ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը անտարբեր է այն փաստի նկատմամբ, որ կուսակցության մի շարք անդամներ լքում են ԲՀԿ-ն և հիմնում իրենց քաղաքական ուժերը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս առիթով պատգամավորը նկատեց. «ԲՀԿ-ի արգանդը բեղուն է, և կարող են առաջանալ այլ կուսակցություններ: Ես անտարբեր եմ: ԲՀԿ-ն այնքան մեծ է, որ եթե նրանից մի շարք կուսակցություններ ծնվեն, միևնույն է, հիմքը կմնա, որը շատ ավելին է: Բեղուն արգանդը միշտ էլ ծնում է նորերը»:
Դիտարկմանը, թե որոշ քաղաքագետներ կանխատեսում են, որ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը գալու է զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը, Լյովա Խաչատրյանը կատակով արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում տեղը. թատրոնո՞ւմ ենք, թե՞ սեղանի շուրջ, որ ինչ-որ մեկը մի պահ գուցե տուալետ գնալու համար դուրս գա, տեղը նստեն: Նման հասկացություն չկա, կարծում եմ` անհեթեթություն է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ