«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հավանական չի համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը:
Ըստ նրա, նույնիսկ քառօրյա կրակոցների դադարեցման բանավոր պայմանավորվածությանը Ղարաբաղը չմասնակցեց, ուր մնաց հակամարտության կարգավորման բանակցություններին:
Անդրադառնալով ԼՂՀ անկախության ճանաչման հավանականությանը՝ պարոն Պապյանն ասաց, որ անվտանգության տեսանկյունից էլ եթե նայենք այդ հարցին, ապա հիմքեր չկան նման հայտարարությունների համար:
«Նույնիսկ ուրիշ պետությունների կողմից ԼՂՀ ճանաչումը Ադրբեջանի համար հիմք չէ, Ադրբեջանը կասի՝ չեմ ճանաչում ու վերջ: Եթե Ադրբեջանը ճանաչի, գուցե մասամբ զսպվի իրավիճակը: Ավելի ճիշտ ու հեշտ է ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կազմում, քան անկախության ճանաչումը»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Արա Պապյանը:
Կարդացեք նաև
Նրա գնահատմամբ, այսօր իրավիճակը կայուն-անկայուն է. «Այսօր համեմատաբար լավ է, բայց անկայունության փուլը շարունակվելու է, պատերազմական գործողություններ էլի կլինեն, գուցե ավելի մեծ ծավալով: Ադրբեջանը փորձելու է սրանով միջազգային հանրությանը պարտադրել իր մոտեցումները, փորձելու լուծել նաեւ ներքին խնդիրները: Մեզ մնում է լավ պատրաստվել երկրի ներսում՝ լուրջ արմատական բարեփոխումներ անելով, կադրային փոփոխություններ իրականացնել, հավասարակշռելով ՀՀ հարաբերությունները տարբեր երկրների հետ»:
Ըստ նրա, Մադրիդյան սկզբունքներն իր բոլոր դրսեւորումներով սպառվել են. «Փող թղթի դիմաց սկզբունքը, ես դա թուղթ եմ կոչում, որովհետեւ Ադրբեջանի դեպքում չի գործի: Ադրբեջանին պետք է զրկել փողի հիմնական աղբյուրից, ինչը գազի ու նավթի վաճառքից է, մենք իր եկամուտի աղբյուրները պետք է վերացնենք՝ ռմբակոծելով նավթամուղը եւ այլն, պետք չէ խուժան կռվի մեջ ասպետ երեւանք, այդպես չի լինի»:
Պարոն Պապյանը նկատեց, որ համարժեք արձագանք, բողոք Հայաստանի կողմից չի լինում Էրդողանի կարեւոր հայտարարությունների վերաբերյալ, մինչդեռ Թուրքիան Մինսկի խմբի անդամ երկիր է. «Հայաստանի դիվանագիտությունը պետք է համարժեք պատասխանի, որ միջնորդ երկիրն իրավունք չունի կողմնակալ վերաբերմունք ունենա, պետք է պահանջենք Մինսկի խմբից Թուրքիայի դուրս գալը, նույնը կարելի է ասել Բելառուսի մասին:
էրդողանը ոչ միայն կողմնակալ է, այլեւ ԼՂ հակամարտության հրահրիչներից մեկն է, Ալիեւի միջոցով փորձում է լուծել Թուրքիայի խնդիրները:
Մենք լուրջ վտանգի տակ ենք, ապրիլին հարձակվելը պատահական չէր, մարդկանց խոշտանգումները, գլխատելը՝ նույնպես. դրա մեջ հաղորդագրություններ կային: Փորձում էին մեզ հիշեցնել 1915 թվականը, բայց չհասկացան, որ ժողովուրդը փոխվել է, խոշտանգումներից այսօր հայերը ոչ թե վախենում են, այլ վրեժխնդրությամբ են լցվում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ