Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Ասում էին, մի խոսեք. Պուտինն ու Սերժը ինչ-որ բաներ են պայմանավորվում» (Տեսանյութ)

Մայիս 02,2016 15:51

«Չեմ ուզում հարցազրույցները վերլուծել: Մենք ամեն ինչ պետք է նայենք Հայաստանի անելիքների կտրվածքով: Հայաստանն`ի դեմս այսօրվա գործող իշխանության, պատրա՞ստ է օգտագործել առանձին, հայտնի քաղաքական, միջազգային գործիչների խորհուրդները կամ ներուժը, լավ կլինի: Եթե`ոչ…»,- «Հայացք» մամուլի ակումբում, Aravot.am-ի հարցին`վերլուծել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջին եւ երրորդ նախագահների հանդիպումը, երկրորդ նախագահի կրավորական կեցվածքը, ապա հրապարակված «փոխհրաձգության» տեսքով հարցազրույցները, ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Նա նկատում է`իշխանությունն իր վրա պատասխանատվություն է վերցրել, նաեւ խորհրդարան տանելով այնպիսի գործիչների, որոնք հեռու են քաղաքական լինելուց, որոնց ժողովուրդը չի ուզում:

«Պառլամենտը պարտավոր է զբաղվել նաեւ դիվանագիտությամբ: Այն բացասական վերաբերմունքը, որն ունի Հայաստանը տարբեր միջազգային ինստիտուտներում, Ադրբեջանի հետ համեմատ, նաեւ ի շնորհիվ պատգամավորների է, որոնց չգիտեմ ինչ ձեւով են խցկել ցուցակ կամ ինչ ձեւով անցկացրեցին պատգամավորներ: Անուններ ասել չեմ ուզում, բայց պատկերացրեք ձեր ճանաչած այդ մարդիկ, այս պատասխանատվությամբ, գնում են ԱՄՆ կամ ՌԴ ու փորձում են խոսել իրենց կոլեգաների հետ, որ իրավիճակն այնպիսին է, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգությունը վտանգված է: Աշխատանքից ազատումներ եղան: Ես չգիտեմ, գուցե պիտի լինեն, բայց այդ մարդիկ երեւի այն մարդիկ չեն, որոնք այս երկրի ռազմավարությունն են ստեղծել եւ մեզ բերել են այս վիճակին»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

Aravot.am-ի մյուս հարցին՝ ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցում տարրեր երեւո՞ւմ են, որ ՀՀ-ն ցանկանում է, այսպես ասած, պորտալարը ՌԴ-ից կտրել, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ոչ: Ինձ թվում է, դա այդ ձեւով չի արվում: Բայց ժամանակն է, որ ՌԴ-ի հետ Հայաստանը մի փոքր այլ ձեւով խոսի: Ոչ թե վերջնագրերով, կամ ինչպես ինքն ասաց «հիստերիա» բառը… Եթե ասում էինք, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները չեն ստեղծել այն անվտանգության համակարգը, ինչի մասին խոսում էին բոլորը`սկսած կառավարության միջին օղակներից, վերջացրած Սերժ Սարգսյանով, խոսքը սեպտեմբերի 3-ի գործընթացի մասին է, մեզ ասում էին`մի խոսեք, ստեղծված համակարգը փայլուն, գործող համակարգ է եւ առաջին հերթին Արցախի համար: Ասում էին, մի խոսեք, այնտեղ, անկյունում, Պուտինն ու Սերժը ինչ-որ բաներ են պայմանավորվում»:

Բանախոսը կարծում է, որ եթե հայ-ռուսական հարաբերություններում կան «չաշխատող կետեր», պետք է աշխատեցնենք, որոշ կետեր ընդհանրապես վերանայենք:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031