտալ՝ Երվանդ Վարոսյանը պատասխանեց, որ հենց այն նույն պատճառաբանությամբ չեն տալիս, ինչ ասացին դատարանում՝ իրենց մեղավոր չեն ճանաչում եւ ցուցմունք տալուց հրաժարվում են:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի (Երրոդմասցի Լյովիկ) եւ նրա ընկերներ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով դատական նիստն էր:
Սպանության մեջ մեղադրվողները՝ Սարգիս Գրիգորյանը (մականունը Ծգլ), Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե), Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) հայտարարեցին, որ չեն ընդունում մեղադրանքը, իրենց մեղավոր չեն ճանաչում եւ չեն պատասխանելու հարցերի:
Ամբաստանյալների շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը մեր հարցին` դա հատո՞ւկ մարտավարություն էր մշակվել՝ ոչ մի հարցի չպատասխանելը՝ պատասխանեց, որ այդ մարտավարությունը հին է եւ կիրառվել է ԱՄՆ-ում նախանցյալ դարից սկսած:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք՝ մինչեւ ե՞րբ են ամբաստանյալները հարցերին չպատասխանելու՝ նա պատասխանեց. «Դա իրենք են որոշելու, չեմ կարող ասել: Նախաքննության առաջին փուլից սկսած՝ իրենք ցուցմունք ընդհանրապես չեն տվել»:
Թե ի՞նչ պատճառաբանությամբ են հրաժարվել ցուցմունք տալ, գողական կանոններո՞վ է ընդունված ցուցմունք չտալ՝ Երվանդ Վարոսյանը պատասխանեց, որ հենց այն նույն պատճառաբանությամբ չեն տալիս, ինչ ասացին դատարանում՝ իրենց մեղավոր չեն ճանաչում եւ ցուցմունք տալուց հրաժարվում են. «Այն փուլում, երբ կհասնի իրենց հարցաքննության հերթը, գուցե որոշեն ցուցմունք տալ, ես չգիտեմ»:
Երբ մեղադրող կողմը ներկայացնում էր մեղադրական եզրակացությունը, ամբաստանյալները քմծիծաղ էին տալիս՝ ցույց տալով, թե այս ի՞նչ հեքիաթներ են պատմում: Մեր հարցին՝ այդ լռելն իրենց շահերին չի՞ վնասի, գուցե հակափաստարկ ներկայացնեն՝ Երվանդ Վարոսյանը պատասխանեց. «Թե իրենք դատարանում ինչպես են իրենց հույզերն արտահայտում, դա չի կարող ի վնաս իրենց օգտագործվել: Դատարանում կարող է օգտագործվել իրենց հայտնած դիրքորոշումն ու իրենց հայտնած ցուցմունքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ