«Մեզ համար նորություն չէ՝ ցանկացած եռատոնի նախօրյակին սահմանին ակտիվություն է դրսեւորվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի Հայրենիք խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
Սակայն, պատգամավորը համարում է, որ ավելի շատ ադրբեջանական կողմը վախից եւ տագնապից ելնելով է կուտակումներ կատարում. «Իրենք փայլուն գիտեն, որ մեր պաշտպանությունը անհնար է ճեղքել: Ես չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք, մեր բանակը պատրաստ է, համար մեկ է: Կարծում եմ՝ մեր բանակը ցանկացած ոտնձգության պատժիչ գործողություններով հանդես կգա: Ղարաբաղի ժողովուրդը եւս պատրաստ է, կանգնած է բանակի թիկունքին:
Եվ այսօր մենք մեկ մարմին մեկ հոգի ենք ե՛ւ բանակը, ե՛ւ ժողովուրդը, ոչ մի խուճապային իրավիճակ չկա: Սա մեր առօրյա կյանքն է, տասնամյակներ այս վիճակում ապրել ենք եւ շարունակելու ենք ապրել, արարել: Ուղղակի այս գործողությունները մեզ ավելի սթափեցրեցին, որ ավելի զգոն, ավելի աչալուրջ լինենք, հարցերին ավելի կոնկրետ մոտենանք: Ինձ թվում է՝ այս վերջին իրադարձությունները ավելի շատ սթափեցնող, ավելի շատ մեզ զգաստացնող գործոններ լինեն»:
Կարդացեք նաև
Ռուդիկ Հյուսնունցը հավելեց, որ կարծում է՝ Ադրբեջանն էլ գիտի, որ այս իրավիճակում իրենց ցանկացած գործողությունը պետք է պատժվի: Եվ ըստ նրա այս ընթացքում արտառոց գործողություններ չպետք է լինեն:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ