Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Թուրքիայի մի շարք շրջաններում և հատկապես խոշոր քաղաքներում զանգվածային միջոցառումներ, հանրահավաքներ, երթեր են կազմակերպվել, որոնք ուղեկցվել են ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով ու ձերբակալություններով, գրանցվել է նաև մեկ զոհ։ Այս մասին հաղորդում է Sputnik լրատվական գործակալության թուրքական տարբերակը։
Թուրքիայում մայիսի 1-ը առանձնահատուկ նշանակություն ունի։ Այս օրը երկրում գործունեություն ծավալող մեծամասամբ ձախ ուղղվածություն և սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերը զանգվածային ակցիաներ են կազմակերպում։ Թուրքիայում մայիսի 1-ն էլ ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց 1977թ. մայիսի 1-ից հետո, երբ «Գորշ գայլերը» հարձակվեցին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպված մայիսմեկյան ցույցի վրա, որի հետևանքով զոհվեց 34, վիրավորվեց 100-ից ավելի մարդ։
Չնայած այս տարվա մայիսի 1-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ էին հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, սակայն այս տարվա ակցիաները նույնպես չեն անցել առանց բախումների։ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Դիարբեքիրում, երկրի այլ քաղաքներում տեղի ունեցած մայիսմեկյան միջոցառումների ընթացքում ձերբակալվել է, ընդհանուր առմամբ 207 քաղաքացի, գրանցվել է նաև 1 զոհ։ Ոստիկանությունը կիրառել է մահակներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ ու այլ միջոցներ։
Մահվան դեպքը գրանցվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում, երբ մոտ 50-ամյա տղամարդը փորձել է հատել քաղաքի փողոցներից մեկը։ Այդ ընթացքում ոստիկանական ջրցան մեքենան, չնկատելով քաղաքացուն, տակն է գցել նրան, որի հետևանքով տղամարդը ստացել է առանձնապես ծանր մարմնական վնասվածքներ։ Դրանից հետո, արդեն հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ մայիսմեկյան միջոցառումներին մասնակցել է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը։
https://www.youtube.com/watch?v=dG-mGYq0kNw