Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկ) եւ նրա ընկերներ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության գործի քննությունն էր՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Գաստիկը՝ Վահան Հակոբյանը, Ծգլը՝ Սարգիս Գրիգորյանը եւ Տլեն՝ Սարգիս Հախանումյանը մեղադրվում են 2015-ի մարտի 4– ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու, պահելու մեջ։
Մեղադրող դատախազները ներկայացրեցին մեղադրական եզրակացության
ամփոփիչ մասը: Սակայն ամբաստանյալները երբեմն-երբեմն, հատկապես լսելով այն հատվածը, որ Նորքի այգիներում տուն վարձակալելիս ասել են, իբր տատիկը մահացել է, իրենց եղբայրը հուղարկավորության են գնացել՝ քմծիծաղ էին տալիս ու ժպտում, հեգնում:
Կարդացեք նաև
Դատավորը, ամբաստանյալներից մեկին՝ Վահան Հակոբյանին հարցրեց. «Կանգնի՛ր, Հակոբյան, ձեզ պա՞րզ է արդյոք մեղադրական եզրակացությունը: Նա պատասխանեց՝ «Ոչ, չեմ պատասԽանելու հարցերի»:
Դատավորն արձագանքեց՝ ես հարց չեմ տալիս, ուղղակի ասում եմ՝ պա՞րզ է ձեզ մեղադրանքի էությունը, առաջադրված մեղադրանքում դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե մեղավոր եք ճանաչում, ապա ինչում եւ եթե մեղավոր չեք ճանաչում, ապա՝ ինչի համար: Նա պատասխանեց. «Ո՛չ»:
Դատավորը նույն հարցն ուղղեց մյուս ամբաստանյալին՝ Հախանումյանին: Նա պատասխանեց. «Օգտվելով իմ իրավունքից, հրաժարվում եմ հարցերին պատասխանելուց, մեղադրանքն էլ չեմ ընդունում, ինձ մեղավոր չեմ ճանաչում»:
Դատավորը հարցրեց՝ ինչո՞ւ մեղավոր չեք ճանաչում՝ նա պատասխանեց. «Որովհետեւ մեղավոր չեմ»:
Սարգիս Գրիգորյանը նույն պատասխանը տվեց՝ հրաժարվում եմ հարցերին պատասխանել, մեղավոր ինձ չեմ ճանաչում: Թե ինչի՞ համար՝ նա պատասխանեց. «Որովհետեւ կապ չունեմ դեպքի հետ»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 10-ին, ժամը 12.00-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ