Պետք է ոչ թե թուրքական ապրանքների ներմուծումն արգելել, այլ դիվանագիտական հարաբերություններ զարգացնել, մի բան էլ հումք ներկրել ու Թուրքիայի վրա պատրաստի արտադրանք վաճառել: Այս համոզմանն է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, որի խոսքերով, թուրքական ապրանքների ներկրման արգելքից Թուրքիայի բյուջեն գրեթե չի տուժելու. «70 անգամ մեզնից մեծ տնտեսություն ունի, սանկցիոն ռեժիմով խոսելը ո՞րն է: Այդ արգելքն 90 տոկոսով միայն մեզ է վնասելու»:
Տնտեսագետի հաշվարկներով, Հայաստան ներկրած ապրանքների արժեքից տարեկան, անգամ 10 միլիոն դոլար էլ չի մտնում Թուրքիայի բյուջե, ինչը 720 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունք` ՀՆԱ, ունեցող այդ երկրի համար գրեթե ոչինչ է:
Ըստ պարոն Խաչատրյանի, 2016 թվականի առաջին եռամսյակում 24 միլիոն դոլարի ներմուծում ենք արել Թուրքիայից: Հայաստանից էլ, ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արտահանվել է 146 հազար դոլարի ապրանք` չնայած որ Թուրքիայի հետ մեր երկիրը պաշտոնական առեւտուր չունի:
Aravot.am-ի հարցին, թե Հայաստանը որքա՞ն կտուժի առեւտուրը դադարեցնելու պարագայում եւ ինչպիսի այլընտրանքային շուկաներ կան Թուրքիային փոխարինելու, Վիլեն Խաչատրյանն ասաց, որ այդ թիվը կախված է ներմուծման ծավալից, որը տարեկան տատանվում է 137-ից մինչեւ 240 միլիոն դոլար:
«Պետք է հաշվել դրա 33 տոկոսը` մաքսային ձեւակերպումների եւ այլնի տեսանկյունից, մեր բյուջետային մուտքերի պակասեցումը կլինի 40-80 միլիոն դոլար»:
Կարդացեք նաև
Որպես այլընտրանքային շուկաներ, պարոն Խաչատրյանը տեսնում է Իրանը, Չինաստանը, Վրաստանը. «Լվացվող մաքրող միջոցներից գուցե չինական շուկան է համեմատաբար էժան, եւ մեր հիմնական գործընկերներից հայացք գցենք դեպի ասիական տարածաշրջան: Բայց, այնուամենայնիվ, 570 անուն ապրանք է ներկրվում եւ դրանցից յուրաքանչյուրի համար պետք է դեպք առ դեպք քննարկել»:
Մանրամասները` տեսանյութում
Վիլեն Խաչատրյանը նաեւ դեմ է միջնորդավորված` երրորդ երկրի միջոցով ապրանք ներկրելուն, որը ապրանքի գինը անտեղի բարձրացնում է. «Օրինակ` չինական ապրանք Հայաստան է մտնում 11,7 տոկոս, բայց ուղիղ Չինաստանից՝ 5,7 տոկոսը, մնացած 6 տոկոսը միջնորդավորված է գալիս, երրորդ երկրից»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ