Գերմանիայում հավատարմագրված Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուսեյն Ավնի Քարսլըօղլուն խոսել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք օրենսդրական նախագծի մասին, որով նախատեսվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագծին՝ դեսպանն ասել է. «Պատմության վերաբերյալ վճիռներ կայացնելը խորհրդարանների գործը չէ։ Պարզ չէ, թե ինչպես է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու Գերմանիայի խորհրդարանի այս որոշումը՝ տեղի ունեցած դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելը»։
Դեսպանը նշել է նաև, որ երկու ժողովուրդների պատմության ողբերգական էջը համարվող պատմական այս իրադարձությունների թեմայով անհրաժեշտ է, որպեսզի հայերն ու թուրքերը միասին աշխատեն, ինչպես նաև հիշեցրել է թուրքական կառավարության առաջարկը՝ երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։