Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյան. «Ժամանակին ինքս էլ ասպիրանտուրայից եմ բանակ գնացել»

Մայիս 03,2016 14:57

Aravot.am-ը ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճաններ շնորհող ԵՊՀ 015 խորհրդի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է այն օրինագծի վերաբերյալ, ըստ որի ուսանողներին չպետք է տրվի տարկետում, եւ 18 տարին լրացած արական սեռի բոլոր ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում: Պարոն Սարգսյանը նշեց, որ հարցը պետք է լուծվի համապարփակ քննարկումների արդյունքում:

«Այն օրինագիծը, որի մասին խոսակցություններ կան հեռուստաեթերում եւ գիտակրթական հարթակում, նոր չէ, պարզապես նոր շնչառություն է ձեռք բերել՝ կապված պատերազմական վերջին գործողությունների հետ: Չէի ասի, որ դա փոքր երկրի բախտն է, բայց մենք ունենք Իսրայելի եւ մյուս երկրների օրինակը, երբ տղամարդկանց հայրենանվեր գործունեությունը տեսնում ենք նաեւ այդ կտրվածքով»:

Մեր հարցին՝ արդյոք բանակից հետո երիտասարդների մեծ մասը կուզենա՞ կրթությունը շարունակել եւ անգամ զբաղվել գիտությամբ, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Ես չէի ուզենա միլիտարիզացված պետություն ունենայինք, բայց ինչ-ինչ ասպեկտներ պետք է պահպանվեն՝ բանակի կարիքների համար, տնտեսությունը պետք է ունենա կառուցվածքային որոշակի տեղաշարժ՝ պետական կարիքների համար, պաշտպանիչ համակարգերի գծով գիտությունը պետք է զարգացնել՝ ձեւավորելով եւ գործարկելով ռազմաարդյունաբերական համալիրը: Իրերի բերումով կարող է այնպես ստացվել, որ մենք դեռեւս երկարաժամկետ կարող է ունենանք դժվարին պայմաններ տնտեսությունը զարգացնելու համար՝ նկատի ունեմ շրջափակման պայմաններում տրանսպորտային հանգույցները լրացուցիչ վերադիր ծախսեր կարող են ենթադրել մեր գործարարների համար, այդ պատճառով տնտեսությունում առաջանում է կառուցվածքային տեղաշարժերի անհրաժեշտություն:

Ինչ վերաբերում է բանակում ծառայելուն, այլ երկրների փորձը կա, որ բանակում ծառայածը բնավ էլ չի կորցնում լուրջ գիտությամբ զբաղվելու հնարավորությունը, աշխարհամարտերի ժամանակ զորակոչված մարդիկ դարձել են համաշխարհային կարգի գիտնական…

Արդեն նշեցի, որ խնդիրը պետք է համապարփակ քննարկվի: Բացի այդ՝ չի կարելի ասել, որ առանց բացառությունների բոլորը պետք է ծառայեն: Որոշակի շնորհներ ունեցած անձանց՝ միջազգային օլիմպիադաներում հաղթածներին, տաղանդավոր ջութակահարներին եւ այլն, հստակ չափանիշներով կարող են տարկետում տալ, մանավանդ այդպիսի երիտասարդների թիվը մեծ չէ:

Իմիջիայլոց, գուցե անհամեստ թվա, բայց հանգամանքների բերումով ինքս էլ ասպիրանտուրայից եմ բանակ գնացել, իմ ուսումը ժամանակին ընդհատվել է՝       բանակում ծառայելով: Համոզված եմ, որ 18 տարեկանի կյանքում 1-2 տարին կորուստ չէ, այն կարող է նույնիսկ օգտակար լինել:Ամենատարբեր կոռուպցիոն ռիսկերը կարող են վերանալ: Բացի այդ այսօրվա բանակը կարիք ունի ամենատարբեր մասնագետների՝ սկսած մշակույթի ոլորտից, վերջացրած ռազմատեխնիկականով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031