Մայիսի 1-ին Երևանի կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Պ. Ի. Չայկովսկու անվան հատուկ երաժշտական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի, «Վերածնունդ» 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր Եվա Ադումյանի մենահամերգը:
11-ամյա փոքրիկ դաշնակահարուհու համերգային ծրագիրն անչափ ընդգրկուն էր և բարդ, ճաշակով ընտրված նյութերը փոքրիկ աղջնակը ներկայացրեց մեծ վարպետությամբ, պատասխանատվությամբ ու նվիրումով:
Լինելով անչափ հայրենասեր՝ նա իր մենահամերգը սիրով նվիրեց արցախյան վերջին օրերի ազատամարտի նահատակներին և դիրքերում կռվող հայ զինվորներին:
Նրա նվագը ներծծված էր անսահման զգացմունքայնությամբ, հուզականությամբ ու սիրով:
Կարդացեք նաև
Բախ, Կրամեր, Շոպեն, Շուբերտ, Հայդն, Բաբաջանյան…
Աշխարհահռչակ երգահանների ստեղծագործություններն ընտրված էին նրա հմուտ ղեկավարների՝ Նաիրա Աբրահամյանի և Լորետա Տեր-Սիմոնյանի անմիջական օգնությամբ և ղեկավարությամբ:
Եվա Ադումյանն իր բնածին տաղանդի, յուրօրինակ աշխատասիրության և համառության շնորհիվ դեռ նվաճելու է շատ ու շատ բեմեր և այսօրվա համերգի նման՝ բուռն ծափահարություններ:
Շողիկ ՔՈՉԱՐՅԱՆ