Ֆրանսիացի լրագրողներից մեկը ներթափանցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների շարքերը և գաղտնի նկարահանումներ կատարել, թե ինչպես են իսլամական զինյալները ծրագրել Փարիզում ահաբեկչություն կազմակերպել։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը։
Լրագրողը կարողացել է ներթափանցել ահաբեկիչների շարքերը՝ ներկայանալով Սայիդ Ռեմզի անունով։ Ներթափանցելով «Իսլամական պետություն» խմբակցության զինյալների շարքերը՝ լրագրողն ամիսներ շարունակ թաքնված տեսախցիկով նկարահանել է, թե ինչպես են ահաբեկչական այդ խմբավորման անդամները գործողությունների ծրագիր մշակում, որով նախատեսվում էր ահաբեկչություն իրականացնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Իր կատարած նկարահանումները ֆրանսիացին կատարել է իր իսկ հեղինակած «Ալլահի զինվորները» ֆիլմի համար, որն առաջիկա օրերին կցուցադրվի Ֆրանսիայում։ Ֆիլմը պատմում է, թե ինչպիսինն են երիտասարդ զինյալները, որոնք ահաբեկչություններ են իրականացնում աշխարհի տարբեր ծայրերում։
Ֆրանսիական լրատվական գործակալության համար իր արարքը մեկնաբանող լրագրողն ասել է. «Իմ նպատակը հասկանալն էր, թե ինչ է կատարվում նրանց գլխում։ Ամենագլխավոր դասն այն էր, որ իրենց գործողություններում երբեք չհանդիպեցի իսլամին վերաբերվող որևէ բան։ Նրանք ցանկություն չունեն ավելի լավը դարձնել աշխարհը։ Երիտասարդներ, որոնք մոլորված են, խճճված, սուիցիդիալ տրամադրություններով լի, որոնք շատ հեշտ են ընկնում ուրիշի ազդեցության տակ»։
Կարդացեք նաև
Ֆրանսիացի լրագրողը պատմել է նաև, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների հետ առաջին անգամ հաղորդակցվել է սոցիալական ցանցերի միջոցով։