Լրահոս
Օրվա լրահոսը

«Թալիշցիներն անջատել էին հեռախոսները, որ որդուս մահվան լուրը չհայտնեին». ասում է զոհված սպայի հայրը (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 02,2016 11:23

Թալիշի պաշտպանության ժամանակ նահատակված 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ընտանիքը բնակվում է Գյումրու «Մուշ» թաղամասում: Նրա կինը, որի հետ ծանոթացել ու ամուսնացել է Թալիշում մեկ տարի առաջ, Հրաչի զոհվելուց հետո տեղափոխվել է բնակության Գյումրի՝ ամուսնու հայրական տուն: Նա Ստեփանակերտի համալսարանից փաստաթղթերն է վերցրել Գյումրու մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետում ուսումը շարունակելու համար: Շուտով կծնվի Հրաչի առաջնեկը. կինն ասում է, որ անունը Անահիտ են դնելու՝ Հրաչի մոր պատվին, այդպես է որոշել Հրաչը:

Hrach_Galstyan_3

Հրաչի հայրն էլ պատմում է, որ ապրիլի 3-ին անընդհատ խոսել է որդու հետ, որը հանգստացրել է, թե ամեն ինչ լավ է: «Երեկոյան մինչեւ 20.30 զանգում, ինձ տեղյակ էր պահում, որ ամեն ինչ լավ է, հետո ասաց՝ պապ ջան, ես անհասանելի տեղ եմ գնում, հենց հարմար եղավ, կզանգեմ ձեզ, տեղյակ կպահեմ: Ու դա եղավ վերջին զանգը, էլ խաբար չառանք: Ամսի 4-ին, լույս առավոտ 6-ն էր, ելա, զանգ տվեցի աներոջը, անհասանելի էր, զոքանչն էլ էր անհասանելի, դու մի ասա բոլոր տեղեկացված են, գիտեն, որ որդիս չկա, բոլորն անջատել էին հեռախոսները, որ մեզ չհաղորդեին էդ դաժան լուրը…Չորս օր երեխես մնաց չոլերը, չորս օրից հետո հազիվ բերեցին: Հրաչը առաջ է գնացել, երեք հոգու դիրքավորել, հետ է եկել, որ ինքը դիրքավորվի, բլինդաժի մոտ իրեն խփել են», -պատմում է հայրը:

Hrach_Galstyan_2

Հայրն ասում է, որ երկու ամիս էր մնացել տղայի պայմանագրի լրանալուն, սակայն նա այնքան շատ է սիրել Արցախը, որ հորն ասել է՝ միգուցե մի քանի տարի էլ մնամ: «Մի տարի առաջ որդուս նշանդրեքն արեցինք Թալիշում, էս տարվա ընթացքում միշտ զանգում էի խնամուս, ասում էի՝ էկեք Գյումրի նշենք, մի լավ ուրախանանք, դե հարսի հայրն էլ է ծառայող, չէր կարող գալ: Ասում էր՝ կտեսնվենք, ոչինչ, ասում էի՝ շուտով երեխան կծնվի, մենք էդպես էլ իրար չճանաչեցինք: Իրենք ընդհանրապես չէին եղել Գյումրիում, հա այսօր կգանք, հա էգուց ու այնպես եղավ, որ որդուս հուղարկավորությանը սաղ Թալիշն եկավ Գյումրի…»:

Hrach_Galstyan_1

Հայրն ասում է, որ որդին չէր սիրում խոսել իր ծառայությունից. նա միշտ զայրացել է, երբ հարցեր են տվել իրեն, չի պատասխանել անգամ այն հարցին, թե կրակոցներ հնչե՞լ են, թե՞ ոչ. ստիպված Թալիշի եղանակից են հարցրել: «Հանկարծ մի ավելորդ հարց տայիր, ասում էր՝ պապ էլի՞ սկսեցիր, ասում էր՝ հանկարծ չհարցնես պապ՝ հո կրակոց չի՞ եղել», -արտասվելով հիշում է հայրը:

Hrach_Galstyan_5

Հրաչի մայրն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գյումրեցիները՝ ծանոթ-անծանոթ հետաքրքրվում են, թե Հրաչի բալիկը ծնվե՞լ է արդեն, իմանալով, որ դեռ չի ծնվել՝ հորդորում են անպայման տեղյակ պահել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031