Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ռուսաստանն իր զենքի PR-ն է անում մեր տղաների արյան հաշվին»

Մայիս 03,2016 12:11

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ ԼՂ հակամարտության դաշտում պատային իրավիճակ է: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Դավթյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո այսօր երեկոյան կամ վաղը արդեն լուծումներ կառաջարկվեն:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով` այժմ արդեն դադարեցվել է բանակցային գործընթացը, բայց ոչ թե ԼՂՀ-ի կամ Հայաստանի պատճառով, այլ Ադրբեջանի: Նա հավելեց. «Այսօր անհեթեթ է քննարկել, թե ինչ փաթեթի մասին պիտի խոսեն կողմերը: Հիմա խոսքն այն մասին է, թե որ ուժը կարող է զսպել Ադրբեջանին, քանի որ նա հստակ նպատակ է դրել լուծել խնդիրը պատերազմի միջոցով»:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի և Բակո Սահակյանի հանդիպմանը` պարոն Իգիթյանը նշեց. «Ենթադրում եմ, որ Բակո Սահակյանը կկրկնի այն միտքը, որը պարբերաբար արտահայտել է տարբեր հարցազրույցներում: Հայտնի է նաև ԼՂՀ ԱԳՆ-ն ԼՂՀ ՊԲ-ի տեսակետը: ԼՂՀ-ն պետք է ներկա լինի բանակցային սեղանի շուրջ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ կողմնակից է դրան, քանի որ իր օրոք ԼՂՀ-ն ակտիվ նստած էր սեղանի շուրջ, և ԼՂ չհամաձայնելու պարագայում էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ հրաժարական տվեց»:

Պարոն Դավթյանն ի պատասխան նշեց, որ Ադրբեջանին սանձողը միայն մենք ենք, և զիջումների մասին խոսելը աբսուրդ է, քանի որ մի զիջման գնացել ենք արդեն, որ ԼՂՀ-ին մենք ենք ներկայացնում, բայց դա ժամանակավոր է. առանց ԼՂՀ-ի հակամարտությունը լուծելն աբսուրդ է:

Հովհաննես Իգիթյանը փաստեց, որ միակ երկիրը, որն ապացույցներով գիտի, թե ով է խախտել զինադադարը, Ռուսաստանն է: Ու նա ընդամենը հորդորում է կողմերին զերծ մնալ զենքի կիրառումից:

Պարոն Իգիթյանը հիշեցրեց, որ ժամանակին, երբ իրենք քննադատում էին ԵՏՄ մուտք գործելը, ՀԱՊԿ-ին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց լռեցնում էին` պատճառաբանելով, թե նրանք ԼՂ անվտանգության մոդել են առաջարկում, և քննադատությունները կվնասեն: Կամ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին քննադատություններին ի պատասխան հավաստիացնում էին, թե դա բիզնես է ընդամենը, մինչդեռ, երբ Սերժ Սարգսյանն առաջին անգամ վերջապես քննադատեց ՌԴ-ին դրա համար, ՀՀ ԱԳ նախարարը դեռ շարունակում էր պնդել, թե դա բիզնես է:

Ըստ Հովհաննես Իգիթյանի` հիմա ՌԴ-ն իր զենքի PR-ն է անում մեր տղաների արյան հաշվին: Նա նաև հիշեցրեց` եթե ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ժամկետը ժամանակից շուտը չերկարացվեր, դա ևս կլիներ գործոն. ՌԴ-ն ամեն օր պիտի ապացուցեր, որ մեր դաշնակից երկիրն է, բայց հիմա այդ գործոնը չունենք:

Արտակ Դավթյանը հակադարձեց, եթե ապրիլյան դեպքերից հետո, եթե այդ հարցը դնեին քվեարկության՝ կաներ նույննը, ինչ արել է: Պաշտպանության վերաբերյալ դիտարկումներին ևս ՀՀԿ-ական պատգամավորը հակադրվեց, ասաց` լավ է, որ մենք ենք մեր պաշտպանության խնդիրը լուծում, թե չէ` եթե մեր փոխարեն ասենք ռուսը կամ ղազախը կռվեին, գուցե այս ուժեղ ձայնը չունենայինք:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031