Կուսակցության անունը Համախմբում է, բայց ստեղծվել է ԲՀԿ-ի տրոհման արդյունքում: Հակասություն կա: Այսօր Վարդան Օսկանյանի նոր կուսակցության մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Ձեզ համար անակնկա՞լ էր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ վերջին 20 տարում ՀՀ-ում կեղծվել են ընտրությունները՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, դա իր համար էլ էր անակնկալ: Վստահ եմ, եթե ինքը իմանար հետո ինչ է լինելու իր խոսքերի եւ իր հետ, վստահաբար, նման բան չէր ասի»:
Մենք ճշտեցինք՝ ի՞նչը նկատի ունեք «հետո» ասելով, արձագա՞նքը՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ե՛վ արձագանքը, ե՛ւ ազնվությունը»:
Պարոն Աշոտյանի խոսքերով՝ «Նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարը ողջունում եմ: 80-նն են, թող լինեն 81-ը: Իշխանության տեսանկյունից է՛լ ավելի լավ, ինչքան ընդդիմությունը ավելի տրոհված լինի, այնքան ավելի քիչ ձայն կհավաքի: Այդ քաղաքական խումբը վերջիններից էր, որ կարծես թե մտորում էր՝ նոր Սահմանադրության խաղի կանոնն ընդունի՞, թե՞ չընդունի: Ընդունեց նոր Սահմանադրությամբ խաղի կանոնը»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ Օսկանյանը բացատրեց, որ ընդունում է համամասնական ընտրակարգը լրիվ ուրիշ սահմանմամբ, ոչ այն, ինչ դուք եք առաջարկում՝ պարոն Աշոտյանը պատասխանեց. «Առաջնայինը նա է, որ ընդունեց: Թե ինքը եւ իր թիմակիցների համար տակը ինչ են դնում, արդեն երկրորդական է»:
Ըստ պարոն Աշոտյանի, դեռ չստեղծված կուսակցությանն այսպես քննարկել՝ ճիշտ չէ: Դիտարկմանը, որ իրենք ասում են՝ մենք չենք գալիս հերթական ուժը լինել, առանցքային ուժ են լինելու՝ Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Կարծում եմ, դա ավելի շատ խանդի տեսարան պետք է հարուցի ընդդիմադիր դաշտում, քան իշխանական: Այդ տեսարանների ականատեսը մենք լինում ենք»:
Հարցին՝ մտավախություն չունե՞ք այդ կուսակցության հետ կապված՝ հաշվի առնելով, թե ով է թիկունքում՝ նա պատասխանեց. «Խոսել մի բանի մասին, որի մասին դեռ միայն իրենք են խոսում, կարծում եմ, դա ավելորդ նպաստելն է այդ գործի հաջողությանը: Ընդդիմադիր հատվածը մրցակցային է: Ես դեռ չեմ տեսել քաղաքական ուժ, որի ասի՝ ես եմ գալու, դառնալու առանցքային ու դառնում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իսկ հակասություն չկա՞ Հանրապետակա կուսակցություն անվան և ներկայիս հանրապետականի մեջ: Աշոտ Նավասարդյանի հիմնադրած կուսակցությունը ոչ մի կապ չունի այսօրվա «հանրապետականի» հետ:
ՀԳ Եթե Աշոտ Նավասարդյանն էլ իմանար «հետո ինչ էր լինելու» հաստատ կոչնչացներ այդ կուսակցությունը: