Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են դառնում դպրոցի տնօրեն. դպրոցական խորհուրդները «ժողովրդավարության դեկորացիա»

Մայիս 02,2016 16:39

Դպրոցների ղեկավարման ոլորտում թեև բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել, ըստ օրենքի այժմ մրցութային կարգով են ընտրվում տնօրենները, սակայն առկա իրավիճակը վկայում է այն մասին, որ միևնույն է, դպրոցների տնօրեններ են «նշանակվում» հիմնականում իշխանահաճո անձինք։

Տնօրենների ընտրության անկողմնակալությունն ապահովելու նպատակով դեռևս տարիներ առաջ ստեղծվել են ութ անձից բաղկացած դպրոցական խորհուրդներ, որում ներառված են չորս հոգի վերադաս մարմնից` մարզային կամ համայնքային և նախարարության ներկայացուցիչ, դպրոցի երկու ուսուցիչ և երկու ծնող: Սակայն այս խորհուրդների առկայությունը ևս չի փրկել իրավիճակը և վերջին տարիներին մի քանի բողոքի ակցիաները վկայում են, որ Հայաստանի համար սա լավագույն տարբերակը չէ։

Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում ևս մի քանի համայնքներ հասցրել են իրենց դժգոհությունը հայտնել թե’ նշանակված տնօրենների, թե’ ժամանակավոր պաշտոնակատարների դեմ, որոնք, չնայած բողոքներին, սովորաբար հետո շարունակում են աշխատանքը որպես տնօրեն։

Հայաստանի Տավուշի մարզի համայնքներից մեկում այս տարվա սկզբին հերթական դասադուլը ևս անցկացվում էր «վերևներից» տնօրենի նշանակման դեմ և կրկին արդիական դարձրեց այս խնդիրը։

Բերքաբեր համայնքի դպրոցի տնօրենի ընտրության համար, ինչպես օրենքն է պահանջում, դպրոցի խորհրդի կողմից երկու անգամ անցկացվել են նիստեր, սակայն դրանց ընթացքում որոշում չի կայացվել, քանի որ խորհրդի կազմը թերի է եղել, և կրկին՝ ինչպես օրենքն է պահանջում, տնօրենի թեկնածուների անուններն ուղարկվել են փոխվարչապետին, ով էլ ընտրել է ոչ թե վերջին երկու տարիներին դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարին, ում սատարում են գյուղացիները, այլ մեկ ուրիշ ուսուցչի, ում թեկնածությունն ըստ գյուղացիների՝ սատարում է անձամբ գյուղապետը։

Գյուղացիները պնդում էին, թե դպրոցի խորհրդի նիստերը ևս միտումնավոր են խափանվել, որպեսզի հետո փոխվարչապետը նշանակի «իրենց մարդուն»։

Ի վերջո, 32 աշակերտից բաղկացած դպրոցում դասադուլի հետևանքով խափանված աշխատանքը իշխանություններին ստիպեց վերանայել որոշումն ու առաջիկայում դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ կանցկացվի:

Սակայն կրթության ոլորտի մասնագետները վստահ են՝ սա ո’չ առաջին, ո’չ էլ վերջին դեպքն է։ Փորձագետները նման դեպքերի առկայությունը կապում են դպրոցների խորհուրդների ինստիտուտի անկատարության հետ։

Serob

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում դպրոցական խորհուրդների ներդրումն արդյունավետ չէ, թեև այդ գաղափարը շատ լավն է ժողովրդավարական է, փորձում է ապահովել դպրոցի մասնակցային կառավարում, սակայն ըստ փորձագետի՝ խորհրդի անդամները, որքան էլ անցնեն վերապատրաստումներ, դրանով չի լուծվում հարցը, այդ մարդիկ պետք է ունենան կարողություն որոշումների վրա ազդեցություն ունենալու համար:

«Մեզ մոտ խորհուրդը դառնում է դեկորացիա, որի տակ արվում է այն, ինչ նախկինում՝ միանձնյա որոշմամբ նշանակվում է տնօրեն համապատասխան լիազոր մարմնի կողմից: Իսկ խորհուրդն ապահովում է այդ ամենի ընթացակարգը, փաստաթղթային մասը, մի խոսքով, ստեղծում է դեկորատիվ մաս ու արդյունքում ձևական, արհեստական կառույց է, որից առանձնապես ո’չ տնօրեններն են կարողանում օգուտ ստանալ, ո’չ էլ` խորհրդի անդամները: Փորձը ցույց է տալիս, որ այս տեսակի խորհուրդները, որտեղ մարդիկ չեն վճարվում, դրա մասնագետը չեն, շատ հաճախ չեն աշխատում»,֊- ասում է Խաչատրյանը:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կրթական ծրագրերի համակարգող Լիլիթ Նազարյանն ասում է, որ մի քանի հետազոտություններ են  կատարվել այս ոլորտում, որոնց արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ տնօրենի նշանակումը թափանցիկ ու հնարավորինս մասնակցային դարձնելու նպատակով ստեղծված խորհուրդները չեն կատարում իրենց ֆունկցիան ու առաջացնում են բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր։

«Հիմնական խնդիրն ի սկզբանե գալիս է օրենսդրական կարգավորումից, թե ինչպես է ձևավորվում դպրոցի կառավարման խորհուրդը, ովքեր են ներառվում դրա մեջ։ Հասկանալի է, որ խորհրդի կազմում ընդգրկված որևէ ծնող, նույնիսկ եթե նա լինի ամենաարդարն ու կամեցողը, կառավարման խորհուրդների վրա որևէ ազդեցություն ունենալ գործնականում չի կարողանա»,- ֊ասում է Նազարյանը՝ հավելելով, որ աթոռների բաշխումն անհավասար է, ցանկացած որոշում դառնում է կառավարելի և ստացվում է, որ կառավարող գերատեսչությունն, ըստ էության, որոշում է, թե ով պետք է նշանակվի տնօրեն։

«Կոռուպցիայի դեմ պայքարը և բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» հետազոտությունը ևս փաստում է.

«Հիմնականում գերիշխում է այն կարծիքը, որ դպրոցական խորհուրդները չեն իրականացնում իրենց բուն առաքելությունը՝ դպրոցի գործունեության նկատմամբ վերահսկողությունը (Թրփանճեան հասարակական հետազոտությունների կենտրոն, 2012թ.), ինչով խախտվում է լիազորությունների հավասարակշռությունն ի օգուտ տնօրենների, որոնցից շատերը թերևս դպրոցական խորհուրդներն օգտագործում են դպրոցի գործունեության բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ կադրային հարցերին վերաբերող որոշումները պարզապես օրինականացնելու համար: Հիմնական խնդիրը թերևս կայանում է դպրոցական խորհրդի անդամների որակական հատկանիշների մեջ, որոնք ընտրվում են հենց իրենց պասիվ դիրքի պատճառով և (կամ) ակնհայտորեն շահերի բախման հանգամանքներում»:

Anahit-Bakhshyan

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը նշում է, որ տնօրենները շարունակում են նշանակվել քաղաքական իշխանությունների կողմից, հետևաբար նաև՝ ենթարկվել նրանց:

«Շատ հաճախ իշխանության ուզած մարդն ու համայնքի ուզածը չեն համընկնում և իշխանությունն իր բիրտ ուժով տնօրենի ընտրության կարգը հարմարացնում է իրեն, որ իր ուզած մարդը լինի, որ հետագայում ինչ-ինչ հարցերում համագործակցելը հեշտ լինի,֊- ասում է փորձագետը՝ անընդունելի համարելով փոխվարչապետի կողմից որոշում կայացնելը.

«Դա չլսված բան է իհարկե, փոխվարչապետը ուրիշ բան ու գործ չունի, պիտի Հայաստանի հանրապետության տասը մարզերի չընտրված տնօրենների հավակնորդների գործերը ուսումնասիրի, որոշի, թե ով պիտի լինի տնօրեն, փոխվարչապետը Երևանում նստած պիտի որոշի թե որտեղ ով կառավարի, սա խայտառակություն է»։

Բախշյանը վստահ է, որ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներն արհեստականորեն ձգձգվում են, չեն կայանում, որպեսզի վերջում փոխվարչապետի կողմից տնօրեն նշանակվի իրենց ցանկացած մարդը:

Ի վերջո, հայտնի է, որ Հայաստանում դպրոցի տնօրեններն էլ իրենց մեծ ու փոքր ներդրումն ունեն երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների մեջ։ Հատկապես փոքր համայնքներում իշխանությունը շատ հաճախ բաժանվում է համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի միջև։

Դպրոցի տնօրեններն այն մարդիկ են, ովքեր տարբեր ընտրություններում իրենց լուրջ ներդրումն են ունենում իշխանությունների օգտին։ Նախընտրական քարոզարշավների շրջանում շատ հաճախ դպրոցների տնօրենների հորդորով հենց ուսուցչական կազմերն են պարտաճանաչորեն ներկայանում իշխանությունների կազմակերպած միջոցառումներին՝ այդպիսով դրանցում գլխաքանակ ապահովելով, իսկ բուն ընտրությունների օրը, որոնք անցկացվում են հենց կրթօջախներում, տնօրենները շատ հաճախ հսկում են, որ ամեն բան «խաղաղ հունով ընթանա», վերջին հանրաքվեից հետո հարուցված գործերն էլ փաստում են, որ երբեմն էլ նույնիսկ մասնակցում են ընտրախախտումներին։

Ըստ փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ Հայաստանում բարեփոխումները պետք է նախապատրաստվեն, հասունացվեն, նոր արվեն։

«Մենք շատ հաճախ անում ենք բարեփոխումներ՝ հիմնավորելով, որ պատրաստ լինելուն սպասելը տարիներ կպահանջի, սակայն շատ կարևոր է, որ ներդրվող ծրագրերը հետևողական ձևով քաղաքական կամքի միջոցով իրագործվի, ոչ թե ներդնենք ու հետո էլ հետամուտ չլինենք դրա իրականացմանը: Այս տեսակի ձախողումները մարդկանց մոտ անվստահություն են առաջացնում կրթական բարեփոխումների նկատմամբ: Մարդիկ սկսում են մտածել, որ սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ չարեփոխում: Անվստահությունը շատ լուրջ ազդում է համակարգի, միջավայրի վրա»,- կարծում է Խաչատրյանը:

 

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:

 

[email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031