Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսական լոբբինգ

Մայիս 02,2016 12:00

Ապրիլի 1-2-ից սկսած արցախյան հակամարտության հուժկու պոռթկումը քաղաքագետների կողմից արդեն ստացել է «Արցախյան երկրորդ պատերազմ» անվանումը: Պատերազմն իրոք վերսկսված է, եւ ծայր առած փխրուն զինադադարն առանձնապես լուրջ հույսեր չի ներշնչում, որովհետեւ ակնկալվող բանակցություններն էլ լուրջ հույսեր չեն ներշնչում: Նույնիսկ մեջներիս ամենալավատեսները լուրջ հիմքեր չունեն՝ հուսալու, որ սպասվելիք բանակցությունները որեւէ ռեալ արդյունք կտան, որովհետեւ եթե խոսք է գնում ազատագրված որոշ տարածքների վերադարձի եւ Արցախի ակնկալվող կարգավիճակի մասին, էս գլխից կարող ենք պնդել, որ երկուսն էլ հավերժական թեմա են՝ ոչ միայն այն պատճառով, որ մերոնք տրամադրված չեն ազատագրված որեւէ տարածք զիջելու, այլեւ ու հիմնականում այն պատճառով, որ Ալիեւն ու Ադրբեջանի քաղաքական պատասխանատուները երբեւէ որեւէ տեղ եւ որեւէ իրավիճակում չեն արտահայտվել Ղարաբաղի ինքնիշխանության օգտին, եւ եթե իրենց թվում է, թե Ղարաբաղը կհամաձայնվի Ալիեւի բարբաջանքի արդյունք՝ «Ադրբեջանի տարածքում չափազանց մեծ ինքնիշխանություն» տարբերակին, նշանակում է՝ իրենք արցախյան այս քառորդդարյա պատմությունից ու իրականությունից որեւէ դաս չեն քաղել, կամ էլ՝ այս ժամանակավոր հրադադարը նրանց հարկավոր է, որպեսզի նոր ուժեր կենտրոնացնեն եւ նոր գրոհի նախապատրաստվեն: Այս ամենը հասկանալով եւ այս ամենի մասին մտածելով՝ մենք նույնպես պիտի հրադադարի այս փխրուն ժամանակամիջոցից լավագույնս օգտվենք, որպեսզի ազերիների հաջորդ ուխտադրուժ ոտնձգությունը եւս համարժեք պատասխան ու հակահարված ստանա: Համոզված ենք, որ կստանա: Ալիեւն ու ադրբեջանցիներն էլ են երեւի համոզված, դրա համար էլ ուզում են ժամանակ շահել:

Ուղղակի ծիծաղելի է, որ ընդամենը մի քանի օր առաջ ուխտադրուժ կերպով խաղաղության պայմանագիր ու հրադադար խախտողը նոր հրադադարից ու խաղաղ բանակցություններից է բարբաջում: Եվ ոչ ոք սրան չի ասում, որ ընդամենը մի քանի օր առաջ հենց ինքն է պայմանագիր ու հրադադար խախտել: Ավելին՝ մի գլուխ տարածքային ամբողջականությունից են խոսում: Ավելին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից խոսում են ոչ միայն հզորներն ու «դատավորները», այլեւ նրանք, ում ընդհանրապես խոսք չի հասնում: Երբեմն-երբեմն նաեւ Ղարաբաղի կարգավիճակից են խոսում՝ առանց մանրամասնելու, թե Ղարաբաղի կարգավիճակ ասելով՝ ինչ են հասկանում: Իսկ ազգերի ազատ ինքնորոշման մասին ընդհանրապես չեն հիշում:
Շատերն են նշում ու շեշտում, որ Արցախյան առաջին եւ սկսված այս երկրորդ պատերազմներն էապես ու կտրականորեն են տարբերվում իրարից: Նկատի ունեն հատկապես ազերիների զենքի մակարդակն ու զինվածության աստիճանը: Ու նաեւ դա նկատի ունենալով՝ մասնագետներն ու բոլորը զարմանք ու հիացմունք են հայտնում առ այն, որ անսպասելի, ուխտադրուժ ու անակնկալ սկսված այս պատերազմի առաջին ու գերծանր օրերին ԼՂ բանակն ու հիմնականում երիտասարդ հայ զինվորները կարողացան դիմակայել եւ հետ շպրտել հակառակորդին: Այս հարաբերական հրադադարն առաջին հերթին նրանց հերոսական դիմակայության արդյունքն էր, այլապես ադրբեջանցի հրոսակները վայրկյան անգամ չէին դադարեցնելու իրենց սկսած վայրագությունները:

Փաստորեն, քառօրյա ծանր պայքարում Արցախի պաշտպանական բանակն ու հայ զինվորն իրենցից կախված ամեն ինչ արեցին, որպեսզի մեր քաղաքական գործիչներն ու դիվանագետները նույնպես իրենց կամքն արտահայտելու եւ իրենց դրսեւորելու հնարավորություն ստանան:

Իրենց բարձրության վրա գտնվեցին նաեւ մեր ընդդիմադիրները, որոնք իրենց պատրաստակամությունը հայտնեցին՝ աջակցելու իշխանություններին: Մեծ հնչեղություն ստացավ նաեւ մեր առաջին եւ երրորդ նախագահների հանդիպումն ու բարի կամքի դրսեւորումը: Այս ամենը, ինչպես նաեւ սփյուռքյան ու հայաստանյան հազարավոր կամավորների առկայությունը, մեր հակառակորդների երեւակայությունը բորբոքելով՝ նրանց հիմք է տալիս խոսելու հայկական համաշխարհային հզոր լոբբինգի առկայության մասին:

 
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031