Մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար գումարտակի աչքի ընկած սպաներին ու զինվորներին պարգեւատրելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը, Վարդենիսի եւ Սեւանի տարածքների մի շարք համայնքների ղեկավարներ այցելեցին ՀՀ ԶՈՒ սահմանապահ զորամաս: Հոգեւոր սպասավոր Էդուարդ սարկավագ Սեփանյանի խոսքով և տերունական աղոթքով զորամասում մեկնարկեց նախատեսված միջոցառումը: ՙՍիրելի զինվորներ, բոլորիդ շնորհավորում եմ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար:
Ապրիլյան հերոսամարտերից ու հաղթանակներից հետո մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Հայաստանի անկախության տարիների ամենաթանկ նվաճումը Հայոց բանակն է: Թե Արցախյան գոյամարտի տարիներին, թե այժմ կռած հաղթանակները բոլորիս մեջ ամրացրին հայրենի հողն անառիկ պահելու գաղափարը: Դուք ապացուցեցիք, որ հայի ոգին հզոր է, հայ զինվորը՝ անպարտ: Նա սահմանի վրա անվրեպ խեցում է թշնամու տանկերն ու մարտական ուղղաթիռները, ապացուցելով, որ իրեն ոչ մի ուժ չի կարող հաղթել: Թշնամու հարձակումը համախմբեց հայ ազգին աշխարհով մեկ, եւ ձեր թիկունքն այսօր ամուր է այդ համախմբմամբ: Ձեր կողքին է ողջ Գեղարքունիքի մարզը, Հայաստանն ու Սփյուռքը:
Մենք հպարտանում ենք ձեզնով, խոնարհվում ձեր սխրանքների ու փառքի առաջ՚,-իր խոսքը Հայոց բանակի մարտիկներին ուղղեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՙՀայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի անունից ձեզ եմ փոխանցում շնորհակալական խոսքերը՝ մարտական առաջադրանքի փայլուն կատարման համար: Դուք եք այսօրվա հերոսները, որ անվեհեր մարտնչել եք մարտերում: Ձեր հաղթանակը ոչ միայն կայացել է ռազմի դաշտում, այլ նաեւ ազգի ոգին բարձրացնելու եւ հզորացնելու ուղղությամբ: Այսօր մենք շատ ավելի հզոր ենք, քան մեկ ամիս առաջ՚,-իր խոսքը եզրափակեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:
ՙՍիրելի զինակից ընկերներ, մեր հավաքում ուզում ենք ոգեկոչել Տիգրան մեծին, ով ստեղծեց ծովից ծով Հայաստան, մենք ուզում ենք ոգեկոչել Վարդան Մամիկոնյանին, Սարդարապատի ճակատամարտի հերոսներին,Արցախյան գոյամարտի հաղթանակը կրողներին: Մենք պետք է արժանիորեն շարունակենք մեր հերոս հայրերի փառապանծ ուղին մեր քաջությամբ ու համախմբվածությամբ,-ծառայակից ընկերներին դիմեց Հայոց բանակի կրտսեր սերժանտ Մուշեղ Սիմոնյանը: ՙՄեր գումարտակն անթերի կատարեց իր մարտական հանձնարարությունը: Այսուհետ էլ մենք պատրաստ ենք մարտական ցանկացած հանձնարարության՝ հանուն մեր հայրենիքի պաշտպանության, հանուն խաղաղության, որը ձեռք է բերվում հայ զինվորի կռած հաղթանակներով,-շեշտեց գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Հարությունյանը:
Մարտական արիության համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց հինգ, դրամով՝ քսան զինծառայողի: ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի պատվոգրով պարգեւատրեց տասնհինգ եւ դրամով՝ քսան զինծառայողի: Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը Վարդենիսի քաղաքապետի պատվոգրով պարգեւատրեց տասնհինգ եւ դրամով՝ հինգ զինծառայողի: 12 զինծառայողներ դրամական խրախուսանքի արժանացան Ծովակի, Մաքենիսի, Մեծ Մասրիկի, Ախպրաձորի, Լճավանի, Վանեվանի, Տորֆավանի, Տրետուքի, Նորակերտի եւ Արփունքի գյուղապետարանների կողմից: Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր եւ Լճաշեն համայնքների կողմից աջակցության կարգով զորամասին տրվեց ռետինե կոշիկներ եւ ծխախոտ: Միջոցառման ավարտին Եղեգնուտի միջնակարգ դպրոցի աշակերտները հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով, որի ներքո ռազմական պար բռնեցին գումարտակի զինվորները:
Գեղարքունիքի մարզպետարան