Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը կոչ է անում Հերմինե Նաղդալյանի թեման մաստակ չսարքել՝ զինվորի ոգին ընկնում է

Մայիս 02,2016 12:32

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում հայտարարեց՝ ստեղծված պատերազմական իրավիճակում «բարոյական չէ ստեղծել արհեստական օրակարգ եւ պահանջել երկրի գլխավոր գերագույն հրամանատարի հրաժարականը: Դժվար է պատկերացնել, որ այսօր այդ հարցը կա օրակարգում»:

Ըստ նրա, կան մարդիկ, որոնք այս իրավիճակն օգտագործում են՝ սեփական հեղինակությունը վերականգնելու համար: Քաղաքական դաշտը 2017-ի ընտրություններից առաջ նախանախընտրական փուլում է, դիրքեր են փորձում ստանալ: Եվ այն, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում, նոր Սահմանադրությունը դարձնում է բացարձակ լեգիտիմ: Այն շրջանակները, որոնք ոչ-ի շարժման մեջ էին, շարժվում են նոր խաղի կանոններով:

Հարցին՝ կիսո՞ւմ եք Հերմինե Նաղդալյանի մոտեցումները Ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Թողնում եմ տիկին Հերմինեին՝ իր հարցազրույցի հետ կապված մեկնաբանությունը, ինչն արել է: Եկեք ամեն ինչ դնենք մի կողմ եւ պարզ խոսենք՝ արդյոք այս թեմայի հետագա քննարկումը բարձրացնո՞ւմ է մեր զինվորի ոգին, արդյոք չի բերում նրան, որ տղերքը, որոնք կանգնած են առաջնագծում, ծանոթանալով լրահոսին՝ որոշակի հոգեբանական խնդիրներ կարող են ունենալ: Ղարաբաղյան խնդրի կարգավորումը ԱԺ մանդատը չէ, դա երկրի ղեկավարի մանդատն է՝ նախագահի մանդատն է, իսկ Սերժ Սարգսյանի տեսակետներին կարողացել եք հաղորդակից լինել: Այս հարցի իրական տերը ԼՂՀ ժողովուրդն է, Բակո Սահակյանը հստակ բարձրաձայնեց իրենց մոտեցումները»:

Արմեն Աշոտյանն ասաց, որ մարդկանց խումբ կա, որն «արյուն» է ուզում՝ պաշտոնանկություններ, հրաժարականներ. «Կա այդ էներգիան որոշակի մարդկանց մոտ, բայց այդ էներգիան արդյոք կառուցողակա՞ն է, թե՞ ոչ: Այն, ինչ կատարվելու է՝ կատարվում է, ով չպետք է աշխատի՝ չի աշխատելու»:

Հարցին՝ Դուք անձամբ կո՞ղմ եք Հերմինե Նաղդալյանի հրաժարականին, թե՞ ոչ՝ Արմեն Աշոտյանը հարցադրումը ոչ կոռեկտ համարեց. «Ես մի քիչ ավելի լուրջ եմ տրամադրված այս հանդիպմանը: Անլուրջ է այս հասարակական քննարկումների պոչը, ինքը չի այդ հարցի իրական տերը՝ մանդատի առումով: Ինքը բացատրությունները տվել է, մաստակ սարքել այս թեմայից, նշանակում է չհասկանալ ինչն է ճիշտը գլոբալ առումով»:

Արմեն Աշոտյանն առաջարկեց առհասարակ փոխզիջում բառը հանել բառապաշարից, որովհետեւ ինչպես նախագահն ասաց՝ բանակցային գործընթացի վերսկսման մեկնարկը դեռ չկա: Հետևաբար` անարդյունավետ է խոսել այն մասին, թե ինչ կլինի բանակցությունների հնարավոր վերսկսման դեպքում: Մեր խնդիրն է արտաքին քաղաքականության օրակարգում թողնել միայն այն հարցը, որ միջազգային հանրությունը հասցեական դատապարտի Ալիեւի արկածախնդրությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. ԱՐՄԱՆ says:

    Զինվորի,մեր զավակների ոգին չի ընկնի եթե Հերմինեն հրաժարական տա:Ընդհակառակը ոգին կբարձրանա,քանի որ զինվորը կզգա,որ ինքը իզուր չի կռվում,,որ իր թիկունքում Հայրենիք կա,պետություն կա,,որի համար կռվում է և որ կարավոր է նաև խելքը գլխին ղեկավար կա,որը գիտի որտեղ,ինչ և ինչպես խոսել:

    • Մերի says:

      Հիմա ժամանակը չէ ավելի սրելու իրավիճակը, մի քիչ սթափ մտածեք էլի ու թշնամիներին մի ուրախացրեք:Չի կարելի տիկին Նաղդալյանի ամբողջ աշխատանքային կենսագրությունն ու վաստակը միանգամից մոռանալ:Այ եթե ավելի զգոն լինենք բոլորս ու համախմբվենք, մեր ուժերը ավելի տեղին ուճիշտ կօգտագործենք, ոչ թե անընդհատ նույն բանը կրկնում եք առանց խորը ըմբռնելու հարցի լրջությունը:

  2. Լիանա says:

    Ճիշտ է, ավելի լավ է յուրաքանչյուրս մտածենք մեր արարքների ու հրապարակումների մասին, իսկ Հերմինե Նաղդալյանի վաստակը մեծ է և պետք չէ քննադատել մարդուն՝ մոռանալով ամեն ինչ:

  3. Կարեն says:

    Չեմ կարծում, որ Հերմինե Նաղդալյանը լինելով հայ կին և հայ մայր նման բան կարող է նկատի ունենալ: Հիմա մենք միայն պետք է մտածենք մեր արտաքին թշնամու մասին և երբեք թույլ չտանք թշնամուն զգալ, որ որևէ խնդիր կա երկրի ներսում: Մենք կանք և միշտ պետք է անհաղթ լինենք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031