2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլում բարձր արդյունք ցուցաբերած 45 աշակերտներ պարգևատրվել են առաջին կարգի դիպլոմներով։
Երևանի քաղաքապետարանի դիպլոմներով պարգևատրվող աշակերտները մայրաքաղաքի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների, ինչպես նաև Ֆիզմաթ, «Քվանթ», Մ. Մելքոնյանի անվան վարժարանների, Ա. Շիրակացի ճեմարանի, Մ. Մաշտոցի անվան և «ԱՅԲ» կրթահամալիրների սաներն են։
Շնորհավորելով պարգևատրվողներին` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ գիտելիքների նման ստուգատեսներում հաջողություն ունենալն իսկապես կարևոր ու պատվաբեր է։
«Շնորհավորում եմ բոլորիդ օլիմպիադաներում լավագույնս ներկայանալու և ձեռք բերած հաջողությունների համար: Երեխաների առաջընթացն ու ոգևորվածությունը արդյունք են ուսուցիչների աշխատանքի, ովքեր իրենց գործում ջանք ու եռանդ չխնայելով՝ ներդրում են ունեցել երեխաների հաղթանակներում: Սիրելի՛ աշակերտներ, ձեր ձեռքբերումները կարևոր են ոչ միայն մեր քաղաքի, այլև մեր երկրի զարգացման համար»,- նշել է Արամ Սուքիասյանը։
16 առարկաներից անցկացվող դպրոցականների օլիմպիադայի Երևանի քաղաքային փուլին մասնակցել է 2186 աշակերտ:
Քաղաքային փուլի արդյունքներով Երևանի քաղաքապետարանի կողմից երկրորդ և երրորդ կարգի դիպլոմների է արժանացել համապատասխանաբար 112 և 158 աշակերտ:
Նշենք նաև, որ քաղաքային փուլը հաջողությամբ հաղթահարած 435 աշակերտ էլ մասնակցում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին:
Երևանի քաղաքապետարան