Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ վրա էր հույս դրել հակառակորդը

Մայիս 03,2016 10:08

Ի հեճուկս քաղաքական շահագրգռվածություններ ունեցող մարդկանց՝ ինձ թվում է, որ Ադրբեջանին 4-օրյա պատերազմում չի հաջողվել հասնել իր ռազմական նպատակներին: Դա չի հաջողվի նաեւ հաջորդ հարձակման ժամանակ, որը, կարծում եմ, սարերի հետեւում չէ՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով: Իհարկե, հակառակորդը կարող է հայտարարել, որ նա գրավել է Ֆիզուլին, Թալիշը կամ Մատաղիսը, բայց մենք հո գիտենք ճշմարտությունը:

Մի խոսքով՝ որքան էլ դա տհաճ լինի Հայաստանում եւ Հայաստանից դուրս որոշ մարդկանց համար, Ադրբեջանի ռազմական ծրագրերը ձախողվել են: Ինչի վրա էին դրանք հիմնված: Իհարկե, նախեւառաջ, արտաքին գործոնների վրա: Հակառակորդը գիտեր եւ հիմա էլ գիտի, որ համանախագահ երկրները եթե չեն խրախուսելու, ապա առնվազն մատների արանքով են նայելու իր հարձակման վրա:

Բայց Ադրբեջանն ուներ նաեւ հաշվարկներ, որոնք կապված էին Հայաստանի ներքին կյանքի հետ: Նրանք վստահ էին, որ՝ 1/ Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակն աղետալի է, 2/ ներքին քաղաքական պայքարն այնպիսի սրության է հասել, որ վաղը կամ մյուս օրը կլինի իշխանափոխություն, 3/ դժգոհ եւ հիասթափված ժողովուրդն օգնության չի հասնի ցեղասպանության վտանգի առաջ կանգնած իր հայրենակիցներին:

Որտեղից էր հակառակորդը քաղում այդ տեղեկությունները: Նախեւառաջ, կարծում եմ, հայաստանյան բաց աղբյուրներից՝ ֆեյսբուքից, կայքերից, թերթերից, Ազգային ժողովի ելույթներից: Հայաստանն Ադրբեջան չէ, այստեղ մարդիկ ինչ ուզում՝ գրում եւ ասում են, եւ, հետեւաբար, թացը չորից տարբերելու համար մտավոր որոշակի ճիգեր են պետք: Ենթադրենք, արտերկրում ապրող մի նախկին հայաստանցի, որն արդեն մի 20 տարի հայրենիքում չի եղել, ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «քավորիս բաջանաղի մորքուրն ինձ երեկ զանգել եւ պատմել է, որ Երեւանում մարդիկ սովահար ընկնում են փողոցում»: Որից հետո մի 10 կայք դա դարձնում է «լուր»՝ «ՇՏԱՊ: ՏԱՐԱԾԵԼ: Պողոսի քավորի բաջանաղի մորքուրը սովից ուշաթափվել է Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց»: Դրանից հետո մի քանի ընդդիմադիր մեկնաբան այդ «փաստի» հիման վրա «խորը վերլուծություն» են գրում: Այդ ամենի մեջ որեւէ արտառոց բան չկա՝ աշխարհի բոլոր քիչ թե շատ ժողովրդավարական երկրներում նույն երեւույթն է: Պարզապես նրանք, ովքեր Ադրբեջանում որոշում ընդունողներին զեկուցում են Հայաստանի իրավիճակը, առաջնորդվում են նման տեղեկություններով:

Կամ՝ խորհրդարանում որեւէ ընդդիմադիր պատգամավոր հայտարարում է՝ «հանցավոր ռեժիմի հեռացմանը մնացել է 4 ժամ 15 րոպե»: Ադրբեջանում, չխորանալով իրավիճակի մեջ, մտածում են՝ «ըհը՜, հեսա սկսվելու է»: Կամ տեսնում են քաղաքացիների բողոքի ցույցեր, լսում են իշխանության հասցեին ծանր (գլխավորապես՝ արդարացի) մեղադրանքներ եւ մտածում են՝ այս մարդիկ, նրանց ամուսիններն ու որդիները չեն գնա հայրենի հողը պաշտպանելու: Կարճ ասած, լավ չեն հասկանում մեր ժողովրդի հոգեբանությունը:

Իհարկե, մենք ունենք ծանրագույն եւ շտապ լուծում պահանջող խնդիրներ, եւ դրանց մասին պետք է բաց եւ անկեղծ խոսել: Սակայն դրանց մասին մեր հակառակորդի պատկերացումները հեռու են իրականությունից:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ներկայի ծանր եւ ճնշիչ կացութեան մէջ, այս խմբագրականը յաջողեցաւ, բուժական եւ սփոփիչ ազդեցութեամբ՝ ծիծաղ պատճառել: Մանաւանդ այդ քավորի-բաջանաղին-չգիտեմ-ինչին պատմութիւնը… Յաջող է… Ուժ կ’ուզէ՝ այս օրերին, երգիծանքի դիմել – թեկուզ խորքի շատ լուրջ նիւթեր արծարծելու եւ վերլուծելու համար – :

    Իսկ մենք չե՞նք կարող արդեօք սրբագրել՝ իրականութիւնը չափազանցելու, շատ գունաւորելու, խեղաթիւրելու, իրողութիւններն ու զգացումները, առարկայականն ու երեւակայականը իրարու խառնելու, մեր այս ստեղծագործական հակումները, այլազան ոլորտներում… Այլեւս ազգային վերջնական դիմագի՞ծ դարձած է… Արմատացած ֆոլկլո՞ր…

    Նաեւ, անկեղծ խօսելու վերեւի պատգամին ընդառաջելով,
    այն ինչ կը վերաբերի այս ակնարկութեան՝ «[թշնամիները] մտածում են՝ այս մարդիկ, նրանց ամուսիններն ու որդիները չեն գնա հայրենի հողը պաշտպանելու»,
    երեւի միայն անոնք չէ, որ այդպէս էին մտածում…
    Մեր մէջ ալ կային ոմանք, որ այդպէս էին կարծում: Այդպէս խօսողներ կային, ամէն պարագայի: Որոնք կարծես նոյնիսկ գոհ էին այդ վարկածով, զայն ներկայացնելով որպէս ծայրագոյն «հիմնաւորումը»՝ իրենց ներքաղաքական ծայրահեղ կեցվածքներին – կամ ել կենցաղային անդարմանելի հոռետեսութեան – :

    Աստուած մեր երեսին նայեցաւ…

  2. ominac says:

    Մարդ իր կնկանը ուղեղը չի կրնար կարդալ ուր մնաց թշնամիինը, եթէ ուղեղ կարդալ մը կայ եկէք մենք մեր ուղեղը կարդանք որ Մենք Մեր յոյսը ինչի վրայ դրած ենք։ Եթէ մէկ միլիոն մարդ ելած է երկրէն պարզ է որ երկրին մտաւորականութեան մակարդակը լաւ ինկած է, հետեւաբար չենք կրնար վստահիլ մեր մտային կարողութեան վրայ։ Հինգ միլիոն սփիւռքահայ կայ բայց Հայաստանը գովելէ զատ գրեթէ իրար հետ գործ չենք ընէր, հետեւաբար սփիւռքահայն ալ չի մասնակցիր Հայաստանի զօրութեան։ Ծանօթի համակարգով կրնաս միայն անցեալ դարի տնտեսութիւն վառել ոչ այս դարի, հետեւաբար տնտեսութեան վրայ ալ չենք կրնար վստահիլ։ Հայաստանաբնակ երիտասարդութեան վրայ կրնաս վստահիլ, վկան սահմանէն եկած լուրերն են։ Իրենց ձեռքի զէնքը ռուսաստանէն եկած է հետեւաբար հայաստանի եւ ռուսաստանի մէջ եղած ծանօթութիւններուն վրայ վստահուած է։ Սփիւռքէն, հիմնական ռուսաստանէն մարդիկ դրամ կը ղրկեն հայաստան իրենց ընտանիքներուն, որը շատ աւելի է քան թէ բոլոր սփիւռքահայութեան տուած օգնութիւնը հայրենիքին։գրեթէ չնչին կը դարձնէ սփիւռքահայութեան մասնակցութիւնը այսօրուայ հայկական կեանքին մէջ։ միակ բանը որ սփիւռքը լաւ է, այն ալ որ ձայնաւոր է։ Այսինքն օրուան վերջը, մէկ անմիջական ընտանեկան կապերը, երիտասարդութիւնը եւ կապերը կամ ծանօթութիւններ ռուսաստանի զինուորական շրջապատին հետ։ Փաստօրէն յոյս չենք դրած մեր մտային կարողութեան վրայ, մեր տնտեսութեան վրայ, մեր Հինգ միլիոն սփիւռքին վրայ (մի շփոթէք սփիւռքը սփիւռքահայ կուսակցականներու հետ, ի միջի այլոց անցեալ օրը տեսայ պատկեր մը ինչ որ դաշնակցութեան կուսակցութեան ինչ որ բանը կը տօնէն, խոշոր վարագոյր մը դրած են վրան ալ մի քանի հոգիի գլուխները, վայրկեան մը կարծեցի որ սովետական միութեան ինչ որ ժողով է, եւ ասոնք դեռ սփիւռքահայի անունով կը խօսին հայաստանի մէջ)։ Բոլոր ըրածնիս պէտք է վերանայուի։

  3. henri says:

    Ամէն պարագային որքան ալ հայրենասէր եւ միացած ըլլանք անհրաժեշտութիւն է այսօր որ իշխանութիւնը `առիթէն օգտուելով արագօրէն բարեփոխութիւններ մտցնէ եւ խիզախութիւնն ունենայ “զռան” անիրաւութիւնները սրբագրելու ; Հայրենիքի սիրոյն է որ երկիրը իր ամբողջութեամբ բռնցքուած է և կը բռնցքուի միշտ ,բայց ինչ լաւ պիտի ըլլար եթէ իշխանութիւնն ալ իր բաժինը բերէր ընդառաջ երթալով ժողովուրդի արդար պահանջներուն ;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031