Սույն թվականի ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը:
Մենք գտնում ենք, որ բարեկամ երկրում տեղի հայության նկատմամբ իշխանության ներկայացուցիչների նման վարքագիծն անընդունելի է: Հույս ենք հայտնում, որ կատարվածի մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որը և կհարթի այդ տգեղ միջադեպը:
Կարդացեք նաև
«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը