Ներկայումս Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է, ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթեր է արձակում մարզի պաշտպանական դիրքերի, բայց ոչ՝ սահմանամերձ գյուղերի վրա: Տավուշցի գյուղացիներն օգտվելով համեմատաբար անդորրից, զբաղվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքներով:
Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանից տեղեկացանք, որ Ադրբեջանին սահմանակից գոտում են գտնվում գյուղի խաղողի այգիներ, խոտհարքներ, աշնանացան ցորենի արտեր: Գյուղապետն ասաց, որ իր համագյուղացիները իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ սահմանին կից տարածքների մեծ մասը մշակում են, սակայն որոշ հողեր անմշակ են մնում:
Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը հայտնեց, որ Մովսեսի սահմանամերձ գոտում են գտնվում սեփականաշնորհված հողատարածքներ, այգիներ, դրանց մեծ մասը մշակվում է: Գյուղապետն ասաց, որ սահմանին առավել մոտ հողատարածքները, նախկին տարիների նման, չեն մշակվում: Մովսեսի սահմանագոտում չմշակվող տարածքները կազմում են շուրջ 60 հեկտար:
Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ գյուղի սահմանամերձ գոտում մշակովի հողատարածքներ են, այնտեղ այգիներ չկան: Այդ հողամասերում իրականացվել է աշնանացան ցորենի ցանք, ցորենի արտերը մոլախոտերից մաքրելու համար կատարել են քիմիական մաքրման աշխատանքներ: Գյուղապետ Բադիրյանը, որը 1990-ական թվականների ազատամարտի մասնակից է, ասաց, որ Վազաշենի հողերից 1500 հեկտարը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ադրբեջանցիները դրա մի մասը մշակում են, ցորեն են ցանել: Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի համայնքի լավագույն հողերը՝ շուրջ 1000 հեկտար, գտնվում են սահմանագոտում, չեն մշակվում:
Կարդացեք նաև
2015թ. հուլիսին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Կոթիում 27.5 հեկտար ցորենի արտ առանց հնձելու մնաց: Մի քանի օր առաջ կառավարությունը ակնկալված բերքի դիմաց փոխհատուցելու նպատակով արտերի տերերին մոտ 9 միլիոն դրամ տրամադրեց:
Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի հողերի մեծ մասը՝ ամենաբերրի հողերը, ավելի քան 700 հա, գտնվում են հայ-ադրբեջանական փաստացի սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի ձախ ափին, ադրբեջանցիների վերահսկողության տակ, նրանց կողմից են մշակվում: Բերքաբերցիներին մնացել են արհեստական լճի աջ ափին գտնվող հողատարածքները, ուր նրանք հացահատիկ են ցանել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ