Այսօր Aravot.am-ի հետ զրույցում իր 60-ամյակը նշող ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն Մուրադ Մալխասյանն ասաց. «Ես մի երազանք ունեմ. մշեցու զավակ եմ, չէ՞, ուզում եմ անպայման գնամ Արեւմտյան Հայաստան, պապիս հողը, պապիս տունը գտնեմ, գլուխս դնեմ ու մի օր տեսնեմ, որ մեր ունեցածը հետ ենք վերցրել…Մեր պապերի կորցրածը պարտավոր ենք հետ բերել, ինձ թվում է քիչ մնաց. Արցախն ազատագրեցինք, հերթը Ղարսինն է, Անիինը, Մուշինը, Էրզրումինը, Վանինը…»:
Երգիչը, որը 1992 թվականի արցախյան պատերազմի ժամանակ ֆիդայական երգեր է կատարել խրամատներում՝ ուժ ու ոգի տալով հայրենիքի պաշտպաններին, ադրբեջանցիներին հետեւյալ կոչն արեց. «Դուք անտեղի եք ոտքի ելել, Արցախը ձերը չէ, մի բան, որ քոնը չէ, դու զոռով չես կարող պահել քեզ: Դուք 70, թե 80 տարվա պատմություն ունեք, Արցախում բնակիչներ կան, որոնք ավելի տարեց են, քան ձեր պետությունն է, գնացեք հանգիստ վեր ընկեք ձեր հողակտորի վրա, որը որ ձերն է, իսկ որը հայինն է, չհամարձակվեք հավակնություն ունենալ, չեք հասնելու ոչնչի: Ես կռվում եմ իմ հայրենիքի, իմ սուրբ հողի պաշտպանության համար, բայց դուք չգիտեք ինչի համար եք կռվում»:
Մուրադ Մալխասյանը, որը որդեկորույս հայր է, ասաց. «Մեր նահատակված հերոսների ծնողներին համբերություն եմ մաղթում, թող իմանան, որ հերոս տղեք ունեն, որոնք կյանք չեն խնայել իրենց Սուրբ երկրի համար: Ես, իհարկե, չեմ ուզում համեմատություն անցկացնել, բայց թող իմ որդին էլ զոհվեր հայրենիքի համար, ոչ թե էդպես պատահաբար կյանքից հեռանար…»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև