Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան փոխանցվող գումարները, որոնք մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժն են կազմում, ինչպես այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, մարտին եւս շարունակել են նվազել։
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին արտերկրից փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն` Հայաստան ուղարկված եւ այստեղից արտերկիր փոխանցված գումարների դրական տարբերությունը կազմել է 38 մլն 94 հազար դոլար։ Անցած տարվա մարտին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 51 միլիոն 240 հազար դոլար։ Այսինքն` մեկ ամսվա կտրվածքով տրանսֆերտների անկումը կազմել է մոտ 26 տոկոս։
Մյուս կողմից, ինչպես հայտնի է, տրանսֆերտների ծավալների անկումը սկսվել է 2014 թվականի դեկտեմբերից եւ այն անշեղորեն շարունակվում է մինչ օրս։ Նվազման դինամիկան առավել պատկերացնելու համար նշենք, որ 2014-ի մարտին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 80 մլն 766 հազար դոլար, անցած տարվա 51 մլն 240 հազար եւ այս տարվա 38 մլն 94 հազար դոլարների դիմաց։
Այս տարվա առաջին եռամսյակի ընդհանուր արդյունքներով տրանսֆերտները կազմել են 92 միլիոն 629 հազար դոլար, անցած 2015 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը եղել է 106 մլն 803 հազար դոլար։ Նկատենք, որ 2014 թվականի առաջին եռամսյակում, երբ տրանսֆերտների նվազման գործընթացը չէր սկսվել, եւ իրադարձությունների նման ընթացք ոչ էլ նշմարվում էր, տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 2017 միլիոն 340 հազար դոլար:
Կարդացեք նաև
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում