Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները դրսից լրատվամիջոցներ են բերում ու ցույց տալիս ավերված գյուղերը». Սամվել Մարտիրոսյան

Մայիս 03,2016 12:43

«Պատերազմական իրավիճակում սովորաբար արգելափակում են տեղեկատվության արտահոսքը, որ հանգիստ աշխատեն, քանի որ պատերազմական իրավիճակում որոշ տեղեկություններ կարող են վտանգել զինվորների կյանքը: Իսկ շատ դեպքերում հնարավոր չէ արագ ճշտել բանակի հետ կապված տեղեկատվությունը: Ամեն անգամ մատից հոտ քաշելով հնարավոր չէ գործ անել: Միայն բանակը չէ, որ պետք է թելադրող լինի՝ ինչ հրապարակել, ինչը չէ: Լրագրողական համայնքն էլ իր իրավունքները պետք է պաշտպանի»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով, լրագրողներին պատերազմական իրավիճակում չի կարելիների ու կարելիների մասին ուղեցույց է պետք՝ իմանան ինչի մասին կարող են գրել, ինչի մասին խոսել ու հրապարակել ու ինչին չի կարելի անդրադառնալ:

Քառօրյա պատերազմում, ըստ փորձագետի, բոլորը շատ լավ աշխատեցին, նույնիսկ սոցցանցերում օգտատերերն իրենց զուսպ պահեցին. «Բայց լարվածութունը երբ թուլանում է, զգոնությունն էլ է թուլանում:

Մեր տեղեկատվական դաշտում ահռելի քանակով չլրատվամիջոցներ կան՝ հրատապ լուրեր, վերջին լուրեր, թարմ լուրեր անուններով, իրականում դրանք հարթակներ են, որոնք աշխատում են գովազդ ֆռռացնելու համար: Բայց երբեմն նորմալ լրատվամիջոցներից դրանք չեն տարբերվում ու հիմնականում ասեկոսեների մակարդակով չճշտված տեղեկատվություն տարածում: Հենց բանակը լռում է, սկսում են խոսել ուրիշները, դրա համար բանակն անընդհատ պետք է խոսի, որ տեղեկատվական դատարկությունը չլրացվի ասեկոսեներով»:

Ըստ նրա, լրատվամիջոցներն ազատ են գրել այն, ինչն արգելված չէ, ու եթե փորձ արվի բարոյական զտում մտցնել, լավ հետեւանքների չի բերի:

Վերլուծելով Ադրբեջանի լրատվության գիծը՝ փորձագետն ասաց, որ Ադրբեջանում լրիվ այլ մարտավարություն են ընտրել. «Զոհի դերում են փորձում լինել, դրսից լրատվամիջոցներ են բերում ու ցույց տալիս ավերված գյուղերը՝ ցույց տալու, որ հայկական կողմն ավերել է»:

Ըստ նրա, ադրբեջանցիները բացահայտ ոչինչ չեն ասում, ադրբեջանական մամուլը լռում էր, իսկ ԱԳ նախարարը նույնիսկ հայտարարեց, որ սահմանի պատերազմի մասին իմացել է Լավրովի զանգից: Ըստ պարոն Մարտիրոսյանի, իրենց զոհ ներկայացնելու մարտավարությանը հաջորդեց հաղթանակի մասին տեղեկատվության հոսքը, թե գրավել են Ֆիզուլին, Ջաբրայիլը եւ հյուսիսում էլի մեծ տարածքներ. «Հիմա նրանք մի քիչ վիճակը փոխում են, փոխհրաձգությունները բերել են նրան, որ սահմանային գյուղերում խուճապային վիճակ է: Հիմա էլ տանում են գիծն այն ուղղությամբ, թե հայերը ագրեսոր են, ռմբակոծում են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Իսկ օրինակ այս օրերին Սփյուռքի նախարարությունը Եվրատեսիլում հայ մասնակցին աջակցելու վերաբերյալ հաղորդագրություններ է տարածում: ՀԻՄԱ ԴՐԱ ԺԱՄԱՆԱ՞ԿՆ Է: Ե՞ՐԲ ՊԻՏԻ ԵՐԿՐՈԴԱԿԱՆԸ ՏԱՐԲԵՐԱԿԵՆՔ ԱՌԱՋՆԱՅԻՆԻՑ: Ո՞նց կարելի է Սփյուռքին դիմել, անհանգստացնել, նրա ուժերը լարել Եվրատեսիլի նման երգի ու պարի միջոցառման վրա: Ուրիշ գաղափարներ չկան: Մենք չհայտարարված պատերազմի մեջ ենք, պարոնայք պաշտոնյաներ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031