Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմի զոհերի հարազատներին թանկ գնով դրոշներ են վաճառել

Մայիս 02,2016 17:51

«Ադրբեջանը պատրաստվել էր նաեւ տեղեկատվական դաշտում: Այն փաստը, որ առաջին օրն ադրբեջանական մամուլը լռում էր, վկայում է այն մասին, որ նրան պատրաստել էին»,-մայիսի 2-ին «Հայելի» մամուլի ակումբում, վերլուծելով Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ իրականացրած ռազմական գործողությունների օրերին հակառակորդի քարոզչամեքենայի աշխատանքը, նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Էդգար Էլբակյանը:

«Ռազմական դաշտում Ադրբեջանի նպատակը կայծակնային պատերազմն էր, իսկ մամուլն էլ պետք է գործեր դրան համապատասխան: Բայց քանի որ ռազմաճակատում «դիսոնանս» տեղի ունեցավ, մոտ 8-9 ժամ ադրբեջանական մամուլը լռում էր: Հետո շատ արագ ադրբեջանական մամուլը վերադասավորեց ուժերը եւ քարոզչությունն իրականացրեց ռազմաճակատի իրողություններին համապատասխան: Քարոզչության հիմնական նպատակն է` ցույց տալ, թե իրենք հաղթում են: Ալիեւը տարիներ շարունակ ասում էր, որ իրենք ցանկացած պահի պատրաստ են ազատագրել Արցախը, ուստի քարոզչությունը պետք է ցույց տար, թե իբր նա սուտ չէր ասում: Թալիշի հայտնի կեղծ ցուցանակը, Ֆիզուլիի «վահանակի ֆեյքը» դրա օրինակներն են: Իհարկե, մոլորություն կլինի կարծել, թե Ադրբեջանի ժողովուրդը համատարած հիմար է: Առաջ էին տանում բարձունքների թեման, իբր դա քիչ բան չէ, իբր բարձունքներից վերահսկում են մեր տեղաշարժը եւ կարող են հարվածել Ստեփանակերտին»,-ասաց Էլբակյանը:

Նա դժվարացավ գնահատել, թե Ալիեւյան քարոզչությանը որքանով հաջողվեց իր հասարակության շրջանում ամրապնդել նշյալ տեղեկատվությունը, քանի որ ամբողջ ադրբեջանական հասարակության տրամադրությունը դիտարկել հնարավոր չէ: «Ադրբեջանում որոշներն ասում են` «երկու բարձունքի համար այսքան զո՞հ, ի՞նչ էր սա, մեծ հաշվով, ոչ մեկին պետք չէր նման բան»: Իսկ ալիեւյան քարոզիչները հավատում են, որ սա հաջողություն էր: Հաշվի առնենք նաեւ մտածողության տարբերությունը: Մենք քրիստոնեական-արեւմտյան էթիկայի կրողներ ենք, ցավում ենք յուրաքանչյուր զոհի համար, որովհետեւ մարդը մեզ համար բարձրագույն արժեք է: Իսկ իրենք իսլամական` թյուրքական էթիկայի կրողներ են եւ իրենց «մարտիրոսությունն» ավելի թեթեւ են տանում: Նրանց համար մի քանի տասնյակ հայի սպանելը երջանկություն է, որովհետեւ հայերին համարում են թիվ մեկ ատելի թիրախը»,- նկատեց բանախոսը:

Ադրբեջանական մամուլի մշտադիտարկման փորձագետ Տարոն Հովհաննիսյանն իր հերթին փաստեց, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ծածկել իր կորուստները: Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանցի զինվորների հուղարկավորությունների տեսանյութերում նկատելի են Ադրբեջանի` մեծ թվով դրոշներ: Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը, սակայն, գրել են, որ այդ դրոշները վաճառել են զինվորների հարազատներին, ընդ որում` թանկ գնով:

Էդգար էլբակյանը նաեւ տեղեկացրեց, որ ադրբեջանական մամուլն իր օգտին ծառայեցրեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի` քննարկումների առիթ դարձած  հայտարարությունը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031