WIR DANKEN EUCH!
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ՁԵԶ
Անցեալ հունիսի 21-ի առավոտյան, սովորականի պես, Ժնևից մեկնեցի դեպի Բեռն` Շվեյցարիայի Ազգային գրադարան: Ծրագրել էի առկա ուսումնասիրությանս համար շարունակել հետազոտությունս՝ օգտագործելով մասնավորաբար այն ամսագիրը, որ ժամանակին լույս էր ընծայել Շվեյցարիայի Հայասերների Միությունը: «Տեղեկություններ Հայաստանի մասին» խորագիրը կրող ընդարձակ ժողովածուն, հրատարակվել է 1916 թվականի հուլիսից մինչև 1944 թվականը, Բազելում: Երկար տարիներ ամսագրի գլխավոր խմբագիրն է եղել Էմմանուել Ռիկկնբախը՝ Շվեյցարիայի գերմանախոս շրջանում հայոց արդար իրավունքների նվիրյալ ջատագովներից մեկը: «Տեղեկություններ Հայաստանի մասին» ամսագիրը ոչ միայն նպատակ ուներ Շվեյցարիայի ընթերցասեր հասարակությանը լուրեր հաղորդել Հայաստանի, Թուրքիայում տեղի ունեցող ահասարսուռ իրադարձությունների և առհասարակ Մերձավոր Արևելքում տիրող անմխիթար իրավիճակի մասին, այլև իրազեկել շվեյցարացի բարերարներին, թե իրենց նյութական նվիրատվությունները որտեղ և ինչ նպատակներով էին տրամադրվում: Անսահման հետաքրքրությամբ էջ առ էջ թերթում էի ժողովածուն, կարդում սյունակներում տեղ գտած հոդվածների խորագրերը, ապա համակարգչիս մեջ իսկույն նշում բոլոր այն վկայությունները, որոնք կարող էին հատուկ կարևորություն ներկայացնել այն նյութի համար, որ նպատակադրվել էի ուսումնասիրել և վերածել մի հատորի:
Որոնումներիս ընթացքում, երբ թերթում էի 1932 թ. հունիսի` 57-րդ համարի էջերը, հայացքս կանգ առավ մեծադիր մի պատկերի վրա, որը կրում էր «Նպաստընկալ երեխաներ Բեյրութի գաղթականների ճամբարում» խորագիրը: Չորս որբերի՝ երկու աղջիկ և երկու տղա, ուղղահայաց դիրքով զետեղված լուսանկարների կողքին մգատառ տպագրված էր երախտիքի սրտառուչ արտահայտությունը. «Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ»: Անտարակույս, սույն պատկերը արտատպված էր շրջաբերական մի նամակից, որ շրջանառվել էր Շվեյցարիայի Հայասերների միության կողմից՝ շվեյցարացի նվիրատուների խիղճը կարիքավորների նկատմամբ ավելի զգայուն դարձնելու, և միաժամանակ, ուղղակի այս որբուկների բերանով նրանց շնորհակալություն հայտնելու համար:
Համակվեցի խորը հուզումով: Որբերի նայվածքի մեջ տեսնում էի անասելի մի թախիծ, վշտերի մի ամբողջ ծով և նահատակության պատմությունը ազգիս: Թվում էր, թե այդ երեխաները շղթայված էին միմյանց իրենց դառը ճակատագրով՝ մարդակերպ գազանների ձեռքով վայրագաբար հագնելով որբության կրակոտ շապիկը: Նրանք զրկված էին իրենց ծնողների գուրգուրանքից, ընտանեկան հարկի սիրասուն միջավայրից և այն ջերմությունից, որ յուրաքանչյուր անհատի կյանքում անհրաժեշտ է օդի ու ջրի պես՝ ապրելու, գոյատևելու և զարգանալու համար:
Բնականաբար առաջին անգամ չէր, որ հանդիպում էի նման տխուր պատկերների: «Մանկություն չունեցող երեխաներ», ահա այս էր առաջին խորհումը, որ ծագում էր մտքումս ամեն անգամ, երբ հանդիպում էի նման, երբեմն` ավելի ճնշող հոգեցունց նկարների:
Պարզ հետաքրքրությունն ինձ մղում էր կարդալու այս որբերի անունները, ովքեր իրենց ճակատագրի ամբողջ գորշության մեջ մի պահ հանկարծ հանդիպել էին մի հուսաժպիտ երանգի՝ դառնալով շվեյցարացի բարեգործների կարեկցանքի առարկան:
Ինքնաբերաբար, նույնիսկ մի փոքր անտարբերությամբ կարդացի երկրորդ նկարի կողքին արձանագրված բոկոտն մանչուկի անունը. Գրիգոր Թափանյան: Սարսուռի մի պաղ հոսանք անցավ ամբողջ մարմնովս: Տղայի անունը հարազատ էր ինձ, բայց դժվարանում էի հստակ մտաբերել: Ինչպե՞ս կարող էր պատահել, որ ես նույնպես սկսեի ակամա օղակավորվել ճակատագրի այս շղթայի մեջ, մի օղակ, որ խեղդվելու չափ սեղմում էր կոկորդս: Աստված իմ, մի փոքր շունչ խնդրեցի, առանց պատկերացնելու, սակայն, թե ի վերջո ինչ էր պատահել: Անցյալն էր, որ գերում էր ինձ, կյանքիս մեջ անտեղիտալիորեն դառնում ներկա, և աչքերիս առջև հառնում էր ընտանիքիս պատմությունից մի մաս, որ մինչ այժմ անծանոթ էր ինձ: Արդյոք կարելի՞ էր հավատալ, որ այս խեղճ որբի նկարի մեջ գտնելու էի հարազատ մորեղբորս: Ինչպե՞ս էր հնարավոր, որ նա հայտնվելու էր շվեյցարական մի ամսագրի էջերում, իսկ տարիներ անց ես, թեկուզ և այս հեգ նկարի միջոցով, հանդիպելու էի նրան Շվեյցարիայի Ազգային գրադարանի հարկի տակ: Նկարի ներքո զետեղված համառոտ կենսագրությունն այլևս կասկածի տեղիք չի տալիս. «Գրիգոր Թափանյան, յոթ տարեկան, տառապում է մալարիայով, հայրը մահացել է, մայրն աշխատում է իբրև աղախին՝ փորձելով հայթայթել մյուս երկու երեխաների ապրուստը»:
Նույն օրը երեկոյան, երբ վերադարձա Ժնև, իսկույն զանգահարեցի Դալլասում բնակվող մորեղբորս՝ Գրիգորի այրիին, պարզածս պատմությունը վերջնականապես ստուգելու համար: Քեռակինս հուզմունքից փղձկաց և պատմեց, որ մորեղբայրս իր մանկության օրերին իսկապես վայելել էր այն շվեյցարացի բարեգործների խնամքը, որոնք Լիբանանում օգնության ձեռք էին մեկնել ցեղասպանությունից վերապրած հայ ժողովրդի վտարանդի զավակներին: Արդարև, մարդկության այդ հզոր վկաներից և հազարավոր հայերի կյանքը փրկող շվեյցարացի մեծ հերոսներից մեկը եղել է Յակոբ Քյունցլերը՝ Շվեյցարիայի Ավետարանական Եկեղեցու մի համեստ սարկավագ, ընդամենը մի հիվանդապահ, ով 1899 թ. Դեկտեմբերից մինչև 1922 թ. Ուրֆայում անգնահատելի ծառայություններ է մատուցել տեղի հայությանը: Ի վերջո, իր կնոջ՝ Էլիզաբեթի հետ նա հետևում է տարագիրների բազմությանը և Լեռնալիբանանի Ղազիր ավանում «Ամերիկայի Մերձավոր Արևելքի նպաստամատույց ընկերության» օժանդակությամբ ոչ միայն կարողանում է հիմնել որբանոց, այլ իր մի շարք բարեսիրական աշխատանքներին կից, հաճախակի այցելելով Արևելյան Բեյրութի ծովեզրյա Նահր[1] կոչվող շրջանում ապաստանած հայ գաղթականների ճամբարները, ձեռնարկում է բազմաթիվ կարիքավորների, մասնավորապես՝ հիվանդներին, ծերերին, այրիներին և երեխաներին պարենամթերք հայթայթելու և սննդեղեն մատակարարելու աշխատանքներ: Մարդասիրական իր այս առաքելությունը իրականացնելու համար նա բնավ չի խորշել անձանձրույթ դիմելու Շվեյցարիայում իր համաքաղաքացիների և բազելցի բարեկամների օժանդակությանը, երբ պետք էր նրանց համոզել, շարժել նրանց գութը, նույնիսկ հոգևոր-բարոյական հրամայականի առջև դնել, որպեսզի անտուն մնացած գեթ մի հայ, այրի կամ որբ իր ձեռքին ունենար հանապազօրյա մի կտոր հաց: Ահավասիկ այսպես է, որ մորեղբորս, ինչպես նաև մյուս երեք հայ երեխաների լուսանկարները հասել են Շվեյցարիա, որպեսզի կարոտյալների երախտիքի հոգեցունց կոչը նվիրատուներին փոխանցվեր զրկանքի սև թաթի տակ հեծող այս տխրադեմ որբերի բերանով:
Մորս ընտանիքի պատմությունից ինձ ավանդվել են լոկ մի քանի պատառիկներ: Արդարև, ծովի հատակը ընկղմված մի նավի կոտրտված հսկա կայմից մնացած հատուկտոր փշուրների կամ երբեմնի լայն առագաստից դեռևս ջրի վրա ծփացող ծվենների նման, ո՞ր մի հային էր վիճակված իբրև ավանդ ունենալ ավելին՝ իր ցեղի բովանդակ ծագումնաբանությունը: Եղեռնից վերապրած սերունդը հազիվ էր կարողացել ազատել իր կյանքը՝ ստիպված լինելով իր պապերի հետ մահվան և անհետացման ավազուտի մեջ թողնել նաև իր անցյալն ու տոհմի պատմությունը: Մինչ այդ, ես միանգամայն անտեղյակ էի մորեղբորս ճակատագրի պատմության այն հատվածին, քանի որ մեր ընտանիքում մեծերը չէին անդրադառնում իրենց կյանքի վաղ շրջանի տխուր էջերին: Եվ սա պարզապես այն պատճառով է, որ անցյալը հիշելով և հատկապես պատմելով անբաղձալի դեմքերը և տխուր դեպքերը վերակենդանանում են, դառնում են ներկայություն և հին ցավերը վերստին խոցում են, իսկ այսպես տառապանքը կրկնակի է ապրվում:
Հայոց ցեղասպանության դժնդակ օրերին հաճնցիների տարագրությունից հետո որբացած երեխաների մեջ էր նաև մահվան ճիրաններից մազապուրծ Արշալույս տատիկս, ով տարբեր ճամբարներով եւ ուղղակի հրաշքով հազարավորների հետ գալիս է Լիբանան և ապաստանում Արևելյան Բեյրութի Նահր շրջանի հայ գաղթականների միջավայրում: Իսկ, պապս` Մինասը, փրկվել է անապատաբնակ արաբ բեդվինների շնորհիվ, որոնք վերցնելով և խնամելով պատանուն, կարգել են իրենց ուղտերի պահապան: Երբ նա հասնում է երիտասարդ տարիքի, բարեխիղճ բեդվինը, օրապահիկ տալով, ազատ է արձակում նրան, որպեսզի գնա Լիբանան, ամուսնանա իր ցեղից մի կնոջ հետ և այսպես միանա իր ազգին: Հասնելով Բեյրութ՝ պապիկս իր ցեղակիցներին գտնում է գաղթականների ճամբարների ընչազրկության և ծով կարիքների մեջ, բայց կյանքի բազմատեսակ դժվարությունների դեմ պայքարելու ոգին և վերապրելու անկոտրում կամքը գերազանցապես առկա էր ոչ միայն անձամբ իր, այլ նաև թշվառների այդ հոծ բանակի մեջ: Տեղի ունեցած դժբախտության և ճակատագրի կործանարար հարվածներին հակառակ, վտարանդի «հայոց հոտը» անտերունչ լքված չէր Լիբանանի՝ թեպետ հյուրընկալ, բայց տակավին օտար միջավայրի մեջ: Գաղթական հայության ազգային առաջնորդներին և պատասխանատու անձանց նոսրացած խումբը անվհատ այցելում էր նրանց՝ վիճակագրելու, մխիթարելու, հոգալու, ձեռք մեկնելու այն քչից, որ ուներ՝ փորձելով դարմանել իր հայկազուն ժողովրդի անհամար վերքերը: Այսպիսի առաջնահերթ և տարատեսակ պարտականությունների շարքում նրանք հետամուտ էին նաև ազգի ժողովրդագրական պատկերի բարելավմանը, ուստի ցեղի շարունակությունը, հայ ընտանիքի աճը ապահովելու և գաղթականների ընկերային-հասարակական կենցաղը վերակազմակերպելու հեռանկարով, հասունացած համապատասխան զույգերին քաջալերում էին ամուսնանալ և կազմել իրենց հայաշունչ ընտանիքները: Հենց այդ պահին է, որ մի քաջասիրտ տեր հայր, ընդհանրական պսակի խորհրդակատարությամբ, գաղթականների ճամբարի համեստ պայմաններում ուրիշների հետ օրհնում է նաև պապիս և տատիս՝ Մինասի և Արշալույսի ամուսնությունը:
Իր առաջնեկ երկու երեխաների՝ Օվսաննայի և Գրիգորի ծնունդից հետո Մինաս պապս որոշում է մեկնել Արգենտինա՝ իր երիտասարդ ընտանիքի համար ավելի ապահով կյանք և բարեկեցիկ պայմաններ ստեղծելու համար: Բուենոս Այրեսում նա յուրացնում է լուսանկարչության արհեստը և լուսանկարչական եռոտանի գործիքն ուսին շրջում քաղաքի թաղամասերով և արվարձաններով՝ իր օրապահիկը վաստակելու համար: Դեռ կենդանի և թարմ գույներով եմ հիշում Արշալույս տատիս պատմած այն դրվագը, որ պապիկս Հաճնի բարբառով Արգենտինայից իրեն նամակներ էր ուղարկում, որոնցում գովաբանում էր իր ընտրած նոր միջավայրում քաղաքակըրթության և ճարտարապետության ձեռք բերած հսկայական նվաճումները՝ դրանք համեմատելով Բեյրութի այդ ժամանակվա համեստ պայմանների հետ: «Էչքը կոյնօ ընտաս լամբայի լիսին, հէստիղի պօտին կուճօկը կու կոխես, թիմ էթրաֆը լիս կուննօ»,- գրում էր պապս, որ նշանակում է. «Աչքը կուրանա այդ լամպի լույսին[2], այստեղ պատի վրայի կոճակն ես սեղմում, ամեն տեղ լուսավորվում է»:
Այս նախադասությունը ես հաճախ կրկնել էի տալիս տատիկիս՝ երեխայաբար զվարճանալով Հաճնի բարբառի և արդի աշխարհաբարի միջև եղած խոշոր տարբերության վրա: Ինչպես կարող էի այդ ժամանակ գիտակցել և արժևորել, որ յուրաքանչյուր բարբառ իր մայր լեզվաընտանիքի անզուգական հարստությունն է. այն իր մեջ խտացնում է ժողովրդի պատմությունը, ինքնությունը, ավանդույթներն ու սովորությունները, մի խոսքով՝ մշակութային հարուստ արգասիքը: Այսօր խորապես ափսոսում եմ, որ ֆիզիկապես կտրված լինելով մեր մայրենի հողից, զրկված խրոխտ Տավրոսի զմրուխտ գեղեցկությունից, մեր հայրենի Կիլիկիայի փառերգի բառերով` «արև պարգևող մեր աշխարհից», նույնիսկ այնտեղ՝ մեր պապերի աճյունների կողքին ննջելու իրավունքից, դատապարտված ենք կորցնելու մեր մայրենի լեզուն և բարբառը, ազգային ավանդությունը, մշակույթը և ինքնությունը: Արդյոք կկարողանանք պահպանել գոնե մեր հավաքական հիշողությունը, թե՞ ժամանակի բռնակալ քայքայման մեջ, ինչպես ասում է Ռ. Որբերյանը. «յիշատակն ալ կ’անցնի երգի մը նման»:
Արգենտինա մեկնելու նախօրյակին պապիկս հավատում էր, որ Բուենոս Այրեսում իր ընտանիքի հետ վերամիավորման համար երկարատև ժամանակամիջոցի կարիք չի լինի: Քանի որ իր կինը հղի էր երրորդ երեխայով, նա ձեռնարկում էր բոլոր հնարավոր միջոցները հնարավորինս շուտ նրանց Արգենտինա տեղափոխելու համար: Սակայն դժխեմ ճակատագիրն այլ կերպ է ընթանում. օրերն ու ամիսները ձգվում էին և տատիկս իր ամուսնուց հեռու, նյութական դժվար պայմանների մեջ ծննդաբերում է մի աղջիկ, ով հետագայում լինելու էր իմ մայրը: Տատիկս իր նորածնին կոչում է Եղիսաբեթ՝ տարագրության մեջ մահացած իր մոր անունով, և այս մասին նամակով հաղորդում է պապիս: Կրկնակի ուրախությամբ ողջունելով իր դստեր ծննդյան և անվանակոչության լուրը՝ նա պատասխանում է, որ իր վաղամեռիկ մոր անունը նույնպես Եղիսաբեթ է եղել, հետևաբար նորածնի անվան մեջ հիշատակվելու էին նահատակ երկու մայրերը:
Պապիկիս՝ քրտինքով վաստակած և Բեյրութ ուղարկած գումարով տատիկս երկու անգամ փորձում է մեկնել Բուենոս Այրես, բայց Մարսելի պատկան պաշտոնյաներից մերժում ստանալով՝ ստիպված է լինում իր երեք զավակների հետ վերադառնալ Բեյրութ: Այս կրկնակի ձախողումների հիմնական պատճառը եղել է մորեղբորս վտիտ և խաժախտով տառապելու փաստը, ինչն այդ ժամանակ Բեյրութի գաղթականների ճամբարներում շատ տարածված աչքի հիվանդություն էր, որը ոչ միայն վարակիչ էր համարվում, այլև չբուժելու պարագայում հիվանդին կարող էր կուրության հասցնել: Մարսելի նավահանգստի պաշտոնյաները լրջորեն կասկածում էին, թե պատանին կկարողանար դիմանալ բաց օվկիանոսի վրա նավով երկարատև ճամփորդությանը:
Որոշ ժամանակ անց Բեյրութ է հասնում պապիս մահվան գույժը: Ծանր աշխատանքը, ընտանիքի համար ծայրահեղորեն խնայելու որոշումը, սննդի պակասը հյուծել էին նրան և թոքաբորբի հետևանքով հասցրել մահվան: Իր երեք որբերին պահելու համար տատիկս, աշխատելուց և իր ճակատի դառը քրտինքով իր հացը վաստակելուց բացի, այլ ելք չուներ: Լիբանանցի արաբ պետական մի պաշտոնյայի բազմանդամ ընտանիքում դայակի, խոհարարի, հավաքարարի և տան խնամատարի ծանր և երկարատև ծառայությունը ստիպում է նրան իր զավակներին հանձնել որբանոցի խնամքին: Նկատի ունենալով, որ մայրս այդ ժամանակ դեռ ընդամենը երկու տարեկան էր, որբանոցի տնօրենությունը մերժում է նրան ընդունել, քանի որ փոքրիկների խնամքի համար ավելի մեծ պատասխանատվություն էր պահանջվում: Ճարահատ տատիկս, սակայն, չի հուսահատվում, այլ օրնիբուն նստելով որբանոցի մուտքի առջև, աղի արցունք է թափում, աղերսում այնքան ժամանակ, որ ճմլվում են անգամ պաշտոնյաների քար սրտերը, ովքեր, ի վերջո, բացառություն են անում իր աղջնակի համար:
Որբանոցի դպրոցն ավարտելուց հետո Օվսաննա մորաքույրս հետագա մի քանի տարիների ընթացքում իբրև դաստիարակ ծառայում է նույն որբանոցում: Ամուսնանալով բողոքական համայնքից մի հայ երիտասարդի հետ՝ առաջին իսկ ներգաղթի ժամանակ մեկնում է Խորհրդային Հայաստան: Բնակվելով Երևանում՝ նա դառնում է հայաշունչ մի ընտանիքի բազմազավակ մայր՝ հետագայում ունենալով շատ թոռներ և ծոռներ:
Մանկությանս օրերին անհուն ուրախություն էի ապրում ամեն անգամ, երբ մորեղբայրս՝ Գրիգորը, ով դարձել էր բեռնատարների հմուտ մեքենագործ, իր ընտանիքով այցելում էր մեզ՝ նշելու Ս. Ծնունդն ու Զատիկը, ինչպես նաև՝ ազգային-եկեղեցական մյուս տոները, որոնք լիբանանահայ մեր ընտանեկան-հասարակական կյանքում առանձնահատուկ նշանակություն ունեին: Դրանք կազմում էին մեր հայեցի գոյության էական մասը, ներշնչում ազգային ինքնություն ու մեր մեջ կոփում պատկանելության հզոր գիտակցություն՝ մեր հոգին և արյան ամեն մի բջիջը կապելով հայրենի հողին, մշակույթին, քրիստոնեական կրոնին ու պատմությանը: Ընտանեկան հավաքի և տոնակատարության այսպիսի ուրախալի առիթներով, տատիկս մեծ ոգևորությամբ ազգային քաղցրավենիքներ էր պատրաստում և մենք բոլորս՝ մեծից փոքր, հաճույքով ճաշակում էինք սեղանի բարիքը՝ մի անմահ հիշատակ հայկական հյուրընկալ օջախի ճոխությունից: Ճաշից հետո, երբ մեծերը սուրճ ըմպելով կամ ծխախոտ ծխելով տարվում էին իրենց քաղաքական զրույցներով և իրենց առօրյայի հետ կապված հարցերով, ինձ տարեկից զարմիկիս՝ Ստեփանի հետ հաճախ խոսում էի այն մասին, թե ինչ կցանկանայի դառնալ ապագայում կամ ինչպիսի մասնագիտություն պիտի ընտրեի հաջողակ անձ դառնալու համար: Այդ ժամանակ մտքովս բնավ չէր անցնում, որ մի օր դառնալու էի օծյալ քահանա, ազգիս հոգևոր սպասավորներից մեկը: Բայց Նախախնամությունը դեռ պատանի տարիքում քայլերս առաջնորդեց դեպի Սուրբ Էջմիածին, որտեղ երջանկահիշատակ Վազգեն Ա. Կաթողիկոսի ձեռքով ձեռնադրվեցի հոգևորական՝ ճակատիս օծման հետ ընդունելով անջնջելի նոր ինքնություն, իսկ էությանս մեջ վսեմ և մշտնջենավոր մի կոչում:
Այդ օրերին էր, երբ մորաքույրս այցելեց ինձ: Ես բոլորովին իզուր հանդգնեցի հարցնել իրեն, թե ինչու է անդամակցում Երևանի Հայ բողոքական համայնքին ու հաճախում նրանց ժողովարանը: Մորաքույրս բարեհամբույր մի ժպիտով նայեց ինձ ու ասաց. «Տղա՛ս, Տիրոջ առջև մենք բոլորս մեկ ենք: Մեծ եղեռնի օրերին մեր դարավոր թշնամին մեզ չհարցրեց, թե մեր մեջ ով է առաքելական, կաթոլիկ կամ բողոքական: Նրանք ջարդեցին անխտիր, քանի որ բոլորս քրիստոնյա հայեր էինք՝ բոլորիս որբ և հայրենիքից վտարանդի դարձնելով: Եվ եթե նենգ ոսոխը տարբերություն չի դնում մեր միջև, ապա ինչու մենք, որ մեկ Տիրոջ և հավատքի զավակներն ենք խտրականության ենք ենթարկում իրար, անհաշտ բաժանումներ ստեղծելով ազգի մեջ: Քրիստոնեությունը հավատքի և սիրո դաս է, որ կարող է աճել անձի հոգու և սրտի մեջ և պտուղ տալ հատկապես ազատության շնորհած պայմաններում: Յուրաքանչյուր քրիստոնյա անձ սրանով է, որ սնվում և ուժ է առնում, օժտվում բարոյական կատարելությամբ և իր մեջ կերտում մաքուր խիղճ և ազնիվ նկարագիր: Մոլեռանդությունն ու ծայրահեղությունները, լինեն դրանք գաղափարախոսական, վարդապետական կամ կրոնական, կաշկանդում են մարդու հոգին և ընտրելու ազատությունը` կրոնի պարգևած մեծագույն արժեքը, և այսպիսով, հավատացյալ անհատին զրկում են իր Տիրոջ և Արարչի հետ մշտապես հաղորդակցվելուց: Երևանում ես այցելում եմ նաև Հայ առաքելական եկեղեցիները, բայց քանի որ փոքր տարիքումս վայելել եմ բողոքական դաստիարակների խնամքը, սիրում եմ նրանց պարզ աղոթքներն ու դյուրամատչելի աշխարհաբարով կատարվող հոգևոր երգերը: Այո´, Հայ եկեղեցու աղոթքներն ու շարականները գեղեցիկ են ու ներշնչող, բայց գրաբարի պատճառով շատ քիչ բան եմ հասկանում դրանց բովանդակությունից»:
Հետաքրքրականն այն է, որ մորաքույրս, ինչպես նաև մորեղբայրս ու մայրս, հակառակ որբանոցում իրենց ստացած բողոքական կրթությանը, բոլորն էլ պսակվել են Հայ առաքելական եկեղեցում, իսկ հետագայում իրենց զավակներին կնքել են նրա սրբազան ծեսի և ավանդությունների համաձայն: Այս փաստն է՛լ ավելի է բարձրացնում Յակոբ Քյունցլերի և իր կնոջ, ինչպես նաև մյուս մարդասերների բարոյական արժեքը` մեծ պատիվ բերելով իրենց երկրին, ազգին և կրոնական հաստատություններին: Արդարև, նրանք հազարավոր ցավատանջ որբերին չմոտեցան մարդորսական նկրտումներով, այլ Ավետարանի օրինակի համաձայն, որպես նոր բարի սամարացիներ հոգացին նրանց մասին իրենց մաքուր հավատքի և մարդասիրական անկեղծ զգացումների մղումով:
Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին, երբ մոլեգին ինքնակործանումը և մահը թևածում էին այդ գեղածիծաղ երկրի վրա, շատ լիբանանահայերի նման մորեղբայրս էլ բռնեց արտագաղթի ճամփան և 1897 թվականին իր ընտանիքի հետ ընդմիշտ հաստատվեց ԱՄՆ Դալլաս քաղաքում: Մի այցի առիթով բարեբախտություն ունեցա այնտեղ մկրտելու իր անվամբ Գրիգոր անվանակոչված թոռնիկին` իր հետ կիսելով իր ընտանիքի աճի անսահման ուրախությունը: Այս պահին ևս մեկ անգամ նայում եմ Բեյրութի գաղթականների ճամբարում հավաքված հեգ որբերի նկարին, զննում եմ մորեղբորս` երբեմնի այդ խեղճ տղայի տխուր դեմքը: Բայց տարօրինակ է, որ այս անգամ ոչ թե հուզումն էր, որ ընկճում էր ինձ, այլ հիացմունքի խանդավառող մի զգացում համակում էր ողջ էությունս: Հիացմունք` իր և իր պես հայ սերնդակիցների վերապրելու քաջության վրա։ Հիացմունք` սև ուժերի դեմ նրանց մղած հաղթական պայքարի վրա։ Հիացմունք` նրանց գրանիտե հավատքի և պայծառ լավատեսության հանդեպ. հոգեպես կառչած մնալ կյանքի անընդմիջելի և անկործանելի խորհրդին և ճակատագրի անողոք հարվածներից հետո վերստին կարողանալ ոտքի կանգնել, անդիմադրելի վճռականություն ունենալ ոչ միայն հիմնելու իրենց հայաշունչ ընտանիքը, այլ նաև նոր սերնդին փոխանցելու ազգի ոչնչացումից և կորստից փրկված ավանդը:
1915 թվականին հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության, ինչպես նաև հետագա տարիներին, նամանավանդ 1920 թվականի հոկտեմբերին Հաճնում թուրք ազգայնականների կատարած ահավոր կոտորածի և Կիլիկիայի հայաթափման հետևանքով հայրենազուրկ դարձավ նաև իմ ընտանիքը` զրկվելով ապրուստի և գոյատևելու իր բոլոր միջոցներից: Ցեղասպան թուրքը հափշտակեց արժանավայել կյանք ապրելու իրավունքը, բայց մարդասիրական այն սրտաբուխ օժանդակության շնորհիվ, որ շվեյցարացի ժողովուրդը ցուցաբերեց կարևեր հայության նկատմամբ, վերապրողների հետ նաև ընտանիքիս շնորհվեց գոյատևելու և հետզհետե բազմանալու եզակի բախտը: Հակառակ ճակատագրի հասցրած դաժան հարվածներին, երբեմնի մեր մեծ ընտանիքի մի փոքր բեկորը իր աշխատանքով և իր ճակատի արդար քրտինքով ապրեց իմաստալից մի կյանք: Այսօր այն աճում և զարգանում է Հայրենիքի և Սփյուռքի տարբեր քաղաքներում` Երևան, Դամասկոս, Բեյրութ, Դալլաս, Լոս Անջելես, Տորոնտո, Ֆրանկֆուրտ և Ժնև:
Իբրև երբեմնի մահվան դատապարտված այս ընտանիքի ժառանգորդներից մեկը՝ միանգամայն տեղին եմ համարում այստեղ համակ երախտագիտությամբ ջերմ սրտիս սիրո խորքից շվեյցարացի ժողովրդին և իր հայասեր բարեգործներին անկեղծորեն ասելու` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՀԱՅՏՆՈՒՄ ՁԵԶ:
Դոկտ. Աբել Քհն. Մանուկյան
[1] Նահր արաբերենում նշանակում է գետ։ Նկատի ունենալով, որ այդ տարածքում հոսում է Բեյրութ գետը, բնակիչներն այդ ամբողջ շրջանը կոչել են Նահր։
[2] «Աչքը կուրանա այդ լամպի լույսին»։ Ոճային այս դարձվածը Հաճնի բարբառում նշանակում է. «հանգի՛ կամ կորչի՛ այդ լամպի լոյսը», նկատի ունենալով, որ լամպի պատրույգը վառվում է քարյուղով կամ ձեթով, իսկ դրա սփռած լույսը, համեմատելով ելեկտրական լույսի հետ, շատ տկար կամ աղոտ է լինում։