Մայիսի 2-ին Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին հյուր էին այցելել Շուշիի առանձնակի գումարտակի կամավորները: Այդ մեծագույն պատվին աշակերտներն արժանացել էին այն բանի համար, որ ապրիլի առաջին օրերին Արցախի սահմաններում կռվող զինվորներին նրանք իրենց կողմից ծանրոցներ էին ուղարկել, դրանց հետ նրանք հղելով նաեւ իրենց սրտից բխած անկեղծ եւ անմիջական մտքերն արտահայտող նամակներ:
ԵՎ ահա, դիրքերից վերադառնալով, կամավորները ցանկություն էին ունեցել հանդիպել այն երեխաներին, ում խոսքերն այնքան անհրաժեշտ էին եղել իրենց դիրքերում:
Կամավորները եղան երկու 6-րդ դասարաններում: Նրանք իրենց հետ բերել էին բոլոր նամակները: Յուրաքանչյուրը փնտրեց ու գտավ դիրքերում իր ընթերցած նամակի հեղինակին: Հուզիչ ու տպավորիչ էր հանդիպումը, միմյանց փոխանցած խոսքերն ու մաղթանքները: Կամավորները շնորհակալություն հայտնեցին իրենց բարոյապես սատարելու, մարտական դիրքերում ուժ ու ոգեւորություն պարգեւելու համար եւ դպրոցականներին նվիրեցին Հայոց պետական դրոշը, լուսանկարներ եւ իրենց իսկ նամակները:
Աշակերտները շնորհակալ եղան կամավորներից թե’ այցելության, եւ թե’ անձնուրաց կեպով հայրենիքը պաշտպանելու, երկրի խաղաղության համար ամեն գնով պայքարելու համար:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզպետարան
Իրականում սա շատ խորհրդանշական է: Իշխանության և ազգի միջև գոյություն ունի մի ահռելի, Հերմինե Նաղդալյանի ասած բուֆերային գոտի: Այս քայլով ապացուցվեց, որ այդ գոտին գոյություն չունի հայրենիքը պաշտպանող զինվորի, կամավորի և նրան սպասող, սիրող, երախտապարտ թիկունքի միջև: Ինչպես Ավրորա մրցանակաբաշխության ժամանակ դահլիճում ամենաանկապ ու ավելորդ տարրը իշխանական երևելիներն են, այնպես էլ այստեղ, այս պայքարում, նրա հաղթանակներում, նրա ոգևորության մեջ ամենաանկապ ու ավելորդ տարրը իշխանական երևելիներն են: Տեսնես զգու՞մ են, հասկանու՞մ են: