Արցախից տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած արդեն երկրորդ ընտանիքում է լսվում նորածնի ճիչը: Փոքրիկ Մարիան լույս աշխարհ է եկել ապրիլի 30-ին Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում: Մայրը՝ Լիանա Աղաբեկյանը, 6-ամյա որդու հետ Մարտակերտ քաղաքից Վանաձոր է եկել ապրիլի սկզբին՝ մարտական թեժ գործողությունների ժամանակ և ժամանակավոր ապաստան գտել ամուսնու քրոջ տանը: Ամուսինը զինվորական է և ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
Նորածին Մարիան ևս զերծ չմնաց մարզի ղեկավարի ուշադրությունից: Ա. Նալբանդյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ այսօր տեսակցեցին փոքրիկին և նրա մորը՝ հանձնելով նվեր և դրամական օգնություն: Մարզպետի անունից փոքրիկին մաղթեցին առողջություն, երջանկություն և խաղաղ երկնքի տակ մեծանալու հնարավորություն՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու ցանկացած հարցում:
Հիշեցնենք, որ նախորդ նորածինը՝ փոքրիկ Արմինեն, որին նույնպես մարզպետը ցուցաբերել էր ֆինանսական աջակցություն, լույս աշխարհ էր եկել ապրիլի 16-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնում: Մայրը՝ Մարգարիտա Սարգսյանը, Լոռու մարզ էր եկել Հադրութի շրջանից և բնակություն հաստատել Ստեփանավան քաղաքում:
Կարդացեք նաև
Լոռու մարզպետարան