Այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ մայրաքաղաքում արձանագրվել է 2 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները և խստացնել հսկողությունը:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 1 վարչական արձանագրություն: Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նույն ժամանակահատվածում կազմվել է 47 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել արատավոր այդ երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման տարեկան ծրագրին և կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարել է այդ ծրագրերը մշտական ուշադրության կենտրոնում պահել:
«Վերջին տարիներին այս աշխատանքները կազմակերպում ենք այն հստակ մոտեցումով, որ նորոգվեն ոչ միայն շքամուտքերը, այլ բոլոր հարկաբաժինները: Նաև պահանջ եմ դրել ձեր առաջ, որ նախ ստուգեք տանիքների վիճակը, որպեսզի նորոգման արդյունքը ջուրը չլցվի ու լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չառաջանա: Առավել ևս, որ մեր համաքաղաքացիների հնչեցրած ահազանգերի հետքերով գնալով` մեր համապատասխան ծառայությունները երբեմն նաև պարզում են, որ ընդամենը մեկ կամ երկու կոտրված ծածկաթիթեղ փոխելով խնդիրը լիարժեք լուծվում է: Ու այստեղից հարց է առաջանում, թե ինչո՞վ են զբաղված տվյալ շենքերի համատիրությունների աշխատակիցները: Ստիպված եմ նորից կրկնել, որ միայն գումար հավաքելը չէ իրենց պարտականությունը: Տվյալ գումարները հավաքագրվում են հենց այն նպատակով, որ արագ արձագանքեն մեր բնակիչների հնչեցրած ահազանգերին ու հնարավորին արագ լուծումներ տան նմանատիպ խնդիրներին: Այս մասով լուրջ անելիքներ ունեն վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ծառայությունները: Խստորեն վերահսկե՛ք համատիրությունների աշխատանքն ու հետևեք, որ կատարեն իրենց պարտավորությունները», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան
Համատիրությունների մասով կխնդրեմ Տարոն Մարգարյանին օրենքներ ուսումնասիրել և դուրս չգալ իր՝ քաղաքապետի օրենքով սահմանված լիազորություններից: