Գրականության ասպարեզում 2006թ. Նոբելյան մրցանակի արժանացած ազգությամբ թուրք գրող Օրհան Փամուկը մի շարք ուշագրավ հայտարարություններ է կատարել, որոնց ընթացքում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը։
Նոբելյան մրցանակի դափնեկիր Փամուկը եվրոպական երկրներին կոչ է արել մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի հետ հարաբերություններում։
Գրականության ոլորտում հետմոդեռնիստական ժանրում լուրջ հաջողությունների հասած թուրք գրողը խոսել է նաև Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության վիճակի մասին նշելով, որ այդ ասպարեզում ևս իր երկրում ստեղծվել է բավականին մտահոգիչ իրավիճակ։ Իր խոսքում Փամուկն ասել է. «Ես չեմ վախենում ինձ համար, ես վախենում եմ երկրիս համար, աշխարհիկ արժեքներով ապրող ընկերներիս համար»։
Այս ամենին զուգահեռ՝ Փամուկը բարձր է գնահատել և գովեստի խոսքեր շռայլել փախստականների հարցի վերաբերյալ Թուրքիայի քաղաքականությանը և այդ նույն թեմայի շրջանակներում քննադատության է ենթարկել Եվրոպային։ Գրողը մեղադրել է եվրոպական պետություններին արհեստական պատեր կառուցելու մեջ, որոնք նսեմացնում են եվրոպական մնացած արժեքները։