Ապրիլի 30-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Սենթ Քեթրինզ քաղաքում բացեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:
Միջոցառմանը մասնակցում էին Կանադայի իշխանությունների ներկայացուցիչներ` դաշնային, նահանգային և տեղական մակարդակներով, Տորոնտոյում հավատարմագրված դիվանագետներ, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, լրագրողներ:
Հուշարձանի բացման արարողությունից հետո կայացավ պաշտոնական ընդունելություն: Իր ելույթում դեսպան Եգանյանը նշեց, որ Սենթ Քեթրինզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Սենթ Քեթրինզի հայ համայնքը Կանադայում ձևավորված առաջին հայ համայնքն է: Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Կանադայի իշխանություններին ու կանադահայությանը` հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում մշտապես ունեցած կարևոր դերի համար:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կանադայում շարունակվում են:
Կարդացեք նաև
Տեղեկանք. Սեն Քեթրինզում ժամանակին բնակվել են նաև հայտնի «Ջորջթաունի տղաներից» ոմանք: Կանադայի կառավարության հատուկ արտոնությամբ 1923-1927թթ. 8-12 տարեկան 109 հայ որբեր մի խումբ կանադացի բարերարների ջանքերով ու Կանադայի Հայ Օգնության Ընկերակցության կազմակերպությամբ տեղափոխվել են Կանադա` հաստատվելով Օնտարիո նահանգի Ջորջթաունի որբանոց-երկրագործական դպրոցում։ Այստեղից էլ գալիս է «Ջորջթաունի տղաներ» անվանումը: Այսօր Կանադայում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք Ջորջթաունի տղաների շառավիղներն են։
ՀՀ ԱԳՆ