Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Խամաճիկ քաղաքական դաշտում ջենթլմեններ չեմ տեսնում»

Մայիս 03,2016 13:19

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծում է, որ Աղվան Վարդանյանի` ջենթլմենական համաձայնագիր ստորագրելու առաջարկը ճանապարհ չունեցող է: «Հայելի» ակումբում պարոն Խաչատրյանը նշեց, որ այս պարագայում առնվազն մեկ պայման պարտադիր է. ջենթլմենի առկայությունը: Այնուհետև շարունակեց. «Այսօրվա խամաճիկ քաղաքական դաշտում գտնել ջենթլմեններ, որոնք իրավասու են նման պայմանագիր ստորագրել, շատ դժվար է: Այսօր այդ քաղաքական կամքը չեմ տեսնում»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ևս այդ համաձայնագրի կարիքը չի տեսնում: Նրա կարծիքով` ընտրողը լավ գիտի, թե ինչ է անելու ընտրության օրը` անկախ ընտրակաշառքից: Այն դիտարկմանը, թե ջենթլմենական համաձայնագիրն էլ հենց դրա մասին է, որ ամեն ինչ արդեն փողոցում չլուծվի ընտրությունների օրը, պարոն Ավետիսյանը առարկեց` թե ի՞նչ է` արգելենք մարդկանց փողոցում խոսել ընտրությունների մասին:

Դառնալով քաղաքական ուժերի` ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներին, պարոն Ավետիսյանը նշեց. «Ես երբևէ ընտրակաշառք չեմ բաժանել, հիմա էլ կարող եմ ստորագրել, եթե իմ ստորագրությունը պետք է ինչ-որ մեկին»:

Դիտարկմանը, թե հին ընտրական օրենսգրքով ևս կարելի է արդար ընտրություններ անցկացնել, եթե այդ կամքը լինի, պարոն Ավետիսյանը համաձայնեց ու նշեց. «Քաղաքական ուժերի մի ստվար զանգված այդ խնդրի լուծումը ոչ թե իրենց մեջ, այլ ընտրական օրենսգիրք փոխելու մեջ է տեսնում: Կարելի էր առանց էլեկտրոնային քվեարկության նորմալ ընտրություններ անցկացնել: Հենց այդ պատճառով էլ իշխող կուսակցությունը բերել է օրենսգիրք` մի շարք փոփոխություններով ու խնդրահարույց հարցերի լուծումներով, որ այդ ուժերը տեսնեն, որ իշխող կուսակցությունն ուզում է այնպիսի ընտրություններ անցկացնել, որ կասկած չմնա որևէ մեկի մոտ»:

Դառնալով ընտրողների ցուցակների հրապարակման պահանջին` ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ուզում եմ հասկանալ` ընտրողների ցուցակը հրապարակելն ի՞նչ է տալու: Կամ որ ասում են ընտրատեղամասերից ուղիղ հեռարձակում ապահովվի, պատկերացնում են` դա տեխնիկապես ինչպե՞ս է ապահովվելու»:

Պատասխանին, թե ընտրողների ցուցակների հրապարակումը թույլ կտա պարզել, թե արդյոք այն անձը, որը հանրապետությունում չէ, նրա փոխարեն քվեարկվել են, թե` ոչ, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Տվյալ տեղամասում ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունն ունեն դիտորդներ: Թող բարի լինեն այդ պատասխանատվությունն իրենք վերցնեն իրենց վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031