Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ից կքննարկվի բոլոր 18 տարեկան տղաներին բանակ զորակոչելու նախաձեռնությունը

Մայիս 02,2016 15:48

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով` «երիտասարդները թող գնան բանակ, գան ու դրանից հետո գիտությամբ զբաղվեն»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պողոսյանը հիշեցրեց, որ դեռ երկու տարի առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հետ նախագիծ է ներկայացրել, որ ուսանողներին չպետք է տրվի տարկետում, այսինքն՝ 18 տարեկանը լրացած արական սեռի ներկայացուցիչները պետք է ծառայեն բանակում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ վերջին նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց,  որ այդ գաղափարը լրամշակված տեսքով շատ շուտով կառավարությունը ներկայացնելու է խորհրդարան:

Թևան Պողոսյանը հավաստիացրեց, որ այս նախաձեռնությունը որևէ կապ չունի ապրիլյան դեպքերի հետ, քանի որ ժամանակին քննարկումը թեժ եղավ, ինչից հետո քննարկումները հետաձգվեցին:

Ըստ Թևան Պողոսյանի` բանակից խուսափելու համար այժմ գործում է երեք տարբերակ` երկրից մեկնելը, առողջական խնդիրներ ունենալը, որը, ըստ նրա` կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և կրթական համակարգը: Այս առիթով պարոն Պողոսյանն ասաց. «Շատ են խոսում` ինչպե՞ս կարելի է չօգնել մարդկանց զբաղվել գիտությամբ, հատկապես` ասպիրանտներին: Մեր առաջարկը եղել է, որ այս խողովակի մուտքն արդար լինի՝ թող գնան բանակ, գան ու դրանից հետո գիտությամբ կզբաղվեն»:

Ըստ պատգամավորի` բանակից ազատումների վիճակագրությունը վկայում է, որ 2010-ին ազատումները1 0 հազար են կազմել կրթական ոլորտում, 4000-ը` առողջապահական: Իսկ երբ 2010-ին որոշում ընդունվեց, որ այլևս վճարովի տարեկետման իրավունք չի լինելու, բանակից ազատվողների թիվն իջել է մինչև 1000:

Ըստ Թևան Պողոսյանի` իրենց ներկայացրած նախագծի մեջ էլ կան հնարավորություններ, որ տաղանդավոր երիտասարդները, ովքեր մինչև 18 տարեկան են և ապացուցել են, որ ունեն յուրահատուկ տաղանդ, ունենալով համապատասխան ցանկ՝ օրինակ միջազգային օլիմպիադաներում հաղթանակի պատվոգրեր, կարող են շարունակել կրթվել:

Հարցին` արդյոք ինքը ծառայե՞լ է բանակում, պարոն Պողոսյանը պատասխանեց, թե ինքն էլ է ամեն ինչից օգտվել օրինական ու հավելեց. «Ես Ղարաբաղում եմ եղել պատերազմի ժամանակ, մնացածը դուք գնահատեք»:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը փաստեց, թե ներկայիս օրենսդրության համաձայն` ցանկացած երիտասարդ, թեկուզ բուհ ընդունվելու պարագայում, պարտավոր է գնալ բանակ՝ բացառությամբ պետական պատվերներով ընդունվածների:

Հավանություն տալով ներկայացված օրենսդրական նախագծին` նա նշեց, թե համաձայն չի այն կարծիքին, որ բանակից հետո երիտասարդներն ավելի քիչ են հետաքրքրվում գիտությամբ. «Կարող եմ վստահաբար պնդել, որ հրաշալի երիտասարդներ ունենք, որ բանակում ծառայելուց հետո ավելի խորն են գիտակցում, թե ուզում են տվյալ ոլորտում մասնագիտանալ, թե ոչ»: Ըստ պատգամավորի` մեր երկրում պետք է բոլորը զորակոչվեն:

Թևան Պողոսյանը տեղեկացրեց, որ դեռ այս հարցով քննարկումները չեն սկսել, բայց հավանաբար սեպտեմբերի 1-ից այդ մոտեցումը կլինի: Իրենց մեղադրողներին պարոն Պողոսյանն ասաց. «Թող իրենք ասեն` գիտությանը նպաստելու համար ինչքան գումար են առաջարկել, ես տարեցտարի կրկնել եմ, որ մեկ միլիարդ դրամով պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը: Քննադատողները օրենքի նախագիծը լավ չեն կարդացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031