Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քահանայի ոգեւորող խոսքով քաջալերված՝ հայ մարտիկները հաղթեցին թշնամուն

Մայիս 02,2016 13:30

Թուրքերը մեծաթիվ զորքով մոտեցել էին Գանձասարին։ Ընդամենը 6-7 հարյուր մետր էր մնացել, որ թշնամին հասներ վանքին: Վանքում տեր Հովհաննեսն էր, նրա աները` Բենիկը եւ մի քանի հոգի։ Մեր մի խումբ տղերքը, որ թուրքերի դեմ դիրքավորված կռվում էին, ռացիայով տեղեկացնում են մեր քահանային, որ եթե օգնություն չլինի` չե՛ն կարող դիմանալ։ Տեր Հիսուսին հուսալուց այլ բան չէր մնում եւ տեր Հովհաննեսն աղոթեց. «Տե՛ր, դու օգնիր քո հավատավոր որդիներին»: Եվ նույն պահին էլ Աստված հուշեց տեր Հովհաննեսին իր անելիքը, եւ քահանան ռացիայով, ոգեւորված, ուրախ ձայնով հաղորդեց. «Չնահանջե՛ք, տղե՛րք, 40 հոգի արդեն Հայաստանից եկել են օգնության, շուտով ձեզ մոտ կլինենք»։ Եվ քահանան իր մի քանի ընկերակիցներով երբ հասնում է մեր դիրքերին, մերոնք օգնության սպասելիքից քաջալերված, արդեն թշնամու առաջխաղացումը կասեցրել էին։ Հրաշքը կայացել էր։ Հույսը, ահա թե ինչն էր կարեւոր պահպանել մարդու մեջ եւ մնացածն Աստված հազարապատիկ զորությամբ եւ հաջողությամբ կպսակի։ Երբ հավատդ տկարացել է, պիտի Հուսաս Աստծուն։ Մեր տիրոջ՝ քահանայի քաջալերանքով Աստծո աներեւույթ եւ հաղթ զորությունները, ինչպես տեսնում ենք, իջան մեր տղերքի մեջ եւ նրանք հակառակորդի հարձակումը կասեցրին։

arcax9

Եվ քաջ քահանան գնդացիրը, ինչպես թեթեւ մի զենք, կրծքին սեղմած, կրակահերթերով առաջ է տանում մեր տղերքին։ Թշնամուն այլեւս այլ բան չի մնում, քան խուճապահար փախուստի դիմել։

Ճակատամարտը շահելուց հետո նայեցին, տեսան` մերոնցից ոչ մեկը չէր խփվել եւ անգամ վիրավոր չունեին։

Ահա այդպիսին է մեր Տեր Աստծո կատարյալ օգնությունը։
– Տեր հայր,- ճակատամարտը շահելուց հետո հարցնում է մեր տղերքից մեկը, իսկ ո՞ւր է Հայաստանից եկած քառասուն մարդկանց օգնությունը։
– Օգնությունն արդեն եղավ, որդիս,- պատասխանում է տեր Հովհաննեսը։ Երկնային օգնություն եղավ… ու հայացքը Գանձասարին ուղղելով՝ ասաց.
-Շնորհակալ եմ, Տե՛ր։

Այս վկայությունը Մաքսիմ Ոսկանյանը իր «Արցախյան վկայություններ» գրքում գրել է կապիտան Գնել Շահնազարյանի գրառումներից:

arcax7
Կապիտան Գնել Շահնազարյանի այս հրաշալի վկայությունից Մաքսիմ Ոսկանյանը հիշատակել է նաեւ Աստծո բազմաթիվ նման զորակցություններից մի քանիսը։ «Կամսարական իշխանները մոտ մի տասնյակ հեծյալներով շրջափակվեցին պարսկական 20 000-անոց զորքի կողմից: Եվ ինչպես տեր Հովհաննեսին, նրանց էլ այս միտքը հուշվեց` ինքնե՛րդ հարձակվեք եւ առանց մի քերծվածքի, ճեղքելու եք դրանց բանակն ու անվնաս դուրս եք գալու։ Այդպես էլ եղավ։ Ապշահար պարսիկները, իրենք պատվիրակ ուղարկելով, խնդրանքով դիմեցին Կամսարական իշխանին, որ նա իրենց զորքերի սպարապետը դառնա եւ դարձավ»,-հիշատակում է հեղինակը` ավելացնելով նաեւ, որ Հին Կտակարանում եւս Աստծո զորակցության այդպիսի մի դրվագ կա Հուդա զորավարի մասին։ Իրենցից մեծ թվով զորավոր եւ ահեղ թշնամու դեմ Աստծո իմաստությամբ նախահարձակ են լինում եւ փառավորապես հաղթում, ապա մոտենում են թշնամու քաղաքին, որ չի հանձնվում, այս քաղաքն էլ գրավելով` ստուգում են իրենց շարքերը, տեսնում, որ բոլորն էլ, ինչպես պատերազմի ելնելուց առաջ, կենդանի են ու առույգ։ Եվ ո՛չ մի զոհ չեն տվել։
Մենք փոքր ժողովուրդ ենք, եւ մեզ միայն հաղթանակներ են հարկավոր։ Ուստի, մեր բոլոր ճակատամարտերն ու անգամ խաղաղ գործերը Աստծով պիտի վարենք` դրանք մշտապես պսակելով սքանչելի հաղթանակներով։

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031