Ապրիլի 30-ին փակվեց բեռլինաբնակ լուսանկարչուհի Ռոզա Այսենի` Ռուզաննա Կարապետյանի տասներորդ անհատական ցուցահանդեսը: «Բնության բարիքներ» խորագրով այս շարքը Բեռլինի «Ժանմիշելբեռլին» հայտնի պատկերասրահում ցուցադրվեց մոտ մեկ ամիս:
«Սա Բեռլինի լավագույն պատկերասրահներից է: Երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ասեցին, որ մինչև 2017 թվական բոլոր օրերն են զբաղված: Բայց հետո տեսան իմ գործերը, երևի իրենց շատ գրավեց իմ լուսանկարչական մոտեցումը: Ուրախ եմ, որ գարնան, զարթոնքի հետ համընկավ պատկերասրահի հրավերը»,- մեզ հետ զրույցում պատմեց լուսանկարչուհին:
Գունեղ և շատ ախորժաբեր տեսք ունեն Ռոզա Այսենի նկարած միրգ ու բանջարեղենը` հայկական ծիրան, թուզ, նուռ, խնձոր, պղպեղ և այլն: Նրա այս նոր նատյորմորտները ցուցադրում են պտուղների կյանքի փուլերը, թե ինչպիսին են նրանք, երբ հասունանում են, ինչպես են նրանք թառամում, հետո սկսում գունափոխվել կամ չորանալ: Նա լուսանկարում է հիմնականում օրվա ընթացքում, որ ամեն պատկեր ներկայացնի արևի լույսով, բնական. «Չեմ սիրում օգտագործել արհեստական լուսավորություն, տեխնիկական միջամտություններ էլ չեմ անում համակարգչով»:
Ինչպես լուսանկարչուհին է պատմում, իր հայացքի ձևավորման վրա շատ մեծ ազդեցություն է թողել արվեստի բարոկկո շրջանը: Իր աշխատանքների կոմպոզիցիան նա նախապես է պատրաստում, ինչպես նկարիչները. «Դրանք ես անում եմ իմ պատկերացումներով, իմ ընկալումներով, իմ երևակայությամբ,- բացատրում է Ռոզա Այսենը,- սրանք պատահական ստացված կադրեր չեն, այլ նախապես մտածված: Իմ աշխատանքը հիմնականում կապված է բնության հետ, պտուղներ ես միշտ եմ նկարում, անտարբեր անցնել չեմ կարող, երբ տեսնում եմ մի պտուղ, որ շատ հետաքրքիր տեսք ունի կամ աճել է շատ նկարչական գույներով, անպայման նկարում եմ»:
Կարդացեք նաև
Լուսանկարչուհին պատմում է, որ դեռ մանուկ հասակից շատ է սիրել գեղանկարչությունը, բայց կյանքի բերումով չի զբաղվել, հիմա դա այս կերպ արտահայտվեց: «Բնության բարիքներ» ցուցահանդեսում նա ներկայացրեց իր աշխարհը, իր կյանքի ընկալումը, սերը դեպի բնությունը: Նրա ընտրած նուռը կարծես քարտեզապատ է, գունավոր պղպեղը ցուցադրում է բնության մաքրամաքուր գույները, կտրած անանասի շերտը խորհրդանշում է արևը և այսպես շարունակ: Ռուզաննան ստեղծագործում է շուրջ տաս տարի և միայն գեղարվեստական լուսանկարչության շրջանակներում. «Այսպես ես իմ աշխարհի մեջ եմ, սա մոտ է նկարչությանը, երբ ինքդ ես իրավիճակի տերը, ոչ թե ֆոտոխցիկով գնամ այս ու այն կողմ, իհարկե նկարում եմ, բայց ոչ ցուցադրելու համար»:
Մինչև լուսանկարելը Ռոզա Այսենն ինքն էր ցուցահանդեսներ կազմակերպում, իսկ ցուցադրվել նա սկսեց 2012-ի հոկտեմբերից` Բեռլինի «Պատկերասրահ 16»-ում ու կանգ չի առնում: Արդեն ծրագրված են նրա հաջորդ երկու ցուցահանդեսները:
Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ
արվեստագիտության թեկնածու
Բեռլին, Գերմանիա
Բեռլինում հայերն ակտիվացել են, բրավոոո, շնորհավորում եմ մեր սիրելի Ռուզանին, առաջ….