«25 տարի Հայաստանում քաղաքական փիլիսոփայությունը ինչի՞, ի՞նչ թեզերի վրա էր հիմնված. աշխարհը մեր դեմ է, մենք մենակ ենք, պաշտպանող չունենք, մենք ճար չունենք, թույլ ենք, պետք է ցանկացած գնով մեր հարեւանների հետ լեզու գտնենք, ցանկացա՛ծ գնով, որովհետեւ իրենք չեն ուզում մեզ հետ լեզու գտնել:
Դա՞ չէր հիմքում: Դրա հիման վրա էլ ստեղծվել է մի քաղաքական կուրս, որը մինչեւ այս վերջերս անընդհատ նույն բանն էր ներմուծում՝ լռել, իրավունքներից հրաժարվել: Իրավունքներից հրաժարվելն ընկալվում էր պաշտպանություն ապահովելու ձեւ. խորքային համոզմունք ունեին մարդիկ, որ պետք է իրավունքը ձեւակերպելուց խուսափել, պետք է իրավունքը զիջել, իրավունքը նշանակություն չունի:
Սա արատավոր մի մտածողություն էր, որը փաստորեն բերել է նրան, որ 1991 թվականից մինչեւ այսօր մարդիկ մտածում են` հերթական անգամ ի՞նչ զիջեն»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ նշելով, որ այդ քաղաքական հոգեբանությունն է այսօր ստեղծել մի իրավիճակ, որ Հայաստանն իր պահանջները դեռեւս չի ձեւակերպել:
Կարդացեք
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
30.04.2016