Մայիսի 2-ին «ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամը Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը՝ համատեղ կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին, որը 2017 թվականին անցկացվելու է Բուենոս Այրեսում: Արգենտինայում համագումարը կկազմակերպի եւ կնախագահի «ՖԱՅԴԵՔ Արմենիա», FIDEC USA և FUNCEI հիմնադրամների նախագահ, Արգենտինայի Վարակաբանների միության և Ինֆեկցիոն հիվանդությունների համաամերիկյան ասոցիացիայի համահիմնադիր բժիշկ Դանիել Ստամբուլյանը:
Վերջինս խոսեց եւ հայերեն եւ անգլերեն, նաեւ ներկայացրեց հեղինակավոր համագումարի ծրագիրը, որը նրա ձեւակերպմամբ հայ բժիշկների համար յուրօրինակ հարթակ կլինի արգենտինացի գործընկերների հետ ծանոթանալու եւ կապեր ստեղծելու, ինչպես նաեւ ոլորտի առաջնահերթությունները քննարկելու առումով: Ստամբուլյանն ասաց, որ համագումարի ժամանակ կդիտարկվեն հաջողություններ ունեցած կազմակերպությունների մոդելները ու փորձը: Փաստեց, որ Արգենտինայիում 80 000 հայ է ապրում, եւ համագումարի ծրագիրն այնպես է կառուցված, որ անդրադարձ լինի նաեւ համայնքին, անգամ միջոցառման ավարտից հետո հայ բժիշկները արգենտինական խորովածը կհամտեսեն «Հայկական ճամբար» կոչվող բնակավայրում:
Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ասաց, որ ուրախ է, որ համագումարի առիթով իրենց հարկի ներքո են հավաքվել, կարծիք հայտնեց, թե համագումարը ավելի կխորացնի հայ-արգենտինական երկկողմ հարաբերությունները: Դեսպանը նշեց, որ Արգենտինայում հայկական համայնք կա, որը նույնպես դերակատարություն ունի իրենց երկրի կյանքում:
«ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյան նշեց, որ ամեն անգամ Հայ բժիշների միջազգային համագումարը որեւէ երկրում է կայանում, վերջին մի քանի տարիներին միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ-ում, ու առաջին անգամ «ՖԱՅԴԵՔ Արմենիան» ցանկություն է ունեցել համագումարը կազմակերպել Լատինական Ամերիկայում, որպեսզի այդ երկրի պրոֆեսիոնալներին էլ կարողանան մեկտեղել:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ խոսելով Բուենոս Այրեսում կայանալիք համագումարի մասին, այն որակեց բացառիկ իրադարձություն: Նաեւ հավելեց, որ այդ համագումարից հետո արդեն կուրվագծվեն, թե ինչ ուղղություններ պետք է քննարկվեն 2019-ին՝ Հայաստանում կայանալիք համահայկական համագումարի ժամանակ, որը ղեկավարելու է պրոֆեսոր Արմեն Չարչյանը: Նախարարը ընդգծեց, որ համաժողովի աշխատանքների մի մասն էլ անցկացվելու է Ստեփանակերտում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ