Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան․ «Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին»

Մայիս 02,2016 19:01

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Հելսինկիի համալսարանում

Մայիսի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Ղարաբաղյան հակամարտություն. վերջին զարգացումները» խորագրով ելույթ ունեցավ Հելսինկիի համալսարանի Ալեքսանտերի քաղաքագիտական ինստիտուտում, որին ներկա էին ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Յունի Յարվինեն, Ֆինլանդիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Հելսինկիում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ։

Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը։

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների մասին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների և ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը։

Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Այն բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից: Ավելին, տասնամյակների ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրել է էթնիկ զտումների քաղաքականություն` սպառնալով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը, իսկ այնուհետև սանձազերծել բացահայտ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ՝ օգտագործելով միջազգային ահաբեկչական կառույցների հետ կապ ունեցող վարձկանների»:

Անդրադառնալով ապրիլի սկզբին Բաքվի սանձազերծած ռազմական գործողություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Չկարողանալով խնդիրը լուծել ռազմական ճանապարհով՝ Ադրբեջանը ստիպված էր 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ կնքել զինադադարի, 1994թ. հուլիսին՝ զինադադարի վերահաստատման և 1995թ. փետրվարին՝ հրադադարի ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերը: Հաջորդող տարիների ընթացքում բանակցություններն անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը Ֆինլանդիան էր։ Այս գործընթացում ներգրավված են եղել այնպիսի ականավոր ֆին դիվանագետներ, ինչպես Հեյկի Տալվիտիեն և Ռենե Նիբերգը: Այս ձևաչափով բանակցությունների բազմաթիվ փուլեր են տեղի ունեցել նախագահների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, սակայն, արդյունք չի արձանագրվել՝ Ադրբեջանի կողմից համանախագահների առաջարկությունների շարունակական մերժման պատճառով:

Այս ապրիլի սկզբից Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով, որին թիրախ դարձան նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակավայրերը: Եղան հարյուրավոր զոհեր և վիրավորներ:

Հրադադարի փխրուն ռեժիմի ավելի քան 20 տարվա ընթացքում սա դարձավ աննախադեպ ապակայունացում՝ ծանր սպառազինության, տանկերի, հրթիռների, հրետանու, օդուժի կիրառմամբ: Բաքվի կողմից հարձակողական սպառազինության շարունակական ձեռքբերումը, սեփական հասարակությանը ռազմատենչ հռետորաբանությամբ սնուցումը և հայերի դեմ ատելության սերմանումը վաղ թե ուշ չէին կարող նման իրադրության չհանգեցնել: Սա այն է, ինչի մասին վերջին տարիների ընթացքում զգուշացրել ենք մեր միջազգային գործընկերներին:

Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության մեջ Ադրբեջանը մեղադրում է հայերին, ինչպես նաև միջազգային հանրությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Նման անհիմն մեղադրանքներին կարելի է արձագանքել մի քանի հռետորական հարցադրումներով: Ո՞վ է մերժում ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները որպես բանակցությունների հիմք: Ո՞վ է ընդդիմանում վստահության ամրապնդման միջոցների ներդրմանն ուղղված բոլոր առաջարկություններին՝ սկսած հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուց մինչև հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Ո՞վ է մեղադրում համանախագահ երկրներին, այդ թվում նրանց անվանելով «սադրիչներ» և պիտակավորելով որպես «իսլամաֆոբներ»: Ո՞վ է մշտապես փորձում ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունները տեղափոխել այլ հարթակներ` հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային մանդատ չունեցող և նախկինում որևէ հակամարտություն չկարգավորած կառույցներ: Այդ բոլոր հարցերի պատասխանն է՝ Ադրբեջանը»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաև Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ գործած հանցագործությունները՝ նշելով. «Քառօրյա պատերազմի ընթացքում մենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացառիկ վայրագության ականատեսը եղանք: Կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ՝ Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետևանքով աշակերտներ զոհվեցին և վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ՝ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները, և այնուհետև սպանվեցին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվեցին: Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների մարմինների վերադարձ, ակնհայտ էր, որ բոլորն անխտիր ենթարկվել են խեղման: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս:

Դրանք միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են: Տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը էլ ավելի է խորանում Ադրբեջանում: Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խոր անհանգստությամբ ահազանգել է «պաշտոնական և լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպով արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»:

Շարունակաբար ականատես լինելով այս քաղաքականության ողբերգական հետևանքներին՝ մշտապես մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս խնդրի վրա: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության սերմանումը հանգեցրել է ամենասարսափելի հանցագործությունների, ներառյալ՝ մարդկության դեմ հանցագործությունների: Առավել քան երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող հայերը արդեն իսկ վերապրել են բռնի տեղահանություն և ջարդեր: Գրեթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի զինված ուժերը իրենց ողջ կարողության կիրառմամբ թիրախավորեցին Ադրբեջանի տարածքում մնացած սակավաթիվ հայկական հուշարձաններից մեկը՝ Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը: 9-ից 16-րդ դդ. մի քանի հազարի հասնող միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության թողտվության պայմաններում, իսկ այդ տարածքը կառավարության կողմից վերածվեց ռազմական օբյեկտի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»: Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների փորձերը մերժվեցին Ադրբեջանի կողմից»:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման՝ բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները:

Ադրբեջանը ոչ միայն մերժեց դրա իրականացումը, այլ նաև հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակեց որպես «տարօրինակ և զավեշտալի առաջարկություն»: Փաստորեն 21-րդ դարում կան առաջնորդներ, որոնց համար մարդկային զոհերը կանխող նախաձեռնությունները կարող են թվալ տարօրինակ և զավեշտալի: Սա մարդկային կյանքի հանդեպ, այդ թվում նաև սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ պաշտոնական Ադրբեջանի ղեկավարության իրական վերաբերմունքի վկայությունն է:

Մյուս առաջարկությունը, որի իրականացումը շարունակ խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա թիմի կարողությունների ընդլայնումն է: Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը աջակցում են այս առաջարկությանը, սակայն Բաքուն ոչ միայն չի ցանկանում լսել այդ մասին, այլև անում է ամեն ինչ նվազեցնելու դրա դերակատարությունը` մտադրություն ունենալով արգելափակելու նրանց գործունեությունը, ինչպես եղավ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի պարագայում: Ավելին, Ադրբեջանը սկսել է խոչընդոտել ԵԱՀԿ դիտորդների կողմից շփման գծում դիտորդական առաքելությունների իրականացմանը:

ԼՂ հակամարտության էությունը, որի մասին ես նշեցի ելույթիս սկզբում, եղել է և մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ ազատ և անվտանգ կերպով իր ապագան տնօրինելու իրավունքը:

Չնայած 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով:

Ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ թե ԼՂ ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին:

Ապրիլյան լայնամասշտաբ ռազմական հարձակումը լուրջ հարված էր բանակցային գործընթացին և առավել քան 20 տարվա ընթացքում համանախագահների գործադրած ջանքերին: Այժմ հսկայական ջանքեր են անհրաժեշտ՝ բանակցային գործընթացի համար համապատասխան բարենպաստ պայմանների հաստատման նպատակով:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապացուցել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է դրան: Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համար միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն պարտադրելու Ադրբեջանին ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031