Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը դատի է տվել հեռուստաընկերությանը

Մայիս 02,2016 14:30

Հեռուստալրագրող Նունե Սիմոնյանը դիմել էր Շենգավիթ վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ար» հեռուստաընկերության:

Երեկ նախնական դատական անդրանիկ նիստն էր, նախագահողն էր Արա Կուբանյանը:
Նիստերի դահլիճում լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին, եւ Նունեի տարեց ծնողներն ու հարազատները:

Դատարանը ստուգեց կողմերի ներկայությունը. լրագրողի ներկայացուցիչն էր փաստաբան պարոն Պալյանը, իսկ հեռուստաընկերությանը՝ պարոն Խաչատրյանը:

Նունե Սիմոնյանը խնդրել էր աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին տնօրենի հրամանն անվավեր ճանաչել, իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Մինչ ապացույցների բեռը կողմերից յուրաքանչյուրի վրա դրվելը, լրագրողը գործի նյութերին խնդրեց կցել ապացույցներ, մասնավորապես՝ իր պատասխանը դատարան ներկայացրած հեռուստաընկերության պատասխանի դեմ: Կար տեսանյութ, հեռախոսով ձայնագրություն, որի մասին լրագրողն ասաց, թե իրազեկել է գործատուին: Ըստ նրա, այդտեղից պարզ կդառնա, թե ինչու են իրեն ազատել աշխատանքից:

Լրագրողի ներկայացմամբ՝ 2011 թվականի մայիսի 10-ին իր եւ «Ար» հեռուստաընկերության միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Նա լուսաբանել է հնչեղություն ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, իսկ 2011-2016 թվականի փետրվարը, հանրապետության նախագահի բոլոր պետական եւ աշխատանքային այցերը, ելույթները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Գործատուի պատճառաբանություններից մեկն էլ եղել է ոչ պատշաճ լուսաբանումը:

Նա ասաց. «Աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում կարգապահական եւ մասնագիտական գիտելիքների եւ առաջադրվող պահանջների խախտումներ երբեւէ թույլ չի տվել, բանավոր կամ գրավոր դիտողություն եւ նկատողություն չի ստացել», բարձր են գնահատվել նրա մասնագիտական ունակություններն անձամբ ՀՀ նախագահի կողմից:
Նրան, որպես լավագույն աշխատողի, գործատուի կողմից 2015 թվականի փետրվարին տրվել է փոխառություն մոտ 8 միլիոն ՀՀ դրամ` ավտոմեքենա ձեռք բերելու համար:
Սակայն ընկերության տնօրենի «Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին» փետրվարի 18-ի հրամանով լրագրողի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։ Հաջորդ օրը տնօրենի հրամանով հայցվորի նկատմամբ կրկին կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը եւ նույն փետրվարի 19-ին էլ «Աշխատանքային պայմանագրի լուծման մասին» հրամանով լրագրողի հետ փետրվարի 22-ից լուծվել է աշխատանքային պայմանագիրը:

Ըստ լրագրողի, իրեն փետրվարի 18-ին, առանց որեւէ հիմքի, թույլ չեն տվել մտնել հեռուստաընկերության վարչական շենք, այն դեպքում, երբ դեռ չկար ոչ կարգապահական տույժ, ոչ էլ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը: Այն, կրկին հիշեցնեմ, փետրվարի 19-ին է եղել:

Լրագրողն ասաց, որ եթե ինքը վատ աշխատող է եղել, ապա ինչո՞ւ իր 70 հազար դրամ աշխատավարձը բարձրացվել է եւ դարձել 443 512 ՀՀ դրամ, ինչո՞ւ 8 տարի անընդմեջ լուսաբանել է նախագահի այցերը:

Ընկերության փաստաբանը՝ պարոն Խաչատրյանն ասաց, թե ինքը հպարտությամբ կարող է նշել, որ ընկերությունը կարողացել է բարձրացնել լրագրողի աշխատավարձը եւ իրեն անհասկանալի է, թե ինչո՞ւ է լրագրողը դրանում վատ բան տեսնում:

Ըստ նրա՝ «գործը չիմացողների համար լրագրողը սրտաճմլիկ հայտարարություններ արեց», իսկ նշյալ մեքենան, որը պատճառներից մեկն էր ազատվելու համար, որեւէ կապ չունի այս հայցի հետ: Ըստ գործատուի ներկայացուցչի, «Գրանդ Մոտորսը» նույնպես պատկանում է «Գրանդ Հոլդինգին»՝ Վարդանյանների ընտանիքին:

Ընկերությունն անտոկոս փոխառություն է տվել լրագրողներին, այն հետագայում վերադարձնելու նպատակով: Կա պայմանագիր: Պարոն Խաչատրյանն ասաց, թե Նունեն, երբ իր «Հունդայ» մեքենան տարել է «Մոտորս», նրանք ակտ են կազմել, իսկ գումարը, որը պետք է վերադարձվեր, չի վերադարձվել, այդ իսկ պատճառով մեքենան չի վերադարձվել:
Ինչ վերաբերում էր աշխատանքային պայմանագրի 229 հոդվածին, կագապահական տույժի ենթարկվելուն, լրագրողը չի ներկայացրել բացատրությունը, ինչը նրա իրավունքն է:
Դատարանը ժամկետ տվեց պատասխանողին՝ լրագրողի ներկայացրածին ծանոթանալու համար: Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց մայիսի 24-ին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031