Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Եթե ԼՂ-ի ճանաչումը ամրապնդում է ԼՂ-ի անվտանգությունը, պետք է ճանաչենք»

Մայիս 02,2016 14:46

Ապրիլյան քառօրյա պատերազմով Ադրբեջանը ստուգում էր միջազգային հանրության եւ առանձին ազդեցիկ երկրների արձագանքը: Հատկապես`ՌԴ-ի, քանի որ Հայաստանի ղեկավարները միշտ ասում էին`ԵԱՏՄ անդամ ենք, ՌԴ-ն մեր դաշնակիցն է, մենք նույն անվտանգության համակարգում ենք, Ադրբեջանն այնտեղ չէ: Երրորդ`Ադրբեջանը ցանկացավ ստուգել ԼՂ-ի ռազմական ներուժը: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառների իր վերլուծությունը ներկայացրեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Այս երեք գործոններից ամենահզորը, ըստ բանախոսի, ԼՂ-ի ռազմական ներուժն էր, որը գործեց: Ոչ միջազգային հանրությունը պատշաճ արձագանքեց, ՌԴ-ի արձագանքն էլ «անատամ եւ չեզոք» էր:

Հովհաննես Իգիթյանը հիշեցնում է, որ երկար ժամանակ Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում որոշակի գործունեություն էր ծավալում, այն հռետորաբանությունը, որն օգտագործում էր, դուրս էր Մինսկի խմբի շրջանակներից: «Մինսկի խումբը, որ ստեղծվում էր, շատ դժվար փուլ էր: Շատ դժվարությամբ ձեռք բերվեց նաեւ խոսելու տերմինոլոգիան. «օկուպացված» տարածքների մասին խոսք չկա, Ադրբեջանն ընդունել էր ԼՂ ձեւակերպումը, մենք էլ զիջել էինք` ԼՂՀ չէինք ասում»,- պատմական կարճ էքսկուրսից հետո բանախոսը նկատեց, որ նաեւ այդ բանակցությունների դրական ֆոնի շնորհիվ էր, որ Ադրբեջանին հաջողվեց ներդրումներ ներգրավել:

Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելը Հովհաննես Իգիթյանը ինքնանպատակ չի համարում. «Եթե ԼՂ-ի ճանաչումը ամրապնդում է ԼՂ-ի անվտանգությունը՝ պետք է ճանաչենք, եթե դա պետք է լինի քայլ` քայլի համար, անիմաստ է: Հայաստանն այս իրավիճակում նոր ռազմավարական դոկտրին պիտի ստեղծի`քաղաքական եւ ռազմական, քանի որ Ադրբեջանին զսպող որեւէ մեխանիզմ այսօր չի գործում»:

Խոսելով բանակցությունների, դրանց հնարավորությունների, ձեւաչափերի մասին, Հովհաննես Իգիթյանը հիշեցնում է`2001 թվականից ԼՂ-ն դուրս մղվեց բանակցություններից, Հայաստանի այդ ժամանակ գործող նախագահի ջանքերով կամ ցանկությամբ: ԼՂ-ն, սակայն, ըստ նրա, անուղղակի, միշտ էլ մասնակցել է բանակցային գործընթացին, մինչդեռ վերջին շրջանում ԼՂ նախագահի, ԱԳ նախարարի, նախագահի խոսնակի հայտարարությունները թույլ են տալիս ասել, որ ԼՂ-ն իր առաջարկներով պատրաստ է հանդես գալ. «ԼՂ-ն ցույց տվեց, որ ռազմական գործոն է եւ կարող է գործընթացի դիվանագիտական կողմ լինել»:

Հովհաննես Իգիթյանը նկատում է`ռազմական գործողությունները չեն ավարտվել, կրակոցներն ամեն օր են, դրանց ինտենսիվությունը նշանակություն չունի: Բայց քաղաքական բանակցությունների հնարավորությունն էլ, ըստ նրա, վերջնականորեն կորսված չէ. «Քաղաքական բանակցություններ իհարկե, պիտի լինեն, հարցն այն է, ո՞ր կողմերի միջեւ եւ ի՞նչ ձեւով: Ադրբեջանը խնդրել էր ԼՂ-ին ռազմական գործողությունները դադարեցնել, բայց Ադրբեջանը չի ուզում նստի բանակցային սեղանի շուրջ: Բանակցությունները պիտի շարունակվեն անպայման ԼՂ-ի մասնակցությամբ: Բանակցային որոշ կետեր պետք է փոխվեն: Մինսկի խումբը ստեղծվել էր խաղաղության պաշտպանության եւ ԼՂ-ի կարգավիճակի համար: Այսօր բոլորն են համաձայն, որ այդ խումբը մոնիտորինգի հնարավորություն ունենա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031