Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները

Մայիս 03,2016 16:07

«Ըստ «Freedom House» միջազգային կազմակերպության այս տարվա զեկույցի՝ Հայաստանը մեկ նիշով հետընթաց է ապրել. մեր երկիրը դասվում է անազատ մամուլ ունեցողների շարքին: Կարծում եմ այս գնահատականը համապատասխանում է իրականությանը այն առումով, որ անցած տարվա ընթացքում լրագրողների նկատմամբ բազմաթիվ ֆիզիկական բռնությունների ականատեսը եղանք»,- այսօր՝ Մամուլի ազատության միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ տարածաշրջանում Հայաստանը մամուլի ազատությամբ զիջում է Վրաստանին, սակայն եթե չլինեին նախորդ տարվա դեպքերը, պարոն Մելիքյանը համոզված է, որ մենք այս տարի կունենայինք ավելի լավ ցուցանիշ՝ դասվելով կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքին. «Եթե չլինեին հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած լրատվամիջոցների նկատմամբ ֆիզիկական բռնությունները, ինչպես նաև դեկտեմբերի 6-ին Սահմանադրական հանրաքվեի օրը լրագրողների նկատմամբ մասնագիտական խոչընդոտումները՝ կարծում եմ՝ ավելի բարձր ցուցանիշ ցույց կտայինք»:

Ինչպես նկատեց պարոն Մելիքյանը, ԶԼՄ-ները խոչընդոտների են հանդիպում պատկան մարմիններից պաշտոնական, բաց տեղեկատվություն ստանալու դեպքում և այս առիթով այս տարի իրենց փորձագետների նախաձեռնությամբ սերտորեն համագործակցել են խմբագրությունների հետ՝ հարցումներ անելով, թե արդյոք կարողանում են պետական մարմիններից ստանալ հանրային նշանակության տեղեկատվություն: Հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանում ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները, ուստի այս պայմաններում դժվար է առաջընթաց արձանագրել: Տեղեկատվության ազատությունը սերտորեն կապված է զանգվածային լրատվամիջոցների, մասնավորապես, հայաստանյան մամուլի ազատության, դրանց կայուն զարգացման հետ: ԶԼՄ-ները տարբեր խնդիրների են բախվում պետական ատյաններից բաց ինֆորմացիա ստանալու դեպքում: Խոսքը բաց ինֆորմացիայի մասին է, ոչ թե պետական գաղտնիքի: Կան լրատվամիջոցներ, որ այդ խնդիրներին հանդիպելուց հետո սկսում են պարզապես չդիմել՝պատճառաբանելով, որ միևնույն է, պատասխան չեն ստանալու, սակայն սա սխալ է: Լրագրողը պետք է համառորեն հասնի նպատակին, ստանա անհրաժեշտ տեղեկատվությունը և տրամադրի հանրությանը»:

Պարոն Մելիքյանը փաստեց, որ այս օրը շատ լավ առիթ է խոսելու դաշտում տեղի ունեցող խնդիրներից և ավելացրեց, որ մամուլի ազատության վրա էական ազդեցություն ունեն տնտեսական և քաղաքական գործոնները. «Ծանր ֆինանսական վիճակը, կարծես, խրոնիկ հիվանդություն է դարձել մեր լրատվամիջոցների համար, դա ուղիղ կապ ունի տնտեսության հետ: Բայց դեռ 90-ականներին ասում էինք. պետք է բարենպաստ տնտեսական պայմաններ ստեղծել լրատվամիջոցների համար, որ անկախանան, կարողանան ավելի ազատ լինել: Սակայն մինչ այսօր այդ բարենպաստ պայմանները չեն ստեղծվել: Լրջագույն խնդիր է նաև քաղաքական ներազդեցությունը լրատվամիջոցների վրա: Դաշտը բաժանված է տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների և ավելի շատ սպասարկում է այդ լրատվամիջոցների տերերին կամ հովանավորներին, քան հասարակությանը»:

Պարոն Մելիքյանը խոսեց նաև ոլորտում անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների մասին. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը բարելավման կարիք ունի: Նախորդ տարվա դեկտեմբերին որոշ փոփոխություններ կատարվել են, բայց դրանք բավարար չեն: Անալոգային հեռուստատեսությունը փոխվում է թվային հեռարձակման, ուստի, գործող համակարգը հնացած է: Դաշտը պետք է շատ ավելի լիբերալիզացվի, և պարզեցված կարգով լիցենզիաներ տրամադրվեն, ինչը կխթանի մրցակցությանը, և բովանդակային առումով լրատվամիջոցներն ավելի մրցունակ կլինեն»:

Վերջում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը հավելեց, որ չնայած այս ամբողջ դժվարություններին՝ մեր լրատվամիջոցները, ընդհանուր առմամբ, կարողանում են հասարակությանը ներկայացնել այն կարևոր իրադարձությունները, որ տեղի են ունենում Հայաստանում և արտերկրում:

Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031