ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարության տակ առարկայական ոչինչ չի տեսնում:
Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ «Հայաստանում միջուկային զենքն արդեն ստեղծված է»: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Դավթյանը նշեց, թե պատահական չէ, որ Ադրբեջանում աղմուկ են բարձրացնում այդ հայտարարության շուրջ: Նա մանրամասնեց. «Ագրեսիան ու ահաբեկչությունը Ադրբեջանի ձեռագիրն է. երբ նման հայտարարություն ես անում, նրանք փորձում են մեզ մեղադրել` տեսեք Հայաստանը մասսայական ոչնչացման զենք ունենալու կողմնակիցն է»:
ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը հակառակ տպավորությունն է ստացել: Նրա կարծիքով` այս հայտարարությունը լուծում է Ադրբեջանին զսպելու խնդիր:
Պարոն Իգիթյանը հավելեց. «Որևէ երկիր ու միջազգային կազմակերպություն, որևէ ընդհանուր փաստաթղթով Ադրբեջանին չեն կարողանում զսպել, այդ մեխանիզմները չեն աշխատում: Ուստի այս հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանին զսպելու շրջանակներում: Մինչդեռ Ադրբեջանն ապրիլյան հարձակմամբ փորձարկում էր միջազգային հանրության արձագանքը: Ստացվեց, որ միջազգային հանրությունը կոշտ չարձագանքեց: Ադրբեջանը փորձարկեց նաև Ռուսաստանին, որի արձագանքը ևս կոշտ չէր: Ի վերջո, Ադրբեջանը փորձարկում էր ԼՂՀ ռազմական հնարավորությունը, ինչը դարձավ միակ գործոնը, քանի որ ԼՂՀ-ն կարողացավ լրջորեն դիմակայել ագրեսիային»:
Կարդացեք նաև
Ըստ Հովհաննես Իգիթյանի` երկար ժամանակ ռազմական գործոնն օգտագործել հնարավոր չէ. պետք է մտածենք միջազգային անվտանգության այլընտրանքային համակարգի մասին:
Լրագրողների հստակեցմանը` իրո՞ք պարոն Բագրատյանի հայտարարությունը որևէ հիմք ուներ, պարոն Դավթյանը կես-կատակ կես-լուրջ ասաց. «Կարող է էն թվերից պահած բանե՞ր ունի Բագրատյանը, իրեն հարցրեք, տեսնենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ