«Նա յուրահատուկ արվեստագետ է: Կարելի է ասել, որ ճարտարապետությունը նրա կտավն է, որովհետև նկարում է ոչ թե կտավի, այլ ճարտարապետական բաղադրիչների վրա՝ ստեղծելով արտասովոր արվեստ»,- շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիին այսպես է բնութագրում Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասսերը:
Արվեստագետն այս օրերին Հայաստանում է և վաղը՝ մայիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, «Հայ Արտ» մշակույթի կենտրոնում հայ արվեստասերին կներկայանա իր «Տասնհինգ դիտակետ» խորագիրը կրող ցուցահանդեսով:
Այն ընդգրկում է տասնհինգ լուսանկար, որոնցից յուրաքանչյուրը պատկերում է որոշակի դիտակետից արված աշխատանք. «Իմ բոլոր ստեղծագործություններն ունեն մեկ դիտակետ: Երբ այդ դիտակետից եք նայում, ամբողջ աշխատանքը կապակցվում է: Երբ նայում եք այլ դիտակետից, ամեն ինչ բեկոր-բեկոր առանձնանում է, և այլ պատկեր եք տեսնում»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Ֆելիչե Վարինին:
64-ամյա արվեստագետը 20 տարուց ավելի է՝ ճարտարապետական կառույցներ ու տարածքներ է հետազոտում։ Ստեղծագործության առարկա ընտրելով փակ տարածությունները, քաղաքային միջավայրը՝ վերջիններիս մեջ ստեղծում է երկրաչափական աբստրակտ ինստալյացիաներ, որոնք առաջին հայացքից գուցե այնքան էլ ըմբռնելի չեն դիտողի համար։ Սակայն դրանք, անսպասելիորեն մեկ կետում՝ «դիտակետում» կենտրոնացնելով դիտողի հայացքը, բացահայտում են տվյալ ճարտարապետական կառույցի առանձնահատկությունները։
Կարդացեք նաև
Նկատենք, որ շվեյցարացի արվեստագետն առաջին անգամ է մեր երկրում: Ասում է, որ իրեն ոգևորում, ոգեշնչում են հատկապես նոր բաներն ու անկանխատեսելի իրավիճակները, որոնք կարող են լինել նաև ճանապարհորդությունների ժամանակ. «Ես նոր-նոր եմ սկսում ճանաչել Երևանը: Կարծում եմ, որ մոտակա չորս օրերի ընթացքում ավելի լավ կճանաչեմ, ու կլինեն վայրեր, որոնք ինձ կներշնչեն, ստեղծագործելու ցանկություն կառաջացնեն:
Ի դեպ, այս ընթացքում նկատել եմ, որ Երևանում շատ շենքեր վարդագույն են, այսինքն՝ կարմիրն այստեղ բավականին շատ է: Մտածում եմ, որ եթե ես այդպիսի շինությունների հետ աշխատեի, հավանաբար արծաթագույնը կօգտագործեի կամ կոնտրաստային մեկ այլ գույն: Ես դիտավորյալ շատ քիչ գույներով եմ աշխատում, որովհետև երբ գույն եմ տալիս որևէ ճարտարապետական կառույցի, այնտեղ արդեն կա գույն:
Սա որոշակի հարաբերություն է իրականության հետ: Իմ աշխատանքը չի կարող թաքցնել կամ փոփոխել իրականությունը: Այն ձգտում է պահպանել նրա որակներն ու ինքն էլ իր կողմից որոշակի որակներ բերել: Սա դեկորատիվ գունավորում չէ»,- ընդգծեց Ֆելիչե Վարինին:
Հավելենք, որ «Տասնհինգ դիտակետ» խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում բացվող ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 13-ը:
Բացի ցուցահանդեսից, արվեստագետը Հայաստանում հանդես կգա նաև ստեղծագործական հանդիպումներով (մայիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և մայիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, «Միրզոյան» գրադարանում):
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ