Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ զիջումների մասին է խոսքը, ի՞նչ ենք դնելու բանակցային սեղանին

Մայիս 02,2016 15:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում բանավիճում են ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան– Պարոն Պողոսյան, մի կողմից՝ Սերժ Սարգսյանը 3 նախապայման է առաջ քաշում՝ բանակցությունների վերսկսման համար, մյուս կողմից՝ հնչում են արտահայտություններ, թե «մի թիզ հող էս կողմ, մի թիզ էն կողմ», կամ «գրավյալ տարածքները մեզ պետք չեն», որոնք բուռն, էմոցիոնալ քննարկումներ են առաջացնում: Եթե սառը դատենք, ըստ Ձեզ՝ ի՞նչ զիջումների մենք պետք է գնանք:

Թեւան Պողոսյան– Այսօր պատերազմ է գնում, պատերազմում ոչ մեկը չի պատրաստվում զիջումների գնալ, պատերազմում պետք է հաղթել: Հետո պետք է կնքել զինադադար՝ վերջնական պայմանագիր ռազմական գործողություններ չանելու, որից հետո կարելի է գտնել այն հնարավոր մեխանիզմները, թե ոնց կարող են 2 հարեւան իրար կողքի ապրել: Այսօր՝ լավ, եթե բանակցային սենյակ գնանք մտնենք, ի՞նչ ենք քննարկելու: Մինչեւ կրակում են՝ ինչի՞ մասին եմ բանակցելու: Ես կարող եմ քննարկել զինադադարի ապահովման մեխանիզմների մասին, այլ բան չեմ կարող բանակցել: Ադրբեջանը միշտ էլ սովորություն ուներ եւ ականջ կտրել, եւ ծերերի հետ ամեն ձեւ վարվել: Այս վայրագությունները ապացուցեցին, որ մենք աշխարհին պետք է ապացուցենք՝ դուք կապրեի՞ք նման հարեւանի հետ: Նրանք պետք է գիտակցեն՝ այլեւս խոսել խաղաղ պայմանագրի մասին շատ վաղ է:

Հ. Ջ.- Պարոն Մելիքյան, ի՞նչ ենք պատրաստ զիջել Ղարաբաղի հարցում:

Գագիկ Մելիքյան- Պատրաստ ենք զիջել միայն այն, որ Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչվի, այդ հարցը մտցնել առաջնահերթ օրակարգի մեջ: Թող ինքը զիջի, մենք զիջելու բան չունենք: Ի՞նչ զիջելու մասին է խոսք գնում, Արցախը թեկուզ ինքնահռչակ հանրապետություն է, որի տարածքային ամբողջականությունը իր Սահմանադրությամբ հաստատված է: Եթե ասում ենք՝ տարածքային ամբողջկանության շրջանակներում պետք է հարցը լուծվի, դա միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին չէ, դա նաեւ Արցախի մասին է: Եթե քննարկումների, բանակցությունների ընթացքում եղել են սեղանին դրված նաեւ նման առաջարկություններ՝ ազատագրված տարածքներ պետք է հետ տրվեն, իսկ ի՞նչ երաշխիքով, ինչո՞ւ պետք է հետ տրվեն, իսկ ինչո՞ւ իրենք չեն տալիս:

Հ. Ջ.– Այդ դեպքում Կազանում ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պատրաստ եղել ընդունել դա, Լավրովն էլ ասաց այդ մասին:

Գ. Մ.– Դեռեւս չարտահայտվելը, թե ինչ է նշված մադրիդյան սկզբունքներում, ինչ է նշված Կազանում, ասել, որ հայկական կողմը ամբողջությամբ պատրաստ է դա ընդունելու, չեմ կարծում՝ ճիշտ է: Գնում են բանակցություններ, բայց ընդունելու մասին որեւէ մեկը խոսք չի ասում:

Հ. Ջ.- Այսինքն՝ պատրաստ չի՞ եղել Սերժ Սարգսյանը այդ 5 գրավյալ տարածքները հանձնել:

Գ. Մ.- Պատրաստ ենք ընդունելու Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման փաստը, պատրաստ ենք ընդունելու, որ հրադադարի ռեժիմը պահպանեմ, որ այլ տարածքներ չեմ գրավի: Բանակցային գործընթացը փաթեթային պետք է լինի: Մեկը ընդունել, մյուսները չընդունել՝ այդպիսի փաստ չի կարող արձանագրվել: Մենք կողմնակից ենք եղել միշտ փաթեթայինին, Ադրբեջանը փաթեթայինին միշտ դեմ է եղել: Եթե նույնիսկ տարածքներ վերադարձնելու մասին գրել են փաթեթային տարբերակում, դրան այդքան մեծ ուշադրություն մի դարձրեք: Որեւէ մեկը՝ ժողովուրդը, իշխանությունը, պատրաստ չեն արյունով ազատագրված որեւէ տարածք թղթով վերադարձնել: Պատմությունը նման դեպք չգիտի:

Թ. Պ.- Երբ առաջին նախագահը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բանակցում էր, այն ժամանակ էլ ունեինք փաթեթային, փուլային տարբերակներ, որտե՞ղ են այդ փաստաթղթերը: Շարունակական է եղել, այնպես չի եղել, որ այսօրվա մադրիդյանը զրոյից ստեղծվեց: Բայց բանակցությունների արվեստն այնպիսին է, որ այդ թղթերը եկան, գնացին, կորան: Դա այն արվեստն է, որ մտնում ես այնտեղ՝ ժամանակ շահելու:

Հ. Ջ.– Օգտատերերից մեկը հարցնում է՝ իշխանությունները ի՞նչ են մտածում, երբ Ջեբրայիլում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր քննադատությունն են լսում այն մասին, որ իրենց ընտանիքին աչքաթող են արել: Նա վրդովմունքից որդու ստացած Արիության մեդալն ուզում է հետ տալ: Իր խոսքերով՝ «թուլափայ» են տալիս իրենց՝ մի բնակարան, որը վատ տարածքում է ու առանց վերանորոգման:

Գ. Մ.- Առանց զոհերի պատերազմ չի լինում: Ցանկացած զինվորի կյանքը մեզ համար թանկ է, անգին է, պատրաստ եմ խոնարհվել բոլորի առջեւ: Ես շատ ընկերներ եմ կորցրել, հարազատներ, ինքս մարտական գործողությունների մասնակցել եմ 4 տարի, հասկանում եմ՝ ինչ է նշանակում զինվոր, որդի կորցնելը, շատ ցավոտ եմ տանում, բայց այլ ճանապարհ իրականում չկա: Ասեմ, որ շատ բան կուզենանք անել, քիչ ենք կարողանում, դա՛ է իրականությունը, որը չենք ցանկանա ունենալ:

Հ. Ջ.– Սոցցանցերում ասում են՝ ձեր դիզած հարստությունից տվեք, կուլակաթափ եղեք:

Գ. Մ.- Շատերը փորձում են վերքի վրա աղ լցնել: Սրանք ընդամենը կողքից դրդողներ են, սրանք այդ ընտանիքի ցավը երբեք չեն կիսում: Ցավը կիսում է նա, ով փորձում է մատից փուշ հանել: Ֆեյսբուքյան թափթփուկներին կխնդրեմ՝ մատի փաթաթան մի՛ սարքեք, խնդրում եմ, ցավին աղ մի՛ լցրեք:

Թ. Պ.– Ամեն ինչ պետք է անել օրինական ձեւով, կուլակաթափությունը այլ բառ է, չէի ցանկանա նորից Սովետմիություն վերադառնալ: Եկեք օրենքն սկսի աշխատել: Ով որ գիտի, որ մեկը օրենք է խախտել, թող բռնեն, պատժեն, գողոնները վերադարձնեն: Բայց մի՛ ասեք կուլակաթափություն, եթե մարդիկ ազնիվ են աշխատել, ինչո՞ւ պետք է տան: Համակարգային պետք է լինի:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031