Մայիսի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի հետ:
Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը հավելեց, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության կոչերը, ոտնահարել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը։
Այս առումով Իլկա Կաներվան նշեց, որ ուժի կիրառումն անընդունելի է, և հավելեց, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամբողջովին սատարում է միջնորդության միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների ջանքերն՝ ուղղված բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։
Կարդացեք նաև
Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցեր։
ՀՀ ԱԳՆ