Վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի բանավոր պայմանավորվածությունը խախտելու հետեւանքով այդ երկրի զինուժի կրած կորուստներն ավանդաբար կոծկվում են, բայց որոշ սպանված զինծառայողների տվյալներ, այնուամենայնիվ, հայտնվում են սոցցանցերում: Այսպես, Թարթառի շրջանում ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայող Էլմար Մամմեդովը (տես` լուսանկարում), որին արդեն հուղարկավորել են Բաքվում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:
«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եւ այս օրերին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր կորուստների մասին դեռևս իրական փաստեր չի հրապարակել և շարունակում է թաքցնել իրական թիվը։ Քառօրյա պատերազմից օրեր անց միայն Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց շուրջ 3 տասնյակ զոհերի և որոշ նյութական կորուստների մասին, ինչին հավատալը ուղղակի միամտություն կարող է լինել»,-նկատեց նա:
Մովսիսյանի բնորոշմամբ` այլ է իրողությունը սոցցանցերում և որոշ մեդիա-հարթակներում. «Մինչեւ այժմ արդեն հայտնի է շուրջ 100 սպանված զինծառայողի ինքնություն։ Պետք է նշել, որ անգամ այս դեպքում որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել։ Այսինքն, Ադրբեջանի ՊՆ չի հերքում այս թվերը՝ պահպանելով հանցավոր լռություն: Կորուստները կոծկելու համար հակառակորդի քարոզչամեքենայի կողմից կիրառվում են մի շարք մեթոդներ՝ ինքնասպանություն, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների խախտում, դժբախտ պատահարներ և այլն։ Այսինքն, փորձ է արվում ստեղծել կարծրատիպ, թե իբր հայկական զինված ուժերը չեն կարողանում խոցել ադրբեջանցի զինվորներին՝ դրանով իսկ փորձելով ներկայացնել հայկական բանակի «թուլությունը»։ Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը շարունակվում է ընթանալ ամենաբարձր մակարդակով։ Նախ, միանշանակ քարոզվում է, որ քառօրյա պատերազմի «մեղավորները» հայերն են և հենց հայերն են վերսկսել ռազմական գործողությունները: Այս կեղծիքն ասում է անգամ այն անձը, որն ինքն է տվել պատերազմ սկսելու հրամանը»:
Կարդացեք նաև
Մովսիսյանից հետաքրքրվեցինք` արդյոք կա՞ն փաստեր, որ կորուստների մի զգալի մաս վերաբերում է Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներին. «Քառօրյա պատերազմի ժամանակ և դրան հաջորդած օրերին հայտնի են դարձել ազգությամբ թալիշ, թաթ, լեզգի, ուդի, ավար և այլ տեղաբնիկ ժողովուրդներից զորակոչված եւ սպանված զինծառայողների անուններ։ Եթե համեմատում ենք այդ ժողովուրդների և սպանված զինծառայողների թվաքանակը, ապա կարելի է հասկանալ, որ շփման գծում առավել վտանգավոր գոտիներում նրանց ներկայությունը չի կարող լինել պատահական։ Իսկ թիկունքային զորամասեր են զորակոչվում ադրբեջանցիները, նկատի ունեմ` թուրք-ադրբեջանցիները»:
Մեր զրուցակիցը փաստեց, որ արցախյան հակամարտության ծագումից ի վեր Ադրբեջանական Հանրապետության իշխանությունները կեղծ փաստերով փորձում են հայերի հանդեպ թշնամանք սերմանել նաև տեղաբնիկ ժողովուրդների, այդ թվում` թաթերի, թալիշների, ուդիների և մյուսների շրջանում. «ԼՂ հակամարտության վերաբերյալ հայանպաստ հայտարարությունով է հանդես եկել «Շիրվանի ազատագրման ճակատը», որը կոչ է արել թաթերին և իրանախոս լեռնային հրեաներին չմասնակցել ալիևյան վարչակարգի կողմից հրահրած պատերազմին։ Ավտորիտար և բռնապետական երկրում, ինչպիսին որ Ադրբեջանական Հանրապետությունն է, հակաիշխանական բողոքի մեծ ալիքներ կազմակերպելը, համենայնդեպս` այսօր, կարծում եմ, իրական չէ։ Այդ երկրում հասարակ, անգամ ոչ հակաիշխանական փոքրաթիվ ցույցերն անմիջապես ցրվում են, որին հետևում են անգամ ձերբակալություններ։ Չեմ կարծում, որ մոտ ապագայում ինչ-որ հակաիշխանական ցույց կամ ալիք կարող է հասունանալ»:
Հարցին, թե ինչպիսի՞ն է տեղաբնիկների ազատագրական պայքարի տեսլականը` ԼՂ հակամարտության սրացման ֆոնին, ադրբեջանագետը պատասխանեց. «Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ԼՂ հակամարտությունում մենք առաջին հերթին պետք է ապավինենք ինքներս մեզ և մեր խնդիրը լուծենք մեր ճակատից։ Իհարկե, շատ ցանկալի կլինի, որ այլ ճակատներից ևս դա արվի, սակայն, ընդհանուր առմամբ, տեղաբնիկ ժողովուրդների մոտ ազգային ազատագրական պայքարի գաղափարը դեռևս հասունացած չէ։ Ես չեմ խոսում առանձին անհատների կամ կազմակերպությունների մասին»:
Ադրբեջանական հասարակության` ԼՂՀ-ի դեմ ուղղված ալիևյան քաղաքականության շուրջ տրամադրվածության մասին էլ Աշոտ Մովսիսյանն ասաց. «Հասարակական տրամադրվածությունները տարբեր են, բայց շատ են հնչում նաև դժգոհություններ և բողոքներ` Ալիևի քաղաքականության հասցեին։ Հակահայկական քարոզչության զոհ դարձած ադրբեջանական հասարակությունը քառօրյա պատերազմից հետո կարծես թե հասկանում է, որ ունեն բազմաթիվ կորուստներ և մեծ նյութական վնասներ, սակայն դրա դիմաց չունեն ոչինչ: Հատկապես շատ է խոսվում, որ սա «քաղաքական խաղ էր», և Ալիևը բնավ էլ նպատակ չուներ լայնածավալ պատերազմ սկսելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը` Աշոտ Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից