Հայրենակիցնե՛ր
1994 թ. մայիսի զինադադարից հետո խաղաղություն չհաստատվեց: Ջախջախված հակառակորդն օգտվեց առիթից և ժամանակն օգտագործեց հզորանալու և պատերազմը շարունակելու համար:
2014 թ. օգոստոսից սկսած նա մեր դեմ վարում է սողացող պատերազմ և ժամանակ առ ժամանակ ավելի ու ավելի ծանր հարվածներ է հասցնում՝ նպատակ ունենալով այդպես արնաքամ անել մեզ և մի օր լայնածավալ պատերազմի միջոցով ոչնչացնել մեր երկիրը:
Ապրիլի սկզբին տեղի ունեցած աննախադեպ մասշտաբի և ակտիվության ռազմական գործողություններից հետո ակնհայտ դարձավ, որ հակառակորդն ամեն պահի կարող է սկսել այդ լայնածավալ պատերազմը, մինչդեռ երկրի «քաղաքական ղեկավարությունը» համարժեք քայլեր չի կատարում մարդկային ու այլ ռեսուրսները մոբիլիզացնելու և մեր գլխին կախված նոր ցեղասպանության ու հայրենազրկման վերահաս սպառնալիքը չեզոքացնելու համար:
Կարդացեք նաև
Ուստի հայությունը, հաշվի առնելով վիճակի օրհասականությունը, պարտավոր է «քաղաքական ղեկավարության» որոշումներին սպասելու փոխարեն հասարակական հիմունքներով ինքնակազմակերպվել մեզ ոչնչացնելու նպատակ ունեցող հակառակորդին գլխովին ջախջախելու ու ծնկի բերելու հրամայականով: Ինչպես Արցախյան պատերազմի, այնպես էլ ապրիլյան ռազմական գործողությունների փորձը ցույց է տալիս, որ մենք կարող ենք լուծել այդ խնդիրը:
Ողջունելով մինչ օրս խրամատում կանգնած զինվորին աջակցելու համար առանձին խմբերով ու անհատապես ճակատ մեկնած կամավորներին, միևնույն ժամանակ հարկավոր է ճիշտ գնահատել ուժերը և փաստել, որ հակառակորդին ծնկի բերելու համար անհրաժեշտ է համախմբել ամբողջ հայության ներուժը և կազմակերպվել որպես Ազգ-բանակ:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը (նախագահ՝ Ժիրայր Սէֆիլյան), ղեկավարվելով Ազգ-բանակի վերածվելու և հակառակորդին ծնկի բերելու հրամայականով, հայտարարում է կամավորների ցուցակագրում:
Կոչ ենք անում քսանից բարձր տարիք ունեցող հայաստանաբնակ և արտերկրաբնակ տղամարդկանց ու կանանց ցուցակագրվել և պատրաստ լինել մասնակցելու Հայրենիքի պաշտպանությանը՝ ինչպես մարտի դաշտում, այնպես էլ թիկունքում:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմելու է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ կամավորների մասնագիտական, մարտական և ֆիզիկական պատրաստման համար միջոցներ տրամադրելու և պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ռազմական գործողությունների դեպքում ՀՀ Զինված ուժերում նրանց ըստ մասնագիտական և ֆիզիկական կարողությունների ներառելու հարցով:
Կամավորների ցուցակագրումը կազմակերպվում է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակում (ք. Երևան, Շինարարների փ., 8 շ., բն. 13) :
Հարցերի և պարզաբանումների համար զանգահարել +37410 390338, +37494 016760 կամ գրել էլեկտրոնային հասցեին [email protected]:
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն