Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց թվում է, թե տարածքներ զիջելով՝ կարող են խնդիրները լուծել»

Մայիս 02,2016 15:30

Մանվել Սարգսյանը մեր խնդիրները
տեսնում է մեր քաղաքական փիլիսոփայության մեջ

«Ոչ մի բան չի փոխվել, փոխվել է միջազգային իրավիճակը, որը բերել եւ ցույց է տվել մեր մոտեցման սնանկությունը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, որը 1992-1995 թվականներին եղել է ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանում եւ 1992-1995 թթ.-ին մասնակցել հակամարտության կարգավորման բանակցություններին: «Առավոտին» հետաքրքրում էր՝ ԼՂՀ հիմնախնդրի առաջացման օրվանից բանակցային գործընթացում, ըստ նրա, ի՞նչ փոփոխություններ են եղել, ինչո՞ւ է հաղթանակած կողմը բանակցային գործընթացում անընդհատ խոսում փոխզիջումների մասին, մյուս կողմից էլ՝ պարտվող ու անընդհատ հարձակվող կողմի պահանջները բանակցային գործընթացում կարծես թե ավելին են կարեւորվում:

«Այսօր մարդիկ փորձում են խոսել փոխզիջումների մասին, տարածքների հարցն են բարձրացնում՝ զիջե՞ն, թե՞ չզիջեն: Այսինքն՝ մարդկանց թվում է, թե տարածքներ զիջելով կարող են խնդիրները լուծել: Չես հասկանում՝ ինչո՞ւ համար, որովհետեւ 25 տարվա մեջ Ադրբեջանի համար դա երբեւէ չի եղել պայման՝ խնդիրը լուծելու համար: Նրանք երբեք նման բան չեն ասել: Նրանք ասել են՝ տարածքները մեզ հետ տվեք, նոր հետո ձեզ հետ կխոսենք մնացածի մասին: Բայց մարդիկ կան, որ մինչեւ հիմա մտածում են, որ կարող են ինչ-որ բաներ զիջել:

Զիջելու մեջ տեսնում են հարցի լուծում. համոզված են, որ քաղաքականությունը ինչ-որ առեւտուր է, պետք է առեւտուր անեն, դրա մեջ էլ անպայման մի բան պետք է զիջեն»,- ասում է պարոն Սարգսյանը՝ նշելով, որ երկրի քաղաքականություն ստեղծողներն իրականում բացարձակապես պատկերացում չունեն՝ քաղաքականությունն ինչ է. «Պատկերացում չունեն իրավունքի ուժի վերաբերյալ, որ քաղաքականությունն ընդհանրապես պայքար է իրավունքների համար: Պետք է ձեւակերպես քո իրավունքներն ու պահանջները, որ քեզ հետ հաշվի նստեն,- ասում է պարոն Սարգսյանը եւ բերում Ադրբեջանի օրինակը:- Ադրբեջանը մեկ անգամ արդեն իր իրավունքները ձեւակերպել է, ասել է աշխարհին, որ իրենք առաջարկում են՝ Հայաստանին մեկուսացնել, ճնշման կամ ուժի միջոցով պարտադրել, որ վերադարձնի իրենց տարածքները, չեն կարողա անել դա, իրենք դա կանեն ռազմական ճանապարհով: Ասում են՝ որովհետեւ դուք մեզ այդ իրավունքը տվել եք ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով՝ օրինական զենք կիրառել, այդ իրավունքը 1991 թվականին Ադրբեջանին տվել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, եւ չեն փոխել, մեկ բառ անգամ չեն ավելացրել այդ տեքստի մեջ մինչեւ այսօր»:
Մանվել Սարգսյանը նաեւ մատնանշում է Հայաստանի քաղաքական ղեկավարության անգործությունը եւ ասում՝ ԼՂ հիմնախնդրի հարցում չեն փորձում որեւէ դիրքորոշում արտահայտել. «Ղարաբաղը, որպես քաղաքական խնդիր, որպես երկիր՝ ի՞նչ է Հայաստանի Հանրապետության համար. մեկ հոգի դա չի ձեւակերպել»,- ասում է քաղաքագետը:
Անդրադառնալով նորից փոխզիջումների մասին խոսակցություններին՝ նա ընդգծում է, որ Ադրբեջանը երբեւէ փոխզիջման մասին չի խոսել, նա պահանջում է «իր տարածքները», այդ բառը օգտագործվում է միայն մեր՝ պատերազմում հաղթածի կողմից: «Պետք է հստակեցվի Լեռնային Ղարաբաղը մեզ համար: Գոնե մեկ երկիր, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի անդամ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը, որ աշխարհը մեզ հավատա: Դա էլ չեն կարողանում անել: Ասում են՝ հենց ճանաչենք, կռիվ է լինելու, թե չէ հիմա կռիվ չէ: Ասում են՝ ավելի մեծ կռիվ կլինի: Այս հոգեբանությամբ երբեւէ ոչ մի քաղաքականություն չի կարող ապրել: Եթե այս բարդույթներից մեր քաղաքական խավը չազատվի, երբեք ոչ մի քաղաքականություն չի օգնի մեզ»:

Ըստ քաղաքագետի՝ սեփական իրավունքներին տեր չկանգնելու մեր բարդույթը ամեն տեղ է դրսեւորվում. «Մեր ռազմական դաշնակիցը զենքը վաճառում է, պատերազմ է հրահրում մեր դեմ, մեր հակառակորդը մեր դաշնակցին արգելում է մեզ զենք տալ. նոտա է ուղարկում, եւ նա չի տալիս:

Որեւէ դիվանագիտություն մեզ չի կարող օգնել, քանի դեռ իրավունքներին տեր կանգնելու հավատ չկա մեր ազգի մեջ: Մենք չենք հավատում, որ կարելի է իրավունքներին տեր կանգնել: Ասում ենք՝ մի հովանավոր գտնենք, մեզ պահի: Դիվանագիտությունն ի՞նչ պետք է անի, եթե Ղարաբաղի խորհրդարանը վախենում է հնչեցնել «անկախություն» բառը»:
Քաղաքագետը մտավախություն ունի, որ ինչպես 25 տարի առաջ ու այս տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում երկրի քաղաքական փիլիսոփայությունը չի փոխվելու: «Պատերազմի ժամանակ հազար ու մի բան հայտարարեցին, պատերազմն ավարտվեց, կարծես ոչինչ չի եղել ու չի էլ լինելու: Նույն վիճակն էլ հիմա է, ոչինչ չի փոխվել,- ասում է նա, հետո ավելացնում:- Հիմա ինչ-որ բաներ գուցե փոխվում են: Այս պատերազմը որոշ բաներ կասկածի տակ դրեց: Ինչ-որ խորքային համոզմունքներ փոխվեցին՝ ամեն շերտում, ամեն աստիճանի վրա. թե ինչ փոխեն՝ դեռ չեն հասկացնում»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031